Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

ՍԴ անսպասելի որոշումը

ՍԴ անսպասելի որոշումը
Սահմանադրական դատարանը ապրիլի 16-ին քննության առավ ԱԺ մոտ 3 տասնյակ պատգամավորների դիմումը, որով վիճարկվում էր ԱԺ կանոնակարգ օրենքի 44-րդ հոդվածի 4-րդ կետի սահմանադրականությունը: Ըստ ՍԴ դիմած պատգամավորների՝ կանոնակարգի հիշյալ հոդվածը հակասում է Սահմանադրության 70-րդ և 71-րդ հոդվածներին: Դիմումը Սահմանադրական դատարանում ներկայացնում էր ՀԱԿ խմբակցության անդամ Գագիկ Ջհանգիրյանը, որպես պատասխանող կողմ հանդես էր գալիս   ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը:  

Համաձայն ԱԺ կանոնակարգ օրենքի 44-րդ հոդվածի 4-րդ կետի՝ Ազգային Ժողովի  նիստն իրավազոր է, եթե սահմանված կարգով գրանցվել է պատգամավորների ընդհանուր թվի կեսից ավելին: Իսկ Սահմանադրության 70-րդ հոդվածը ամրագրում է.  «ԱԺ արտահերթ նիստ կամ նստաշրջան  գումարում է ԱԺ նախագահը՝ հանրապետության  նախագահի, պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 1/3-ի կամ կառավարության նախաձեռնությամբ»:  Խորհրդարանական փոքարամասնությունը կարծում է, որ Սահմանադրության և ԱԺ կանոնակարգի վերահիշյալ երկու հոդվածները հակասում են միմյանց:

2012-ի նոյեմբերի 21-ին ԱԺ պատգամավորների 1/3-ը  փորձեց արտահերթ նիստ հրավիրել, բայց չկարողացավ.   պահանջվող 66-ի փոխարեն գրանցվեց 46 պատգամավոր: Փոքրամասնության նախաձեռնած նիստն այս դեպքում բոյկոտեց խորհրդարանական մեծամասնսւթյունը: Սահմանադրական դատարանում պատգամավորների հայցը ներկայացնող Գագիկ Ջհանգիրյանի հիմնավորմամբ՝ Սահմանադրությունը պատգամավորների 1/3-ին արտահերթ նիստ հրավիրելու հնարավորություն է տալիս, իսկ ԱԺ կանոկակարգ օրենքի համապատասխան հոդվածը խոչընդոտում է այդ հնարավորության իրացմանը: Հետևաբար ՝ այս դեպքում քվորում պետք է համարվի հենց նախաձեռնողների քանակը: «Մեր կարծիքով ՝ պատգամավորների փոքրամասնության՝ այդ 44 պատգամավորի նախաձեռնությամբ նիստ հրավիրելն արդեն իսկ քվորում է սահմանում: Մենք ենթադրում ենք, որ քննարկումն այդ օրակարգով և այդ ժամկետներում առնվազն պետք է կայանար, եթե 1/3-ը ներկա էր ու գրանցվել էր», -ՍԴ-ում ասաց ՀԱԿ ներկայացուցիչը:

Այս հիմնավորմանը  համաձայան չէր պատասխանող կողմը:  ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանի կարծիքով՝   արտահերթ նիստ հրավիրելու   դեպքում պատգամավորների 1/3-ի ներկայությունն ինքնին քվորում համարելն անտրամաբանական մոտեցում է: Եթե առաջնորդվենք դրանով, ապա խորհրդարանը պարզապես քննարկումների վայր կդարձնենք՝ ասաց Հարությունյանն ու իր մոտեցումն այսպես հիմնավորեց. «ԱԺ-ն ունի լիազորություն ընդունելու օրենքներ, որոշումներ, հայտարարություններ և հղելու ուղերձներ, և յուրաքանչյուրի համար անհրաժեշտ է նվազագույն քանակով մասնակցություն: Նման մասնակցության, այն է՝ քվորումի բացակայության դեպքում նիստն սկսելն անիմաստ է, եթե այն չի հանգեցնելու այդ 4 լիազորություններից մեկի իրացմանը»:

ՍԴ-ն որոշեց, որ վիճարկվող հոդվածը Սահմանադրությունը չի հակասում:  Փոխարենն արձանագրեց, որ Սահամանդության հետ հակասություն ունի ԱԺ կանոնակարգ օրենքի մեկ այլ հոդված, որը դիմողների կողմից չէր վիճարկվում: ԱԺ կանոնակարգի 99-րդ հորդվածը, ըստ ՍԴ որոշման, համակարգային կապ ունի վիճարկվող խնդրի հետ: Խոսքն այն հոդվածի մասին է, որը սահմանում է նստաշրջանի ընթացքում քվեարկություններից անհարգելի բացակայելու դեպքում պատգամավորի լիազորությունների դադարման կարգը: «ԱԺ կանոնակարգի 99-րդ հոդվածի 4-8-րդ կետերի դրույթներն այն մասով, որով առկա ընթացակարգերը պատգամավորի «լիազորությունների դադարում» ինստիտուտը գործնականում փոխակերպել են «լիազորությունների դադարեցում» ինստիտուտի, ճանաչել ՀՀ սահմանադրության 67-րդ հոդվածին հակասող և անվավեր», - նշված է ՍԴ որոշման մեջ:

Սահմանդրության 67-րդ հոդվածը, պատգամավորի լիազորությունների  դադարման  մի շարք հիմքեր թվարկելով, որպես այդպիսին սահմանում է  նաև մեկ հերթական նստաշրջանի ընթացքում քվեարկությունների ավելի քան կեսից անհարգելի բացակայելը: Սա, ըստ Սահմանադրական դատարանի, իմպերատիվ պահանջ է և նշանակում է, որ  հիմքերի առկայության դեպքում լիազորություններն ավտոմատ դադարում են և ոչ թե  քննարկվում,  քվեարկվում, ապա նոր միայն դադարեցվում, ինչպես նախատեսում է ԱԺ կանոնակարգը: Ըստ Սահմնադարական դատարանի ՝ ԱԺ  կանոնակարգն այս մասով Սահմնադրությանը համապատասխանեցվելու կարիք ունի:

Դավիթ Հարությունյանի համար որոշման այս  հատվածն անսպասելի էր. «Որոշման մեջ կային կետեր, որոնք ես չէի սպասում: Այնուամենայնիվ, ունենք որոշում, և այդ  որոշումն անմիջապես մտնում է ուժի մեջ: Կարծում եմ՝ այն նախագծով, որը վերջերս ընդունվել է առաջին ընթերցմամբ և բացակայությունների խնդրին է առնչվում, կկարողանանք լուծել  այն հարցը, որը մտահոգում է ՍԴ-ին»: Ավելին մեկնաբանել Դավիթ Հարությունյանը չցանկացավ, իսկ դիմող կողմի ներկայացուցիչ Գագիկ Ջհանգիրյանի մեկնաբանությունը որոշման վերաբերյալ լսել ընդհանրապես չհաջողվեց, քանի որ նա որոշման հրապարակմանը ներկա չէր։ Ի դեպ՝  դիմումի քննությանն ու  որոշման հրապարկմանը ներկա չէր և որևէ մեկը մոտ երեք տասնյակ պատգամավորներից, ովքեր ստորագրել են դիմումի տակ: Հիշեցնենք, ՍԴ դիմելու հայցը պաշտպանել էին ՀԱԿ, «Ժառանգություն» խմբակցությունները և ԲՀԿ խմբակցության պատգամավորների մի մասը։
Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները