Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Ինչո՞ւ վստահել ոստիկանին. լսումներ խորհրդարանում

Ինչո՞ւ վստահել ոստիկանին. լսումներ խորհրդարանում
«Հայհոյանքներով ուղեկցվող հարվածներ են տեղացել երեսին, երիկամներին, ձեռնաշղթա են անցկացրել ձեռքերին ու ոտքերին, կոշիկները հանել են և մահակներով սկսել են խփել: Բացի այդ, կոշիկներով խփել են գլխին, հարվածել ոտքերի տակ: Զգուշացրել են՝ եթե չխոստովանես, եղբայրներիդ վրա գործ կսարքենք, ավելի վատ կլինի»: Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանի այս մեջբերումները հատված են դատապարտյալներից մեկի պատմությունից, որն իրավապաշտպանը ներկայացրեց ապրիլի 17-ին Ազգային ժողովում տեղի ունեցած «Ոստիկանության հանդեպ ավելի բարձր հանրային վստահություն» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ: Իրավապաշտպանի համար տարօրինակ էր՝ ի՞նչ վստահության մասին կարելի է խոսել, երբ ոստիկանության համակարգում խոշտանգումները չեն վերանում:

Մինչդեռ լսումներին ներկա ոստիկանության համակարգի բարձրաստիճան պաշտոնյաները կոչ էին  անում վստահել ոստիկանությանը: Մասնավորապես, փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանը լսումների ժամանակ  ասաց, որ ոլորտում բարեփոխումներ են կատարվում, որոնց արդյունքները նկատելի են և վստահեցրեց, որ պետությունը վճռական ու հաստատակամ է՝ շարունակելու և ավարտին հասցնելու դրանք: Փոխոստիկանապետի խոսքով, անձնակազմի համար «Ոստիկանության մասին» օրենքում կատարված փոփոխություններից բխող ուղեցույցներ են  հրատարակվել: Ինչ վերաբերում է համակարգում կառուցվածքային բարեփոխումներին, ապա Օսիկյանի խոսքով, ներդրվել է քաղաքացիական ծառայության համակարգ, Երևանում համայնքային ոստիկանության 11 հենակետեր են ստեղծվել, Երևանում և Գյումրիում հասարակական կարգի ապահովմանն ուղղված նոր գումարտակ է հիմնադրվել, ինչպես նաև ձևավորվել է օպերատիվ կառավարման կենտրոնը:

Միևնույնն է, դրանից ոստիկանության համակարգը վստահելի չի դառնում. կարծում է  «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպության նախագահ Արման Դանիելյանը: Լսումների ժամանակ նա հիշեցրեց դեկտեմբերին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի արած հայտարարությունը, թե ոստիկանության բաժիններում ծեծ պիտի չլինի, իսկ խոշտանգող կամ ծեծող ոստիկանները մսագործ են: Նաև  վիճակագրական տվյալներ ներկայացրեց.  2012-ին ոստիկանների կողմից խոշտանգումների մոտ 50 բողոք է եղել, քրեական գործ հարուցվել է ընդամենը 2-ի դեպքում, որոնք մեկ տարվա ընթացքում կարճվել են: «Ճիշտն ասած, սա վստահություն ինձ մոտ չի առաջացնում», - եզրակացրեց Արման Դանիելյանը, առաջարկելով՝ ռեալ քայլեր ձեռնարկել հանցագործ և խոշտանգող ոստիկաններին պատժելու ուղղությամբ:

Գյումրիի «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանի մոտ հարցեր են առաջացել, որոնց հստակ ու դրական պատասխանները կբարձրացնեին հասարակության վստահությունը ոստիկանության նկատմամբ. «Ապրիլի 9-ին  տված հարցազրույցի ժամանակ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը լրագրողին անվանել է փոքրիկ դմբո, ուզում էի իմանալ՝ ի՞նչ իրավունքով է դա արել: Նույն օրը ոստիկաններից մեկը ծեծել է քաղաքացիներից մեկին և սեռական բնույթի հայհոյանքներ տեղացել, ծառայողական քննություն սկսվե՞լ է, թե՞ ոչ »: Արթուր Օսիկյանը, սակայն հստակ պատասխաններ չտվեց. «Չեմ կարող բացահայտ հայտարարել, թե որքան ոստիկան է աշխատում: Կան ոստիկաններ, որոնք ոչ ոստիկանական համազգեստ են կրում և նրանց թիվը շուրջ 500 է: Ինչ վերաբերում է ոստիկանապետի ասածին, տեղյակ չեմ ինչի մասին է խոսքը, ցանկացած հարցադրում ամեն դեպքում պետք է չընդունել որպես վիրավորանք: Ուժի կիրառման մասին, եթե ինչ-որ օրինակ ունեք, ցանկացած դեպքում քննություն կատարվում է, քննության արդյունքները կհրապարակվեն և վերջնական գնահատականը կտրվի համապատասխան անձանց կողմից»: Իսկ թե երբ կլինի անցման ժամկետը և երբ կգա ոստիկանին վստահելու ժամանակը հարցին, Օսիկյանը դժվարացավ ժամկետներ մատնանշել:

ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի կարծիքով՝ ոստիկանության նկատմամբ վստահությունը բարձրացնելու համար անհրաժեշտ է օրենքի գերակայություն, կոռուպցիայի, անպատժելիության բացառում, օրինապաշտության, թափանցիկության և քաղաքացու նկատամամբ ոստիկանի հարգալից վերաբերմունքի խրախուսում: Այս պայմանները, սակայն, ըստ պատգամավորի, չկան, որովհետև նույն հասարակության աչքի առաջ են 2008-ի մարտիմեկյան դեպքերը. «Ոստիկանության գործողությունները և դրա հասարակական ընկալումը շատ բան է ասում պետության մասին: Ոչ արդյունավետ ոստիկանությունը նվազեցնում է պետության հեղինակությունը, ստեղծում է վախի և անպաշտպանության մթնոլորտ: Կոռուպցիան, ոստիկանության կամայականությունները, բռնությունները, ոչ պատշաճ վերաբերմունքը, խտրական մոտեցումը քաղաքացիների նկատմամբ: Այդ ամենը մարդիկ շատ լավ հասկանում են և պատասխանում են իրենց անվստահությամբ», հայտարարեց Քոքոբելյանը:

Լսումները կազմակերպել էր ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովը, որի նախագահ Կորյուն Նահապետյանը տեղեկացրեց, որ դրանց նպատակը քաղաքացի-ոստիկան քաղաքակիրթ հարաբերությունների և ոստիկանության հանդեպ ավելի բարձր հանրային վստահության ձևավորման համար մեխանիզմներ հստակեցնելն ու մշակելն է: Բնակչության անդորրն ու անվտանգությունը, ինչպես նաև հասարակական կարգը պահպանող այս մարմնի նկատմամբ հասարակական վերաբերմունքը, ըստ Հանրապետական պատգամավորի, որոշ առումով պայմանավորում է նաև հասարակություն-պետություն փոխհարաբերությունը: Նա, ինչպես ոստիկանության մյուս բարձրաստիճան ներկայացուցիչները, ասաց, որ նկատել է վերջին տարիներին իրականացված լայնածավալ բարեփոխումները, որոնք  «տեսանելի» արդյունք են տվել: Բայց հանձնաժողովի նախագահի խոսքով` հասարակության վստահությունը շահելու համար անելիքներ դեռ շատ կան: Նա նույնպես այն կարծիքին է, որ պետք է ձերբազատվել օրենք խախտող ոստիկանության ծառայողներից: Կորյուն Նահապետյանը վստահեցրեց, որ հնչած առաջարկները հաշվի կառնվեն օրենսդրական բարեփոխումներ կատարելու և ոստիկանության հանդեպ հասարակական վստահության բարձրացմանն ուղղված կոնկրետ մեխանիզմներ մշակելու ժամանակ:
Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները