ՍԴ հերթական «վստահության հանրաքվեն»

Ապրիլի 16- ը բացառիկ օր էր ինչպես Սահմանադրական դատարանի, այնպես էլ Ազգային ժողովի համար։ «Բացառիկ» բառն օգտագործելով՝ նկատի չունեմ դրա լրագրողական նշանակությունը, երբ մեկը բացառիկ հարցազրույցներ է տալիս բոլոր լրատվամիջոցերին՝ հայտելով ոչ բացառիկ մտքեր, այլ իրական բառարանային իմաստով։
Եվ ահա՝ չորրորդ անգամ ԱԺ 34 պատգամավորների դիմումի հիման վրա ՍԴ- ն պարզում էր ԱԺ կանոնակարգի 44- րդ հոդվածի 4- րդ կետի սահմանադրականությունը (մանրամասները տես այստեղ)։ ՍԴ- ն նշեց, որ այն համապատասխանում է Սահմանադրությանը՝ միաժամանակ ընդգծելով, որ այս դիմումի համար հիմք հանդիսացած 2012- ի նոյեմբերի 21- ի չկայացած արտահերթ նիստից բացակայած խորհրդարանական մեծամասնությունը խախտել է օրենքը եւ ՀՀԿ ու ՕԵԿ պատգամավորների բացակայությունն անհարգելի է՝ դրանից բխող իրավական հետեւանքներով։
Եվ այստեղից սկսվում է ամենահետաքրքիրը։ Օրենքով սահմանված կարգով ՍԴ- ն սկսեց պարզել «վիճարկվող դրույթի հետ համակարգային առումով փոխկապակցված տվյալ ակտի այլ դրույթների uահմանադրականությունը», ու հասավ պատգամավորների անհարգելի բացակայությունների խնդրին։ Սահմանադրության համաձայն՝ «մեկ հերթական նստաշրջանի ընթացքում քվեարկությունների ավելի քան կեսից անհարգելի բացակայելու» դեպքում պատգամավորի լիազորությունները դադարում են։ Իսկ ԱԺ կանոնակարգը սահմանում է այդ լիազորությունների դադարման կարգը։
Հայկական պառլամենտարիզմի պատմության մեջ միայն մեկ դեպք է հայտնի, երբ պատգամավորի լիազորությունները դադարեցվել են այս փաստով՝ ԱԺ որոշմամբ, 2001 թ. հոկտեմբերի 9- ին Վանո Սիրադեղյանի լիազորությունները, ինչի քաղաքական դրդապատճառն ավելի քան ակնհայտ էր։
ՍԴ- ն որոշեց, որ ԱԺ կանոնակարգի 99 հոդվածը սահմանում է պատգամավորի լիազորությունների դադարեցման կարգ, այնինչ, ըստ Սահմանադրության, լիազորությունները պետք է ոչ թե դադարեցվեն, այլ՝ դադարեն։ «Պատգամավորի բացակայությունը կարող է հարգելի համարվել միայն օրենքով նախատեսված կոնկրետ հիմքերի առկայության դեպքում եւ կարգով, եւ այն չի կարող հայեցողական գնահատման արդյունք լինել»,- նշված է ՍԴ որոշման մեջ։ Ըստ այդմ՝ այլեւս ԱԺ նախագահը (կամ Էթիկայի հանձնաժողովը, ինչպես փորձում են այժմ սահմանել) իր հայեցողությամբ չի կարող որոշել՝ պատգամավորը հարգելի՞, թե՞ անհարգելի է բացակայել։ Խորհրդարանն էլ չի կարող անհարգելի բացակայած պատգամավորի հարցով քննարկում կամ քվեարկություն կազմակերպել, այլ պետք է «փաստն ընդունելով ի գիտություն՝ կազմվի արձանագրություն պատգամավորի լիազորությունները՝ իրավունքի ուժով /ex jure/ դադարելու վերաբերյալ»։
ՍԴ ապրիլի 16- ի որոշումը կարող է կոնցեպտուալ նշանակություն ունենալ խորհրդարանի համար, որովհետեւ եթե խորհրդարանում հնարավոր չէ կարգուկանոն հաստատել, ապա ինչպես այն կարելի է հաստատել երկրում։ Սակայն պետք է նաև նկատի ունենալ, որ դժվար թե քաղաքական մեծամասնությունը փորձի կյանքի կոչել ՍԴ որոշումը։ Այժմ էլ խորհրդարանում արված է ամեն ինչ, որպեսզի պատգամավորները հանգիստ կարողանան գործի չգնալ։ Նրանք այսօր միայն քառօրյաների առավոտյան կարող են գալ ԱԺ, մասնակցել քվեարկությանը ու հետո գնալ իրենց գործերով, այն է՝ զբաղվել ձեռնարկատիրական կամ անձնական գործունեությամբ։ Հնարավո՞ր է ՍԴ որոշումը փոխի ընդունված ավանդույթը։ Կարո՞ղ ենք վստահ լինել, որ սա էլ չի արժանանա սոցքարտերի պարտադրանքը հակասահմանադրական ճանաչող որոշման ճակատագրին, կամ Գագիկ Հարությունյանը չկայացած «վստահության հանրաքվեի» որոշման նման չի հայտարարի, թե ապրիլի 16- ի որոշումը ճիշտ չենք հասկացել։
Արմեն Վարդանյան