Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Ես այստեղ եմ, որ ծառայեմ մշակույթին

Ես այստեղ եմ, որ ծառայեմ մշակույթին
Երգչուհի  Շուշան Պետրոսյանը ԱԺ պատգամավոր է դարձել 2012-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով՝ ընտրվելով Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակով: ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է: Ըստ parliamentmonitoring.am-ի տվյալների՝ խորհրդարանական  մեկամյա գործունեության ընթացքում հարցերի  ու ելույթների ակտիվությամբ աչքի չի ընկել, օրենսդրական որևէ նախաձեռնությամբ հանդես չի եկել:

-Հետադարձ հայացք նետելով նախորդ մեկ տարվան՝ ինչպե՞ս եք գնահատում Ձեր գործունեությունը խորհրդարանում:
-Առհասարակ կարծում եմ, որ ցանկացած մարդ, երբ ընդամենը  մեկ տարի է այս ոլորտում և ամպագոռգոռ ծրագրերից է խոսում, արժանահավատ  չէ, որովհետև ամեն դեպքում նոր միջավայր է, աշխատանքի նոր սկզբունքներ են, նոր մոտեցումներ, ասպարեզներ են բացվում, որոնց մեջ կարող ես հայտնվել շատ ավելի հեշտ, քան առաջ, երբ պատգամավոր չէիր: Այդ ասպարեզներում հայտնվելը պետք է աշխատեցնել հօգուտ այն գաղափարների, որոնք փորձում ես իրագործել, և ես այդպես էլ անում եմ:  Ինձ համար մարդկայնորեն ծանր էր, որովհետև ես օգոստոսի 19-ին կորցրի հայրիկիս և սեպտեմբերին եկա  աշխատանքի: Այնուհանդերձ, Ազգային ժողովում բազմիցս հարցեր եմ բարձրացրել, և դրանք ինքնանպատակ չեն եղել:

-Երգարվեստից  խորհրդարան. ԱԺ մտնելը հիասթափություն չառաջացրե՞ց  Ձեր  մոտ:
-Չէ, ինչպե՞ս կարող էի հիասթափվել: Ի վերջո՝ ես իմ կամքով եմ եկել այստեղ, որովհետև գտնում եմ, որ կրթություն, գիտություն, մշակույթի, սպորտի և երիտասարդության հանձնաժողովում անպայման մշակույթից պետք է մարդ լինի: Ուրախ եմ, որ հասկացողը հասկանում է դա: Եվ տխրում եմ, երբ այս ոլորտներից բոլորովին անտեղյակը  իրեն իրավունք  է վերապահում մեծ-մեծ, ամպագոռգոռ կարծիքներ հայտնել, վիրավորել:

-Ի՞նչ եք պատրաստվում անել Ձեր նշած ոլորտները բարեփոխելու համար:
-Վարչական ոլորտում կան շատ լուրջ բացթողումներ, կարևորագույն պրոբլեմներ, որոնք պետք է լուծել հենց պետական մակարդակում: Դրանցից մի քանիսը ես բարձրաձայնեցի Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցի քննարկման ժամանակ: Օրինակ, երգարվեստում երգիչն իր ոճն ընկալելի դարձնելու համար մի շարք խնդիրների առաջ է կանգնում, և նրա իրավունքները խախտվում են: Ճիշտ է՝ օրենքով կարգավորվեց, որ երգիչները այսուհետև կենդանի կատարում մատուցեն հանդիսատեսին, բայց դա անելու համար նրանք խնդիրների են հանդիպում` օգտագործելով հնամաշ տեխնիկա: Շատ խնդիրներ կան նաև կերպարվեստի բնագավառում:

-Ի՞նչն է խանգարում կառավարությանը լուծել այդ խնդիրները:
-Հավանաբար, մինչ այս մշակույթի գործիչները խորհրդարանում հարցը կամ թերի են բարձրացրել, կամ չեն բարձրացրել: Չգիտեմ, չեմ ուզում խոսել այդ մասին: Չեմ ուզում քննադատել այն, ինչ եղել է: Մարդիկ, վստահ եմ, աշխատել են իրենց հնարավորությունների չափով: Հիմա ես այստեղ եմ և ուզում եմ ծառայել մշակույթին:

-Նոր կառավարությունը ղեկավարելու է հին վարչապետը: Նոր սպասումենր ունե՞ք:
-Ես վստահ եմ, որ վարչապետն այս նոր շրջանում անելու է այն, ինչ իրեն կարող էր երազանք թվալ նախորդ տարիների ընթացքում, որովհետև ինքն արդեն գիտի նյութը: Իր մասնագիտական իմացությունը ես երբևէ կասկածի տակ չեմ դրել ու չեմ կարող: Ինքը փայլուն ֆինանսիստ է, բացառիկ կիրթ և ինտելիգենտ մարդ է, իր հետ կարող ես խոսել ամեն ինչից: Ես կարծում եմ՝ անցած տարիները, որ փորձության տարիներ էին, պետք է ի նպաստ երկրի աշխատեն, եթե չխանգարեն կողքից:  Եթե չեք կարող օգնել, գոնե մի խանգարեք:

-Ի դեպ, տիկին Պետրոսյան, մամուլը Ձեզ պարբերաբար «կնքում» է մշակույթի նախարարի պաշտոնում: Հնարավո՞ր է նոր կառավարության կազմում, այնուամենայնիվ, լինեք, առաջարկ եղե՞լ է:
-Ոչ իհարկե, նման առաջարկ չի եղել: Նման բան չկա, դա հենց մամուլի տարբերակն է եղել (ժպտում է): Եթե առաջարկեին էլ, ես կհրաժարվեի: Այստեղ աշխատանքը այնքան հետաքրքիր է  և չի սահմանափակվում միայն մշակույթով: Օրինակ, Կորյուն Նահապետյանի հանձնաժողովը (նկատի ունի՝ ԱԺ Պաշտպանության, ներքին գործերի և ազգային անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը-հեղ.) շատ հետաքրքիր լսումներ կազմակերպեց բանակի և հասարակության փոխվստահության մասին: Նախարարը փառահեղ ելույթ ունեցավ, և ես համաձայն եմ նրա հետ՝ բանակը պետություն է պետության մեջ, ուրիշ տեմպով ապրող պետություն է:

-Այս խորհրդարանում, ի տարբերություն նախորդ գումարման Ազգային ժողովի, ներկայացված ուժերը շատ են ու խայտաբղետ: Ինչպե՞ս է նրանց հետ աշխատելը:

-Շատ հետաքրքիր է, երբ դա ֆանատիզմի չի հասնում, երբ քեզ հետ մարդը խոսում է, և դու միտք ես լսում, այլ ոչ թե դատարկ աղմուկ: Հակառակ դեպքում անհետաքրքիր է, և ինչպես կասեր Ստանիսլավսկին՝ «Не верю»,  որովհետև ես բեմի մարդ եմ ու հաստատ շատ ավելի պրոֆեսիոնալ:

-Քառօրյայի վերջին նիստում մարտի 1-ի ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման մասին նախագծի քննարկումն էր ընթանում: Դուք ի՞նչպես եք տրամադրված այդ հանձնաժողովի ստեղծման հարցում:
-Հայաստանի նախագահը հրաման է տվել, որպեսզի մարտի 1-ի հարցը լուծվի և քննվի ամենայն խստությամբ: Ես կարծում եմ, որ պարտավոր են անելու այդ բանը:

-Հանձնաժողովի ստեղծմանը կո՞ղմ եք, թե՞ ոչ:
-Ես պատասխանեցի հարցին:

-Անդրադառնանք Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավին, ինչպե՞ս եք գնահատում այն:
-Շատ պոզիտիվ: Ախր լավն է մեր քաղաքապետը, ախր լավն է մեր Տարոն Մարգարյանը: Ես դա չեմ ասում սուբյեկտիվորեն, ես տեսնում եմ, թե մարդիկ ինչ են խոսում նրա մասին, չէ՞ որ ես նույնքան քաղաքացի եմ: Բոլորը սիրում են Տարոն Մարգարյանին, գործ անող մարդ է, աշխատասեր է: Շատ դժվար է աշխատել, երբ 4 կողմից քարկոծվում ես, այ մարդ, թողեք աշխատի, չէ՞ որ լավ բան է արվում: Ես ունեմ օբյեկտիվ պատկերը, որ Տարոն Մարգարյանին սիրում են, և նա լավ մարդ է: Այն, ինչ ես տեսնում եմ հրաշալի տպավորություն է, որ մենք շատ լավ արդյունքներ ենք ունենալու: Կհաղթի այն մարդը, ում ես կտամ իմ ձայնը, այսինքն՝ Տարոն Մարգարյանը:

Քվեարկության պատմություն

Պետրոսյան Շուշան Սամվելի

Անուն Խմբակցություն Կողմ Դեմ Ձեռնապահ Չի քվեարկել Բացակա Հարցեր Ելույթներ
Պետրոսյան Շուշան «Հայաստանի հանրապետական կուսակցություն» 786 7 1 57 112 5 1
Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները