Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Այլընտրանքային զինծառայություն. պատգամավորը պատրաստ է աշխատատեղ ստեղծել սահմանամերձ շրջաններում, միայն թե «աղանդավորները» գնան այնտեղ

Այլընտրանքային զինծառայություն. պատգամավորը պատրաստ է աշխատատեղ ստեղծել սահմանամերձ շրջաններում, միայն թե «աղանդավորները» գնան այնտեղ
Այլընտրանքային զինծառայության ոլորտում կառավարության առաջարկները միանշանակ չեն ընդունվում խորհրդարանում. ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը դեմ է կրոնական կազմակերպությունների անդամներին արտոնություն տալուն, իսկ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը մտածում է մարդկանց դավանանքի իրավունքի պաշտպանության մասին:

«Այլընտրանքային ծառայության մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը, որն առաջին ընթերցմամբ ընդունվել է մարտի 18-ին,  սահմանում է, որ այլընտրանքային զինվորական ծառայության կարող է անցնել ՀՀ այն քաղաքացին, որի կրոնական դավանանքին կամ համոզմունքներին հակասում են միայն զենք կրելը, պահելը, պահպանելը կամ օգտագործելը: Այլընտրանքային աշխատանքային ծառայության կարող է անցնել ՀՀ այն քաղաքացին, որի կրոնական դավանանքին կամ համոզմունքներին հակասում է ընդհանրապես զինվորական ծառայության անցնելը: 

Փոփոխություններից մյուսով՝ այլընտրանքային ծառայություն ընտրած քաղաքացին համապատասխան տարածքային զինկոմիսարիատ դիմում է ներկայացնելու, որը քննարկելու և ծառայության տեսակի վերաբերյալ համապատասխան որոշում է կայացնելու հանրապետական հանձնաժողովը: Վերջինիս կազմում, ըստ նախագծի, կընդգրկվեն տարածքային կառավարման, առողջապահության, աշխատանքի և սոցիալական հարցերի, կրթության և գիտության, ոստիկանության ու պաշտպանության բնագավառներում ՀՀ կառավարության լիազորած պետական կառավարման մարմինների, ինչպես նաև ՀՀ կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների և կրոնի ոլորտները համակարգող ստորաբաժանումների մեկական ներկայացուցիչներ: Կառավարությունը նախատեսում է նաև կրճատել ծառայության ժամկետները՝ այլընտրանքային զինվորական ծառայության ժամկետը սահմանելով 30 ամիս, իսկ այլընտրանքային աշխատանքային ծառայության ժամկետը՝ 36 ամիս: 

Գործադիրը  փոփոխությունների անհրաժեշտությունը բացատրվում է նրանով, որ  2003-ին ընդունված «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքը չէր գործում, իսկ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում գնալով ավելանում են Հայաստանի դեմ «Եհովայի վկաների» շահած դատերի քանակը: Նկատենք, որ հանրապետությունում գրանցված 65 կրոնական կազմակերպություններից միայն 1-ի՝ «Եհովայի վկաներ» կազմակերպության ներկայացուցիչներն են խուսափում զինվորական ծառայությունից:


«Մեր երկրում, որտեղ պատերազմի վտանգ կա, այլընտրանքային ծառայության ձգտող անձանց թիվն աճի միտում ունի: Ես կարծում եմ, որ անհրաժեշտ է ձեռնարկել կանխարգելող միջոցներ, որպեսզի այլընտրանքային զինծառայության ձգտողների թիվը չավելանա», - ապրիլի 25-ին Ազգային ժողովում «Այլընտրանքային ծառայության օրենսդրական և իրավակիրառ պրակտիկայի հիմնախնդիրները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց Հանրապետական պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը: Բաղդասարյանը մտավախություն ունի, որ շատերը այլընտրանքային ծառայության անվան տակ «չարամտորեն» կխուսափեն զինվորական ծառայությունից, ինչն ըստ նրա հարված է ազգային անվտանգությանը: «Մուսուլմանական որևէ երկրում այսպիսի օրենք չկա: Նման օրենք գործում է ԵԽ երկրներում, որոնք հարևանների առումով ավելի  նախանձելի վիճակում են, քան մենք», մտահոգությունների շարքը ներկայացրեց պատգամավոր Բաղդասարյանը:

Դեռ առաջին ընթերցմամբ քննարկման ժամանակ  պատգանավորը կառավարությանն առաջարկել էր այլընտրանքային զինծառայողներին  ուղարկել սահմանամերձ շրջաններ համապատասխան աշխատանքներ կատարելու: Սակայն կառավարությունը մերժել է պատգամավորին՝ պատճառաբանելով, որ այնտեղ աշխատատեղեր չկան: «Ես կապահովեմ աշխատանքով, անձամբ կգնամ ու ամեն ինչ կանեմ, ինչը պահանջվում է, կտեսնեք, թե ինչքան աշխատատեղ կլինի», -«աղանդավորներին» խոստացավ պատգամավորը:

Օրինագծերի փաթեթը ներկայացնող Արդարադատության նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանը, սակայն, վստահ է. օրենքների նախագծերի փաթեթը բանակից խուսափելու սողանցքեր չունի: «Այն ամրագրում է այլընտրանքային զինվորական ծառայության և այլընտրանքային աշխատանքային ծառայության հիմքերը՝ որպես չափանիշ դիտարկելով դեպքերը, երբ անձի կրոնական դավանանքը կամ հայացքները հակասում են ռազմական ստորաբաժանումներում զինվորական ծառայություն անցնելուն, կամ  միայն զենք կրելուն, պահելուն, պահպանելուն կամ օգտագործելուն», -նշեց նախարարի պաշտոնակատարը: Նա կարծում է, որ  բանակից խուսափողները «Եհովայի վկա» կազմակերպության անդամ չեն դառնա և կգերադասեն բանակից խուսափելու այլ ուղիներ փնտրել: Թովմասյանը չի բացառում  կոռուպցիոն հնարավոր դրսևորումները, բայց վստահ է, որ  մշակված նշված մեխանիզմները դրա հավանականությունը հասցնում են նվազագույնի:

ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը կողմ է փոփոխություններին և դրանք համարում է ուշացած: «Լավ է ուշ, քան երբեք: Նախագիծն ուշացած է, որովհետև եթե մենք ժամանակին անեինք, կարող էինք տարբեր խնդիրներից խուսափել: Մասնավորապես Մարդու իրավունքների եվրոպական դատարան հայցեր չէին ներկայացվի, իսկ ամենակարևորը`  քաղաքացու իրավունքները կպաշտպանվեին», -լսումների ժամանակ հայտարարեց Մարուքյանը: Պատգամավորի խոսքով՝ «Ալընտրանքային զինծառայության մասին» օրենքը չկիրառելու հետևանքով Հայաստանը վնասներ է կրել` քրեական հետապնդման են ենթարկվել մարդիկ: Նա ասաց, որ իր տվյալներով շուրջ 440 անձ է դատապարտվել այդ հողի վրա:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցին անհանգստացնում է հանրապետական հանձնաժողովի կազմավորման կարգը: Նա անընդունելի է համարում այն, որ հանձնաժողովի կազմում են լինելու Ոստիկանության և Պաշտպանության նախարարության ներկայացուցիչներ և առաջարկում է նրանց փոխարեն ընդգրկել քաղաքացիական հասարակության անդամների: Սաքունցի մյուս մտահոգությունն առնչվում է  Հայ առաքելական  եկեղեցու և կրոնական այլ կազմակերպությունների միջև տարբերակում դնելուն: Նրա տվյալներով՝ 2003-ից մինչև 2012-ը կառավարության կողմից ընդունված որոշմամբ տարկետման իրավունք է ստացել 1270 քաղաքացի: Այդ նույն ժամանակահատվածում  «Եհովայի վկա» կազմակերպության մոտ 400 ներկայացուցիչ դատապարտվել է  ազատազրկման:

«Մի կողմից՝ համոզմունքի պատճառով մարդիկ ազատազրկվում են, մյուս կողմից՝ առաքելական եկեղեցու ներկայացուցիչներին արտոնություններ են  տրվում: Սա խտրականության տիպիկ դրսևորում է պետության կողմից»,- հայտարարեց Սաքունցը: Իրավապաշտպանը հակադարձեց պատգամավոր Վահրամ Բաղդասարյանին՝ ասելով, որ ազգային անվտանգության համար մարտահրավեր է երկրում խորացող կոռուպցիան: «Շատ պաշտոնատար անձանց երեխաներ չեն ծառայում բանակում կամ ֆորմալ  են ծառայում: Սա է անվտանգության մարտահրավերը», - նկատեց Սաքունցը: Նրա համար անհասկանալի էր նաև, թե  ինչպես է հանձնաժողովը որոշելու, որ մարդը, իր դավանաբանական սկզբունքներից ելնելով, չի կարող ծառայել բանակում: «Հավատաքննություն է՞ կատարվելու, ովքե՞ր են այդ մարդիկ, որոնք պետք է քննեն» ,-նկատեց նա:

Համոզմունքների հավաստիության հարցը հետաքրքրում էր նաև Պաշտպանության նախարարությանը կից Հանրային խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանին, և նա նախագիծը ներկայացնող արդարադատության նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանից հարցրեց` ինչպե՞ս են ստուգվելու կրոնական համոզմունքները: Ի պատասխան, նախարարի պաշտոնակատարը ցավ հայտնեց, որ «ռենտգեն սարք» չկա, որպեսզի պարզի իրականությունը: Իրենք մերժում են «մեխանիկական մոտեցումները», երբ տեղեկանք է բերվում այն մասին, որ տվյալ մարդը պատկանում է այսինչ կազմակերպությանը:

Պարզվում է՝ այս կամ այն մարդու կրոնական որևէ կազմակերպության անդամ լինելու հանգամանքը Հանձնաժողովի անդամները որոշելու են ներքին համոզմունքի հիման վրա: «Այս պարագայում ապացուցման բեռն ընկած է լինելու տվյալ անձի վրա: Իսկ հանձնաժողովի անդամների համար այլ բան, քան ըստ ներքին համոզմունքի որոշելը, օրենքը չի կարող նախատեսել», -հայտարարեց Թովմասյանը` նկատելով, որ այս հարցում Հայաստանը միակը չէ: Մասնակիցների կարծիքներն ու ելույթները լսելուց հետո Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը վստահեցրեց, որ փաթեթի երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ հաշվի կառնվեն նախագծերի վերաբերյալ հնչած առաջարկները:
Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները