Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Հրաշքներ սպասե՞նք Էթիկայի հանձնաժողովից

Հրաշքներ սպասե՞նք Էթիկայի հանձնաժողովից
Ազգային ժողովի նորաստեղծ էթիկայի հանձնաժողովը առաջիկայում կընդունի գործունեության կանոնադրությունը և, ինչպես ասում են, կանցնի գործի: Ինչպես ամեն նոր ստեղծվող բան, որը մեծ հույսեր է առաջացնում, Էթիկայի հանձնաժողովից ևս հասարակության որոշ շերտեր ակնկալիքներ ունեն: Իսկ ինչպե՞ս են տրամադրված պատգամավորները:

ԱԺ Հայ Ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը կարծում է, որ Էթիկայի հանձնաժողովը լծակ է Հայաստանի ժողովրդավարացման ճանապարհին: «Մենք բոլոր լծակները, բոլոր հնարավորությունները օգտագործելու ենք Հայաստանի ժողովրդավարացման համար, տեսնենք` ինչ կստացվի», -ասաց ընդդիմադիր խմբակցության ղեկավարը: Գործունեության կանոնադրության հաստատումից հետո, սպասվում է, որ հանձնաժողովը կընդունի առաջին դիմումները, որոնք կվերաբերեն պատգամավորների վարքին ու գործունեությանը:

ԱԺ Էթիկայի հանձնաժողովում «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը ներկայացնող Մերուժան Սիմոնյանի ակնկալիքները նորաստեղծ հանձնաժողովից մեծ են. վստահեցնում է, թե իրենց խմբակցությունը միանշանակ բարձրացնելու է այն հարցերը, որոնք կապված են լինելու պատգամավորների վարքի և գործունեության հետ: «Ցանկացած պատգամավոր պետք է պահպանի Ազգային ժողովի նիստերի անցկացման կարգը, հարգի հանրային կարծիքը, այնպես անի, որ իր նեղ անձնական շահերը չօգտագործի պաշտոնական գործունեություն իրականացնելիս, ցանկացած միջավայրում պետք է դրսևորի պատգամավորին վայել վարքագիծ, բոլոր անձանց հետ շփվի նորմալ», -ասում է Սիմոնյանը: Նշում է, որ կապ չունի տվյալ պատգամավորը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ կլինի թե ոչ, միևնույնն է՝ հարցը կքննարկվի: «Եթե սխալ արարք է թույլ տվել այդ պատգամավորը, բնականաբար, կպատժվի», -ասում է Սիմոնյանը:

«Օրինաց երկիր» խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը, ով նաև Էթիկայի հանձնաժողովի անդամ է, կարծում է, որ  հանձնաժողովը «շատ ակտիվ» կաշխատի: «Կարծում եմ` արդյունավետ աշխատանք կիրականացնի: Ցանկացած քաղաքացու դիմում այս կամ այն պատգամավորի արարքի, գործունեության վերաբերյալ, կարող է քննարկման առարկա դառնալ», -ներկայացնում է ՕԵԿ-ական պատգամավորը: Իսկ այն, որ «ԱԺ կանոնակարգ օրենքի» համաձայն հանձնաժողովի նախագահը իշխանական, իսկ փոխնախագահը ընդդիմադիր  խմբակցություններն են ներկայացնում, ըստ Մարգարյանի,  «ավելի թափանցիկ կդարձնի հանձնաժողովի գործունեությունը»:

Այն, որ Էթիկայի հանձնաժողովը ծանրաբեռնված կաշխատի, վստահ է նաև նույն հանձնաժողովում ԱԺ ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցությունը ներկայացնող Զարուհի Փոստանջյանը: Հիմնական աշխատանքը, ըստ պատգամավորի, հանձնաժողովը կսկսի աշնանային նստաշրջանում: «Կարծում եմ, որ բավականին ծանրաբեռնված հանձնաժողով կլինի, որովհետև հասարակության մեջ բավականին շատ են բողոքները մեր գործընկերների ու նրանց վարքագծի վերաբերյալ: Տեսնենք, ապագան ցույց կտա, թե ինչպես կաշխատի հանձնաժողովը», -ասում է նա: Ի տարբերություն իր մյուս գործընկերների, տիկին Փոստանջյանը Էթիկայի հանձնաժողովի գործունեությունից հրաշքներ չի սպասում: «Չեմ կարծում, որ անկախ դատական համակարգի բացակայության պայմաններում  ինչ-որ հրաշքներ լինեն, բայց, այնուամենայնիվ, սա  փոքր գործիք է, տեսնենք` ինչպես կարդարացնի իրեն», -ասում է Փոստանջյանը:

Էթիկայի հանձնաժողովում ամենամեծաթիվ ընդդիմադիր խմբակցության` ՀԱԿ-ի ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանը, սակայն, օրերս «Հայկական ժամանակ»-ում տպագրված իր հոդվածում գրել էր, որ գործող օրենսդրության պայմաններում Էթիկայի հանձնաժողովը չի կարող բավարարել հանրության ամենամեծ ակնկալիքը  : «Խնդիրն այն է, որ կանոնակարգը որևէ մարդու լիազորություն չի տալիս Հանձնաժողովին դիմել 6.1 հոդվածի 2 կետով նախատեսված էթիկայի կանոնները խախտելու վերաբերյալ: Այսինքն, օրինակ, եթե որևէ պատգամավոր խորհրդարանի միջանցքում կամ ասուլիսի ժամանակ հայհոյել է լրագրողի կամ, ասենք, նախկին պատգամավոր Սաշիկ Սարգսյանի նման երեք մատի կոմբինացիա է ցույց տվել քաղաքացիներին, էթիկայի հանձնաժողովը չի կարող այդ հարցը քննարկել, որովհետև կանոնակարգը  քաղաքացուն կամ ուրիշ որևէ մեկի  իրավունք չի տալիս միջադեպի կապակցությամբ դիմելու հանձնաժողովին: Իսկ էթիկայի հանձնաժողովը կարող է քննարկել միայն այնպիսի դիմումներ, որոնք ներկայացվել են դա անելու իրավասություն ունեցող անձանց կողմից: Կամ, ասենք, պատգամավորին տեսել են հասարակաց տանը, ռեստորանում հարբած դեբոշներ անելիս, կարմիր լույսի տակով անցնելիս: Օրենքն ասում է, որ էթիկայի հանձնաժողովը կարող է քննել այս հարցերը, բայց որևէ մեկի լիազորություն չի տալիս այս հարցերով դիմում ներկայացնել հանձնաժողովին և հանձնաժողովին էլ իրավասություն չի տալիս առանց իրավասու անձի դիմումի քննարկել որևէ հարց: Այսինքն, Հանձնաժողովին տրված է լիազորություն, և այդ լիազորության կիրառումը տարված է փակուղի», -գրել էր Փաշինյանը` նկատելով, որ պետք է լրացնել այդ բացը: Հիշեցնենք` Էթիկայի հանձնաժողովը Ազգային ժողովում նորություն է: Հանձնաժողովի կազմը ձևավորվել է ԱԺ նախագահի հուլիսի 2-ի կարգադրությամբ: ԱԺ այս նստաշրջանում Հանձնաժողովի նախագահն է Դավիթ Հարությունյանը, իսկ փոխնախագահն է Նիկոլ Փաշինյանը:  Սակայն վերջինը հայտարարել էր, որ չի ստանձնի փոխնախագահի պաշտոնը և կբավարարվի անդամի կարգավիճակով:


Տեղեկանք. Էթիկայի հանձնաժողովի գործունեության մեանիզմները կանոնակարգվում են ԱԺ Կանոնակարգ օրենքով: Հանձնաժողովը մշտական չէ, այն կազմավորվում է ԱԺ-ի յուրաքանչյուր հերթական նստաշրջանում` խմբակցությունների կողմից անդամների ներկայացմամբ: Հանձնաժողովի նախագահի պաշտոնը հաջորդաբար զբաղեցնելու իրավունքը պատկանում է ամենամեծաթիվ ընդդիմադիր և ոչ ընդդիմադիր խմբակցություններին: ԱԺ կանոնակարգ-օրենքը սահմանում է, որ հանձնաժողովը ԱԺ-ին եզրակացություն է ներկայացնում պատգամավորի կողմից Սահմանադրության 65-րդ հոդվածի առաջին մասի պայմանները խախտելու վերաբերյալ, ինչպես նաև որոշում է կայացնում պատգամավորի կողմից ԱԺ կանոնակարգ-օրենքով նախատեսված էթիկայի կանոնները խախտելու և պատգամավորի կողմից շահերի բախման վերաբերյալ հայտարարությամբ հանդես գալու կանոնակարգով նախատեսված պահանջը չկատարելու վերաբերյալ: Մասնավորապես, Ազգային ժողովի, նրա հանձնաժողովների, ենթահանձնաժողովների նիստերում շահերի բախում առաջանալու դեպքում պատգամավորը պարտավոր է համապատասխան նիստում իր ելույթից կամ քվեարկությունից առաջ հանդես գալ շահերի բախման վերաբերյալ հայտարարությամբ, իսկ օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալիս, Ազգային ժողովի քննարկմանը որոշման նախագիծ կամ Ազգային ժողովում շրջանառության մեջ դրված հարցի վերաբերյալ առաջարկություն ներկայացնելիս՝ համապատասխան փաստաթղթերի հետ ներկայացնել շահերի բախման վերաբերյալ իր գրավոր հայտարարությունը, ներկայացնելով շահերի բնույթը: Այդ դեպքում պատգամավորը կարող է նաև հայտարարել, որ հրաժարվում է մասնակցել հարցի քվեարկությանը: Այդ դեպքում նրա բացակայությունը համարվում է հարգելի: Օրենքը սահմանում է նաև պատգամավորի էթիկայի կանոնները (6.1 հոդված): Դրանք են` հարգել օրենքը և ենթարկվել օրենքին, հարգել հանրության բարոյական նորմերը, պահպանել ԱԺ-ի և նրա հանձնաժողովների նիստերի անցկացման կարգը, իր լիազորություններն իրականացնելիս չառաջնորդվել իր կամ իր հետ փոխկապակցված անձանց անձնական շահերով, չօգտագործել պատգամավորի պաշտոնի հեղինակությունը ի շահ իրեն կամ այլ անձի, իր գործունեությամբ նպաստել ԱԺ-ի նկատմամբ վստահության և հարգանքի ձևավորմանը, ամենուր և ցանկացած գործունեությամբ զբաղվելիս դրսևորել պատգամավորին վայել վարքագիծ, հարգալից վերաբերմունք ցուցաբերել քաղաքական ընդդիմախոսների, ԱԺ-ում հարցերի քննարկման մասնակիցների, ինչպես նաև բոլոր այն անձանց նկատմամբ, որոնց հետ պատգամավորը շփվում է իր լիազորություններն իրականացնելիս:
Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները