Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

ԱԺ նախագահն իսկապե՞ս զայրացավ

ԱԺ նախագահն իսկապե՞ս զայրացավ
2013 թվականի մայիսի 2-ի կեսօրին ՀՀ խորհրդարանում ամեն ինչ ճիշտ այնպես էր, ինչպես եղել էր տարիներ ի վեր. պատգամավորները հրավիրվեցին դահլիճ, գրանցվեցին, քվեարկեցին-ընդունեցին տասնյակ օրենքներ և սովորականի նման սկսեցին լքել դահլիճը: Հենց այդ պահին տեղի ունեցավ այն, ինչը մայիսի 2-ի կեսօրը դարձրեց հանելուկային. Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը (այսուհետ սույն հոդվածում՝ նախագահ) զայրացավ…

Պատգամավորները, հատկապես դահլիճը լքելու գործընթացն սկսած պատգամավորները, զարմացան: Հատկապես վերջիններն այնպես զարմացան ու շփոթվեցին, որ չկարողացան արագ կողմնորոշվել՝ հետ դառնալ ու նստել իրենց տեղերո՞ւմ, թե՞ շարունակել սկսած ճանապարհը… ու այդպես ոտքի վրա էլ լսեցին նախագահի «ինքնաբուխ»-զայրալից արտահերթ ողջ ելույթն այն մասին, որ ինքն այլևս չի հանդուրժելու նման անհարգալից վերաբերմունքը:

Թեև նախագահի խոսքից դժվար էր կռահել՝ նա նկատի ունի այդպիսի վերաբերմունքը խորհրդարանի՞, թե՞ անձամբ իր հանդեպ, սակայն կարևորն այդ չէր, այլ այն, որ կողմնակի աչքի (ասենք, օրինակ, եվրոպացի դիտորդի) համար այստեղ որևէ արտառոց բան չկար. պատգամավորների պահվածքն, իրոք, մեղմ ասած, տգեղ էր, և խոսնակի դիտողությունն էլ՝ միանգամայն տեղին:

Սա՝ կողմնակի աչքի համար, իսկ մյուսները քաջատեղյակ են, որ պատգամավորները միշտ էլ այդպես են արել, և երբ նրանց ներկայությունը քվեարկություն ապահովելու համար անհրաժեշտ է եղել, նախագահը շատ գորովալից տոնայնությամբ «աշխատասենյակներում քրտնաջան աշխատողող պատգամավորներին» հորդորել է գալ դահլիճ: Ուրեմն՝ ինչո՞ւ, այնուամենայնիվ, մայիսի 2-ին դա զայրացրեց նախագահին, կամ  ո՞ւմ -ինչի՞ դեմ էր իրականում ուղղված նրա զայրույթը:

Եթե դատենք այն կտրվածքով, որ նախագահը հրահանգեց կես ժամը մեկ պատգամավորներին ներկա-բացակա անել և ցուցակները հրապարակել խորհրդարանի պաշտոնական կայքում, ապա միակ տրամաբանական եզրահանգումը կլինի այն, թե նախագահին ի վերջո զայրացրել էին բացակայողները կամ բացակայությունների խնդիրը: Բացակայությունների թեման խորհրդարանի համար իսկապես խոցելի է:

Հիշեցնենք, որ parliamentmonitoring-ը արդեն 2 տարի է, ինչ օրենսդիրների աշխատանքի արդյունավետության բնութագրում ներկայացնում է նաև բացակայությունների ցուցանիշը: Ու թեև հատկապես այս ցուցանիշն էր պարբերաբար հանրային առավել մեծ հետաքրքրության արժանանում, ԱԺ մեծամասնությունը երբևէ որևէ ձևով դրան չի արձագանքել: Բացի այդ, եթե ամեն ինչ այդքան պարզ լիներ, ապա իրավիճակն ամենևին էլ հանելուկային չէր որակվի: Իսկ իրավիճակն իսկապես հանելուկային էր, որովհետև այդ ամենը տեղի էր ունենում որոշ «մանրուքների» ուղեկցությամբ և որոշ հանգամանքների առկայությամբ:

Մանրուքներ.  Նախագահը բոլորովին էլ զայրացած չէր զայրանում, այլ՝ ժպտալով. դա նրան այնքան էլ բնորոշ չէ: Երկրորդ՝ նախագահը շատ լավ նախապատրաստել էր իր զայրույթը. անմիջապես, թփերի հետևում պատահաբար հայտնված դաշնամուրի էֆեկտով նա ձեռքն առավ ԱԺ կանոնակարգը, բաց արեց համապատասխան էջը և հղում անելով համապատասխան հոդվածին՝ հանգամանալից շարադրեց  ճանապարհային քարտեզը՝ իր հնարավոր գործողություների ծրագիրը: Ընդ որում՝ նա շեշտեց «հնարավոր»-ի հանգամանքը, ասելով, թե «բացառված չէ», որ ԱԺ կանոնակարգով իրեն վերապահված լիազորությունների շրջանակում ինքը համապատասխան որոշում ընդունի: Այսպիսով, հարցի ձևակերպումն անճանաչելիորեն փոխվում է՝ ի՞նչ բովանդակությամբ որոշման մասին էր նախագահն ակնարկում, և ո՞ւմ էր հասցեագրված նրա ակնարկը:

Հանգամանքներ. Բոլորովին վերջերս և բոլորովին անսպասելիորեն (մանրամասները տես «ՍԴ հերթական «վստահության հանրաքվեն» հոդվածում) Սահմանադրական դատարանը ՀՀ սահմանադրությանը հակասող էր ճանաչել ԱԺ կանոնակարգի այն դրույթները, որոնցով սահմանվում է բացակայությունների հիմքով պատգամավորի լիազորությունները դադարեցնելու կարգը: Իր բնույթով դա բավականաչափ աղմկահարույց բացահայտում էր ու անկախ նրանից, որ իրականում այն համարժեք արձագանք չունեցավ,  օրակարգում է հարցին լուծում գտնելու անհրաժեշտությունը: ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի և էթիկայի հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանն այս առնչությամբ հնչեցված լրագրողների հարցին ի պատասխան ասել էր, թե ինքը դրա կարգավորումը կառաջարկի ավելի վաղ իր հեղինակած օրենսդրական նախաձեռնության շրջանակներում: Այստեղ սահուն անցում կատարելով երկրորդ հանգամանքին, հիշեցնենք, որ Դ. Հարությունյանի ավելի վաղ հեղինակած և դեռևս ամբողջությամբ չընդունված օրինագիծը նույնպես վերաբերում է ԱԺ կանոնակարգ օրենքի փոփոխությանը՝  նախատեսելով պատգամավորների բացակայությունները հարգելի համարելու հարցը ներառել էթիկայի հանձնաժողովի քննության շրջանակ (մինչ այժմ այդ հարցը ԱԺ նախագահի իրավասությունների շրջանակում է եղել):

Այսպիսով. Հնարավոր է, որ մայիսի 2-ի կեսօրին ԱԺ նախագահն ինքնաբուխ զայրույթի ժանրով հասկացրեց, որ ինքը չի պատրաստվում զիջել դիրքերը պատգամավորների վրա ազդեցության լուրջ լծակ պարունակող այս՝ բացակայությունների,  հարցում:

Աննա Տիգրանյան
Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները