Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Աշխատավարձի բարձրացմանն ընդառաջ. տրամադրություններ խորհրդարանում

Աշխատավարձի բարձրացմանն ընդառաջ. տրամադրություններ խորհրդարանում
ԱԺ մայիսի 20-ին մեկնարկելիք քառօրյան խոստանում է հետաքրքիր լինել. կառավարությունը խորհրդարանին կներկայացնի գործունեության ծրագիրը: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ ծրագիրը մշակվել է ՀՀ նախագահի, Հայաստանի հանրապետական և «Օրինաց երկիր» կուսակցությունների նախընտրական ծրագրերի հիմնական դրույթների հիման վրա։

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մայիսի 16-ին Շենավան գյուղի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ հին կառավարության նոր ծրագրով նախատեսվում է 100 հազար աշխատատեղի բացում, 7 տոկոս տնտեսական աճ: ԱԺ նախագահը գյուղացիներին նաև հիշեցրել է նախագահական ընտրություններից հետո Հայաստանի նախագահի հայտարարությունը այն մասին, որ հուլիսի 1-ից բարձրանալու է նվազագույն աշխատավարձը,  «իսկ հունվարի 1-ից բարձրացնելու են բոլոր աշխատավարձերը»:

«Տարվա վերջում ունենալու ենք 35-40 մլրդ դրամի տնտեսում, առնվազն 7% տնտեսական աճ և աշխատավարձի առաջանցիկ աճ գնաճից: Ունենք ծրագրեր՝ միջին աշխատավարձի չափը բարձրացնելու: Կառավարությունում լրջորեն քննարկում են այս տարվա հուլիսի 1-ից միջին աշխատավարձի չափը շոշափելիորեն բարձրացնելու հարցը, թոշակների բարձրացման հարցը»,- նախագահական ընտրություններից հետո մի քանի լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր Սերժ Սարգսյանը: Այս հայտարարությունից ավելի ուշ հայտնի դարձավ, որ նախագահը հանձնարարել է կառավարությանը հուլիսի 1-ից նվազագույն աշխատավարձը բարձրացնել ընդամենը 10 հազար դրամով:

Հուլիսի 1-ին ընդառաջ աշխատավարձերի բարձրացման ուղղությամբ առայժմ առարկայական ոչինչ չի արվել: Նշենք, որ նվազագույն աշխատավարձը բարձրացնելու համար «Նվազագույն աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություն պետք է կատարվի, սակայն կառավարության մայիսի 16-ի նիստն էլ ավարտվեց, բայց փոփոխություն չուղարկվեց խորհրդարան: Իսկ Ազգային ժողովին գարնանային նստաշրջանի ավարտին մնացել է միայն 2 քառօրյա՝  մայիսի 20-23-ը և հունիսի 10-13-ը: Հստակեցված չէ նաև հարցը, թե ինչ միջոցներ են ուղղվելու նվազագույն աշխատավարձի բարձրացմանը այն պարագայում, երբ 2013-ի բյուջեով աշխատավարձի որևէ բարձրացում ծրագրված չի եղել: 

Ազգային ժողովի սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը դժվարանում է այս պահին, երբ հարցը դեռ կառավարությունում քննարկվում է, որևէ բան ասել: «Հարցը դեռևս քննարկված չէ, և այն դրված է որպես քաղաքական սկզբունք իրագործելու համար, և կառավարության ծրագրի քննարկման ժամանակ հարցն ավելի սպառիչ ու վերջնական լուծում կստանա», -մեզ հետ զրույցում ասաց հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը:

ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արծվիկ Մինասյանը կարծում է, որ աշխատավարձերի բարձրացման համար բոլոր ռեսուրսներն ու հնարավորությունները կան: «Այլ հարց է, թե իշխանությունները ուզո՞ւմ է բարձրացնել աշխատավարձերը, թե՞ ոչ: Նրանք կամ պետք է բերեն խորհրդարան բյուջեում փոփոխություն կատարեն, կամ էլ հետաձգեն մինչև հունվարի 1-ը», -մեզ հետ զրույցում նշեց Արծվիկ Մինասյանը: Մեր դիտարկմանը, թե արդեն հայտարարվել է, որ հուլիսի 1-ից է բարձրացում լինելու, Արծվիկ Մինասյանը պատասխանեց հարցով. «Դուք առաջին անգա՞մն եք լսում հայտարարություն, որն իրականություն չի դառնում: Կապ չունի նախագահն է հայտարարել, թե որևէ մեկը. բազմաթիվ են եղել դեպքեր, որ նախագահի մակարդակով հայտարարություն է եղել ու կյանքի չի կոչվել»:

Ընդդիմադիր պատգամավորի համար սովորական է դարձել՝ «իշխանությունները հայտարարում են մի բան, անում՝ այլ բան» և հենց այդ պատճառով էլ նա իրատեսական չի համարում աշխատավարձերի բարձրացումը: «Ներկա իշխանությունների գործողությունների մեջ որևէ տրամաբանական, շղթայական կապ չեմ տեսնում. ընտրություններից առաջ հայտարարում էին, որ հերյուրանք են գազի գնի բարձրացման մասին լուրերը, տեսա՞ք որ հերյուրանք չեն, այլ՝ փաստ: Ընտրություններից առաջ հայտարարում էին, որ աշխատավարձերը կբաձրացնեն, կգա ժամանակը, կտեսնեք, որ դա էլ չի լինի», -հավելեց Մինասյանը:
Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները