Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Հին խնդիրներ կառավարության նոր ծրագրում

Հին խնդիրներ կառավարության նոր ծրագրում
Մայիսի 20-ին Ազգային ժողովում նոր կառավարության գործունեության ծրագիրը ներկայացնելիս`վարչապետ Տիգրան Սարգսյանն ասաց, որ 20 տարվա ընթացքում այսքան կոնկրետ ծրագիր չի ներկայացվել: Վարչապետին հարցեր տալու համար հերթագրված 24 պատգամավորներին, սակայն, նոր ծրագրի այս աննախադեպության հանգամանքն այնքան էլ չէր հետաքրքրում. հինն ու նորը կառավարությունում ու նրա ներկայացրած ծրագրում խառնված էին:

Նոր ծրագիր` հին կազմով

Մեկ տարին չլրացած` վարչապետ Տիգրան Սարգսյանը երկրորդ անգամ կառավարության ծրագիր ներկայացրեց Ազգային ժողովին. երբ դա անում էր 2012-ի մայիսին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո, կառավարությունն իսկապես նոր էր, ԲՀԿ-ն այլևս կոալիցիայի մեջ չէր, ու նրա թողած պորտֆելները զբաղեցնում էին ՕԵԿ-ի ու ՀՀԿ-ի նոր նախարարները, փոխվել էին նաև ՀՀԿ-ական որոշ նախարարներ: 2013-ի նախագահական ընտրություններից հետո ձևավորված կառավարությունը գրեթե ամբողջությամբ նախորդի կրկնությունն էր:

Նոր ծրագիր` հին թիրախներով.

Թիրախները` աղքատություն, գործազրկություն, արտագաղթ, գործադրի ծրագրում նոր չեն: Դրանք թե ՀՀԿ-ի, թե նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրում նշված հիմնախնդիրներն են: Վարչապետն ասաց` հիմա կառավարությունն ավելի   լավ է պատկերացնում այն իրականությունը, որ ունենք, գիտի խնդիրները և  լուծելու է դրանք  առաջիկա 5 տարիների ընթացքում: Աղքատության դեմ պայքարելու համար կառավարությունը կենսաթոշակ ու նվազագույն աշխատավարձ է բարձրացնելու` հուլիսի 1-ից:

Նոր ծրագիր` նոր խնդիրներով

Վերջին շաբաթների ընթացքում առաջ եկած խնդիրները ստիպեցին,որ վարչապետը ավելի շատ խոսի գազի սակագնից ու կարկտահարության հետևանքներից: 3 տարի գործադիրը կարողացել է աշխատել այնպես, որ գազի սակագինը չբարձրանա, հիմա էլ բանակցելու է, որ չբարձրանա նախապես հայտարարված 60%-ով. բանակցում են ռուսական կողմի հետ, պայմանները կճշտվեն ու կհրապարակվեն:

Նոր ծրագիր` հին առաջարկով

Խնդիրները երկրում շատ են, ու վարչապետը գիտի,որ դրանց լուծման ընթացքում նաև շատ քննադատություն են լսելու, բայց գործադիրը, վարչապետն ասաց, պատրաստ է պատասխանատվություն կրել: Խնդիրները լուծելու ճանապարհին կառավարությունը ուզում է համագործակցել այլընտրանքի ու ընդդիմության հետ: Ոչ իշխանական պատգամավորների հնչեցրած քննադատությանը վարչապետը պատասխանում էր հանգիստ ու համբերատար` հիշեցնելով. բոլորս նույն նավի վրա ենք, եկեք համագործակցենք: *** Կառավարությունը  նշում է, որ  ծրագիրը մշակվել է` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության, ՀՀ նախագահի, Հանրապետական  և «Օրինաց երկիր» կուսակցությունների նախընտրական ծրագրերի հիմնական դրույթները, ինչպես նաև պառլամենտական կուսակցությունների ծրագրերում ներկայացված` փաստաթղթերի հետ համադրելի գաղափարները:

Հատվածներ ծրագրից

«Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագիրն ուղղված է մարտունակ և ապահով պետության կերտմանը. պետություն, որն ապահովելու է Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու ազատությունը,անվտանգությունն ու բարեկեցությունը»:   «Յուրաքանչյուրը պետք է վստահ լինի, որ աղքատությունն ու գործազրկությունը ոչ թե ճակատագիր են, այլ ամենօրյա աշխատանքով հաղթահարվող դժվարություն: Յուրաքանչյուրը պետք է համոզված լինի, որ իր զավակների ապագան ավելի ապահով և լավն է լինելու հայրենիքում, քան օտար ափերում»:   «Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության արդյունքում կկրճատվեն աղքատությունն ու գործազրկությունը, կնվազի արտագաղթը,  կամրապնդվեն ժողովրդավարական ինստիտուտները՝ նպաստելով իրավունքի գերակայության ամրապնդմանը»:

Ակնկալվող արդյունքները

Հայաստանի Հանրապետության կառավարությունը սույն ծրագրի իրականացմամբ 2013- 2017 թվականների ընթացքում նպատակադրում է
• զարգացած երկրների համեմատ տնտեսական աճի առաջանցիկ տեմպերի ապահովում` համախառն ներքին արդյունքի 5-7 տոկոս աճի միջոցով,
• ներմուծման նկատմամբ արտահանման աճի առաջանցիկ տեմպերի ապահովում,
• նվազագույն աշխատավարձի մակարդակի առնվազն կրկնապատկում,
• նվազագույն աշխատավարձ/աղքատության ցուցանիշի առնվազն 140 տոկոս մակարդակի ապահովում,
• ծնելիության գումարային գործակցի աճ՝ մինչև 1.8-ի,
• 5-6 տարեկան երեխաների առնվազն 90 տոկոսի համար նախադպրոցական կրթության հասանելիության ապահովում,
• միջին աշխատանքային (ապահովագրական) կենսաթոշակի մակարդակի բարձրացում՝ հասցնելով աղքատության գծի համեմատ առնվազն 125 տոկոսի,
• աղքատության կրճատման ապահովում՝ 8-10 տոկոսային կետով,
• 100 հազարից ավելի նոր աշխատատեղերի ստեղծում,
• պետական եկամուտների հավաքագրման մակարդակի աճի ապահովում՝ համախառն ներքին արդյունքի նկատմամբ տարեկան 0.3 - 0.4 տոկոսային կետի չափով:
Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները