Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Գաղջ մթնոլորտ Ազգային ժողովո՞ւմ

Գաղջ մթնոլորտ Ազգային ժողովո՞ւմ
Խորհրդարանը երեք օր անընդմեջ քննարկեց  Տիգրան Սարգսյանի կառավարության՝  2013-2017 թթ.-ի գործունեության  ծրագիրը: Եռօրյա քննարկումների ողջ ընթացքում Ազգային Ժողովում էր կառավարության ողջ կազմը՝ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ: Այն հարցում, որ  քննարկումը հետաքիքիր ընթացք ունեցավ,  համաձայնեցին բոլորը: Իսկ ահա հարցի վերաբերյալ , թե ինչը գերակշռեց քննարկումներում, կարծիքները բաժանվեցին:  

Կառավարության ծրագրում խոսվում է ամեն ինչից, բայց ոչ անելիքներից. ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի տեսակետն է:  «Ծրագրում գրում եք դատական համակարգի արդյունավետության բարձրացում.  դա ծրագիր չէ, ծրագրային թեզ չէ, քանի որ հակառակը չի լինում»,-  հայտարարեց Բագրատյանը: Ի՞նչն է արգելակում Հայաստանի տնտեսական զարգացումը՝ ըստ նախկին վարչապետի  կառավարության ծրագիրը պետք է սկսվեր այս հարցից  ու առաջարկեր լուծումներ: Բագրատյանն  իր լուծումներն առաջարկեց: «Ես օրինակ կասեի 2013-ին լուծում եմ 3 հարց: Առաջինը՝ կարգի եմ բերում հանքարդյունաբերությունը ,   երկրորդը ՝ կարգի եմ բերում ավիացիան, չի լինելու  թռիռք Եվրոպայից Հայաստան  350 դոլարից ավելի տոմսով, դա հնարավոր է, և երրորդը՝ տաքս-ֆրի եմ ներմուծում. ով էստեղ առևտուր  է անում, օդանավակայանում փող է ստանում: Սա  կնշանակեր  պլյուս 5 մլրդ Հայաստանի ՀՆԱ-ին: Բան մի արեք, նստեք միայն սա լուծեք»: «Ազատ դեմոկրատներ» կուսկացությունից

Ալեքսնադր Արզումանյանի կարծիքով` խորհրդարանը ոչ թե նոր, այլ  նախորդ ծրագրի  լրամշակված տարբերակն էր քննարկում: Իսկ նախորդը Արզումանյանը կենացների ժողովածու էր անվանել: «Ասեմ, որ կենացները քաղցրացել են: Սա լավ նախընտրական պլատֆորմ է, որտեղ  ավելի շատ գերակայում են զգացմունքները, քան  բանականությունը: Մենք կնախընտրեինք հակառակը՝ հստակ գործողությունների ծրագիր»:

Պատգամավոր Նիկոլ Փաշինյանը խոսեց կառավարությունը ներկայացնող նախարարների մասին . «Կառավարության կազմում չկան քաղաքական դեմքեր: Նրանց կեսագրությունն ուսումնասիրելիս  կտեսնենք, որ մի մասը կուսակցությունից հրաժարվել է, որ կառավարության կազմում լինի, մի մասն էլ կուսակցական է դարձել, որ նախարար մնա», -հայտարարեց նա: Ընդդիմադիր պատգամավորի համոզմամբ՝ այսօրվա կառավարությունը ոչ թե որոշում ընդունող է, այլ՝ կատարող,  հետևաբար օլիգարխիայի, մենաշնորհի, կոռուպցիայի դեմ նրա պայքարը նույնն է, ինչ պայքարը իր գործատուի դեմ: «Իսկ այս կառավարության գործատուն օլիգարխիան և մենաշնորհն են»,-  հավելեց նա:

Կառավարության անորոշ ծրագրից դժգոհ էր նաև ԱԺ Դաշնակցություն խմբակցության անդամ Վահան Հովհաննիսյանը: «Մենք էսօր ոչ թե կառավարության ծրագիր ենք քննարկում, որովհետև դա անիմաստ է, այլ քննարկում ենք մեր իշխանության որակը», - հայտարարեց Վահան Հովհաննիսյանը: Նա հիշեց Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի մի դիտարկումը, թե «մեզնից լավը չկա» և հավելեց. «Հավանաբար կառավարությունը Գալուստ Գրիգորիչի այդ խոսքերը լուրջ է ընդունել: Կոչ եմ անում Ձեզ՝ դա կլասիկ գրիգորիչական շուլուխ է եղել, լուրջ մի ընդունեք: Դուք չեք ամենալավը: Դուք պիտի մեզ ապացուցեք, որ ամենավատը չեք, որովհետև նախորդ, դրանից նախորդ կառավարությունները, որոնց քննադատել էինք ժամանակին,  ձեր ֆոնին հանկարծ դառնում են մաքրված»:

«Ձեզ պատժել է պետք, ոչ թե հավանություն տալ», - հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: Ըստ նրա՝ կառավարությունը խորհրդարանից վստահություն է ուզում, մինչդեռ այն  արածով են վաստակում: Նախորդ 5 տարիներին կառավարության խոստացածից  չարվածն ավելի շատ է, քան արվածը. «Դուք խոստացել էիք մենաշնորհների դեմ պայքար, բայց ոչինչ այս  6 տարվա մեջ չեք արել , խոստացել էիք օլիգարխներին հարկային դաշտ տեղափոխել, ընդ որում՝ շատ վստահ էիք խոստացել, բայց այսօր էլ նրանց չմուծած հարկերն ավելի շատ են, քան բյուջեն է»,-  թվարկեց Արամ Մանուկյանը:

«Ի՞նչ ակնկալիք կարող է ունենալ քաղաքացին այս ծրագրից ու կառավարությունից:  Ցավոք, որևէ  լուրջ դրական տեղաշարժ իմաստ չունի սպասել: Նախ և առաջ այն պատճառով, որ այս ծրագիրը, ըստ էության, կապ չունի Հայասատանի հետ և բացարձակապես չի համապատասխանում մեր երկրի առջև ծառացած մարտահրավերներին», -ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի  կարծիքն է: Կառավարության ծրագիրը, ընդիմադիր խորհրդարանականի խոսքով, տիրող վիճակի քողածածկույթն է և հենց այս պատճառով էլ փաստաթղթի  ներկայացումը Ազգային ժողովում վեր է ածվում ընթացակարգային  ձևական միջոցառման:

Ոչ թե ծրագրից, այլ  քննադատական ելույթներից  կուտակված բացասական լիցքերից ու դահլիճի մթնոլորտից էլ դժգոհ էր ԱԺ Հանրապետական խմբակցության անդամ Մարգարիտ Եսայանը: «Կառավարությունն այս ծրագիրը գրել է բաց աչքերով, սա փակ աչքերով գրված ծրագիր չէ»,- ասաց Մարգարիտ Եսայանը։  Նա ընդդիմադիրներին հորդորեց իրավիճակն ընդունել այնպես, ինչպես կա: «Կառավարությունը մի նոր բան է առաջարկում` հեղափոխություն մարդկանց մտածողության մեջ: Այո, հեղափոխությունը մարդկանց գլխում է տեղի ունենում, այլ ոչ թե փողոցներում: Եթե չեք կարողանում հեղափոխություն անել փողոցներում, Ձեր գլխներում հեղափոխություն արեք, մեր գլխներում, առաջին հերթին իմ գլխում անենք այդ հեղափոխությունը: Ես հավատում եմ այն կառավարության ծրագրին և այն մարդկանց, ովքեր իրականացնելու են այն», -հայտարարեց պատգամավորը:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հնչած քննադատությունից չի զարմանում: Մի բան սակայն նրան զարմացնում է. «Այս դահլիճում ես չլսեցի մի շատ կարևոր բան ՝ այլընտրանքային ծրագիր: Ո՞ւր է այդ ծրագիրը: Եթե քո քննադատությունը այլընտրանքային ծրագիր ու առաջարկներ չի պարունակում, ուրեմն գրոշ չարժի»:

Որ քննադատությունը գրոշ արժի, իր ելույթով ապացուցեց հանարապետական մեկ այլ գործիչ: Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը կառավարության ներկայացրած ծրագրից գրեթե չխոսեց`իր  ելույթի հիմնական մասը նվիրելով  ընդդիմությանն ու  նրա կորուստներին: Սկսեց  ընդդիմախոսների հիմնական թեզից, թե  Տիգրան Սարգսյանի կառավարության ձախողվել է. «Եթե  խոսում ենք ձախողումների մասին, եկեք միասին հիշենք, թե վերջին երկու տարիներին ո՞վ է ձախողումներ տվել, ո՞վ չի կարողացել Երևանի ավագանու ընտրություններում հավաքել ավելի շատ ձայն, քան անվավերների թիվն էր»: Հիշեցումների շարքը կրթության և գիտության նախարարը շարունակեց  շատ ավելի կոնկրետ ու անվանական, ըստ էության քաղաքագիտական հակիրճ վերլուծություն  ներկայացենլով ընդդիմադիր ուժերի վերջին մեկ տարվա գործունեության մասին: Թե ինչու է այսքան ուշադիր ընդդիմության նկատմամբ հարցը կանխելով՝ Աշոտյանը նկատեց, թե որպես հասարակության անդամ է շահագրգիռ ավելի որակյալ ընդդիմություն ունենալու հարցում:
Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները