Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Կառավարության ծրագիրն ընդունվեց ծափահարություններով

Կառավարության ծրագիրն ընդունվեց ծափահարություններով
Մայիսի 23-ին՝ քառօրյա քննարկումներից հետո, Ազգային ժողովը ձայների 76 կողմ, 41 դեմ հարաբերակցությամբ հավանություն տվեց  Տիգրան Սարգսյանի կառավարության՝ 2013-2017 թթ. ծրագրին: Ծրագիրը պաշտպանեցին   կոալիցիոն խմբակցությունները՝ ՀՀԿ-ն ու ՕԵԿ-ը, դեմ քվեարկեցին  ընդդիմադիր  ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն,  «Ժառանգություն»-ը,  նաև՝  ԲՀԿ-ն: Ի դեպ , քվեարկության արդյունքը գրեթե նույնությամբ կրկնեց այն պատկերը, որն արձանագրվել էր մոտ մեկ տարի առաջ.  2012-ի հունիսի 21-ին   նոր ձևավորված խորհրդարանը Տիգրան Սարգսյանի կառավարության ծրագիրը պաշտպանել էր  75 կողմ, 47 դեմ  և 1 ձեռնպահ ձայներով: Կառավարության ծրագրին կողմ քվեարկողների մեջ էր նաև  անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը: «Ես խոսել եմ վարչապետի հետ իմ ընտրատարածքի խնդիրների մասին,  պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ դրանք լուծումներ կստանան: Այդ պատճառով կողմ եմ քվեարկում կառավարության ծրագրին», - մինչև քվեարկությունը հայտարարեց Մարուքյանը:

Կառավարության ծրագիրն ընդունվեց խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչների ծափահարություններով և առանց դժվարության. ծրագիրը հավանության արժանացնելու հարցում  մեծամասնությունը ընդդիմության ձայների կարիքը չուներ: Դա նույնիսկ չթաքցրեց
Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Նա  իր ելույթում հայտարարեց, որ ի սկզբանե գիտեին, որ ընդդիմությունը դեմ է քվեարկելու: «Դեմ եք, քվեարկում, քվեարկեք, բայց գոնե մաղձոտ մի եղեք, թույն եք արտադրում, գոնե մեղվի թույն արտադրեք»,- հայտարարեց հանրապետական գործիչը: Գալուստ Սահակյանը կառավարության ծրագրին չանդրադարձավ ու ելույթի իր ժամանակն օգտագործեց ընդդիմադիր պատգամավորներին պատասխանելու համար: Սկսեց Զարուհի Փոստանջյանից, ով իր խոսքում «խարդախ դատախազ« կապակցությունն էր օգտագործել. «Առաքինի տիկնոջը պետք է սովորեցնել, որ Ազգային ժողովը մայրուղի չէ, որ մեքենա կանգնեցնի, մեքենաները չկանգնեն, դրանից նեղանա»: Ապա դիմեց Վահան Հովհաննիսյանին ու ասաց, որ գոհ է նրանից. «Ես գոհ եմ իմ գործընկեր Վահան Հովհաննիսյանից, որ մեծարեց հանրապետության նախագահին, ասելով` դուք ի՞նչ կլինեիք, եթե նա չլիներ: Հիմա ես ասում եմ` բա դուք ի՞նչ կլինեիք, եթե ինքը (Սերժ Սարգսյանը-հեղ.) չլիներ, գոնե ես բոլոր տիպի կապերին  լավ տիրապետում եմ:  Հետո` իմ շուլուխը Վահանի հանճարին վնաս չի»:

Կոալիցիոն գործընկերոջն առանց առարկությունների աջակցեց  
«Օրինաց երկիր» խմբակցությունը: Խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը հայտարարեց, որ ծրագրին կողմ են քվեարկում, որովհետև դրանում  հաշվի են առնվել իրենց առաջարկները: Առաջիկա հինգ տարիների տնտեսական գլխավոր փաստաթղթին միանծանակ դեմ էր  Հայ Ազգային կոնգրես խմբակցությունը: Գլխավոր հարցը, որը ծրագրի վերաբերյալ ՀԱԿ  դիրքորոշումն արտահայտելիս հնչեցրեց խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, հետևյալն էր՝ ինչպե՞ս է համարձակվում վստահության քվե պահանջել այն  կառավարությունը, որը  նախորդ հինգ տարիների ընթացքում նախագահել է 250 հազար մարդկանց արտագաղթը: Զուրաբյանը անգամ հերգնեց. «Երկու ծրագրերում էլ կառավարության գործունեությունից ակնկալվող արդյունքներում նշված է, որ պետք է ստեղծվեն 100 000-ից ավել նոր աշխատատեղեր: Հետաքրքիր է, մեկ տարվա ընթացքում ունե՞նք արդյունքներ, թե ոչ, և նոր ծրագրի 100 000-ը նո՞ւյն թիվն է, թե մեկ տարվա արդյունքին պետք է գումարել առաջիկա 4 տարվա ընթացքում ստեղծվելիք 100 000-ը»:

Կառավարության ծրագիրը պաշտպանելուն ուղղված ելույթները ԱԺ
Հ.Յ. Դաշնակցություն խմբակցության անդամ Վահան Հովհաննիսյանին «կրկեսային հնարքներ» էին հիշեցրել: Փաստաթղթի  վերաբերյալ խմբակցության դիրքորոշումն արտահայտելիս դաշնակցական պատգամավորն իր ելույթում շեշտադրումն արեց կառավարություն-ընդդիմադիր ուժեր համագործակցության վրա, որի մասին այդքան խոսում են  կառավարության անդամները՝ վարչապետի գլխավորությամբ: «Եթե ուզում ենք համագործակցել, պետք է անկեղծ լինենք, բայց շատերը կանգնում են այստեղ ու հայտարարում, թե քաղաքական գնահատականը ժողովուրդը տվել է` վստահություն քվե եք ստացել: Այդ դեպքում ինչո՞ւ եք ուզում համագործակցել, դուք ամենախելոքն եք, չէ՞: Բայց դուք հասկանում եք, որ իրականությունը դա չէ: Ուզում եմ հարց տալ` եթե ամեն ինչ այդքան լավ է, ինչո՞ւ է ամեն ինչ այդքան վատ», -հայտարարեց Վահան Հովհաննիսյանը: Իսկ կառավարության ծրագրին Դաշնակցությունը դեմ  քվեարկեց, որովհետև «այն իրատեսական չէ»:

«Ժառանգությունը» նույնպես դեմ էր կառավարության ներկայացրած փաստաթղթին: Խմբակցության ղեկավար Ռուբեն  Հակոբյանը համոզված էր՝  ինչքան էլ սիրուն ձևակերպված լինի ծրագիրը, միևնույնն է՝ այսպիսի համակարգում հնարավոր չէ  իրականացնել: Նրա խոսքով՝ որևէ ծրագիր իրագործելու համար պետք է ոչ ասվի կոռուպցիային, վերացվի մենաշնորհը, կարգավորվի մրցակցային դաշտը, ինչի մասին իշխանությունների հավաստիացումները համոզիչ չեն։ «Մենք այսօր մի քանի գործադիր իշխանություն ունենք, որոնք չեն երևում, բայց ուղղորդում են տնտեսությունը։ Դրա համար համոզիչ չեք», -հայտարարեց պատգամավորը:

Իրեն այլըտրանքային ուժ հռչակած
«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը ևս դեմ քվեարկեց կառավարության գործունեության ծրագրին: Խմբակցության դիրքորոշումը հայտնելիս պատգամավոր Ստեփան Մարգարյանը հայտարարեց, որ բացակայում են նախաձեռնողական ծրագրերը, իսկ առկա խնդիրներին լուծումներ չեն տրվում: «ԲՀԿ-ն, մաս չկազմելով իշխանությանը, հավատարիմ մնալով իր որդեգրած կառուցողական գործելաոճին, ունենալով հստակ ալյընտրանքային պատկերացում առաջիկա տարիներին երկրի համար առաջնահերթ խնդիրների և դրանց լուծման վերաբերյալ, չի կարող կիսել այս ծրագրի քաղաքական պատասխանատվությունը և դեմ է քվեարկում ներկայացված ծրագրին», -խմբակցության տեսակետը հիմնավորեց Մարգարյանը: Ի դեպ, եզրափակիչ ելույթում վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց, որ այս մի քանի օրերին նկատել է՝ խորհրդարանում մտածողության հեղափոխություն է տեղի ունեցել:

Քառօրյայի սկզբին, հիշեցնենք, կառավարության ծրագիրը ներկայացնելիս վարչապետը խոսել էր մտածողության հեփափոության մասին. «Այս երեք օրերի ընթացքում ես տեսա, որ այս դահլիճում մտածողության փոփոխություն տեղի ունեցավ, հեղափոխությունը սկսվեց այստեղից, և ես ձեզ շնորհակալ եմ դրա համար», - հայտարարեց վարչապետը:
Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները