Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Կատեգորիկ անհամաձայնություն

Կատեգորիկ անհամաձայնություն
Կառավարության ծրագրի ներկայացումը խորհրդարանում մեծ հաշվով ֆորմալ բնույթ ուներ: Հին կառավարությունը ստիպված էր մեկ տարվա ընթացքում երկու նոր ծրագիր ներկայացնել ԱԺ հաստատմանը ոչ այն պատճառով, որ երկրի զարգացման կամ իրավիճակի բարելավման համար առաջիկա 4 տարիների համար նոր ու թարմ մոտեցումներ էր ցանկանում առաջարկել, այլ հանգամանքների պարտադրանքով. սահմանադրական պահանջով խորհրդարանական և նախագահական ընտրություններից հետո պետք է նոր կառավարություն ձևավորվի, և սա էլ նոր ծրագիր ներկայացնի խորհրդարանի հաստատմանը: Այս արարողությանը ֆորմալ կամ ձևական բնույթ էր  հաղորդում հիմնականում այն իրողությունը, որ «նոր կառավարությունը» բոլորովին էլ նոր չէր ոչ այս անգամ, ոչ էլ մեկ տարի առաջ: Առողջ տրամաբանությունը հուշում էր, որ ոչ միայն որևէ անակնկալ, այլև նույնիսկ որևէ հետաքրքիր բան պետք չէ ակնկալել: Իսկ ներկայացված ծրագիրը փաստեց, որ կառավարությունն ինքն էլ իր ծրագիրը կազմելիս առաջնորդվել էր այդ նույն առողջ տրամաբանությամբ:

Այսուհանդերձ, խորհրդարանում բուռն, նույնիսկ թեժ քննարկում ծավալվեց, ինչին ակնհայտորեն չէր նախապատրաստվել կառավարությունը: Ընդդիմության առաջին իսկ արձագանքին կառավարության ղեկավարը հակադարձեց հնչեցված գնահատականին իր կատեգորիկ անհամաձայնությամբ: Այսքանը նորմալ էր. միշտ էլ իշխանությունը կատեգորիկ չի համաձայնում ընդդիմության հետ: Սակայն հենց հաջորդ պահին տեղի ունեցավ այն, ինչը բացահայտեց ու կանխորոշեց մեծամասնության վարքագիծը հետագա քննարկումների ընթացքում. վարչապետը զայրացավ և ասելիքը տեղափոխեց անձնական բնույթի խայթոցների հարթություն:

Խորհրդարանական ընդդիմությունը շարունակեց գրագետ, առարկայական ու հիմնավոր քննադատել կառավարության ներկայացրած ծրագիրը: Քաղաքական մեծամասնության ներկայացուցիչները ծրագիրը պաշտպանելու, դրա առավելություններն ու ուժեղ կողմերը մատնացույց անելու փորձ անգամ չանելով՝ անխնա քննադատեցին քննադատողներին: Դիրքորոշումները նեկայացվում էին մոտավորապես այսպիսի սցենարով. ընդդիմություն՝ սա ծրագիր չէ, հռչակագիր է. մեծամասնություն՝ իսկ դուք քանի՞ տոկոս ձայն ստացաք քաղաքապետի ընտրություններում:

Մեծամասնության այսպիսի ռազմավարությունը ստրատեգները միանշանակորեն դատապարտված կորակեին, սակայն մեր խորհրդարանում հարցերի ճակատագրերը որոշվում են ոչ թե ռազմավարություններով ու մարտավարություններով, այլ քվեարկողների քանակով: Մեր խորհրդարանի հենց այս առավելությունն էր հաշվի առել կառավարությունը, որ այդպես անփույթ էր գտնվել պաշտպանությունը նախապատրաստելու հարցում:

Կառավարության համար մեծ հաշվով խորհրդարանական քննարկումները ոչինչ չէին նշանակում այն պարզ պատճառով, որ ինչ էլ բերեր՝ արժանանալու էր մեծամասնության հավանությանը: Եթե անգամ կառավարությունն իր ծրագրում գրեր, որ առաջիկա 4 տարիների ընթացքում իր ողջ եռանդն ու ջանքերն ուղղելու է այսօրվա երանելի վիճակի պահպանմանն ու ամրապնդմանը, կամ ընդհակառակը՝ գրեր, որ առաջիկա 4 տարիների ընթացքում Հայկական աշխարհը դարձնելու է մոլորակի ամենազարգացած (բազմակողմանիորեն) ու ամենաբարեկեցիկ երկիրը՝ դա որևէ կերպ չէր անդրադառնալու քվեարկության արդյունքների վրա: Ուրեմն պետք է շնորհակալ  լինել կառավարությանը, որ նա իր ծրագրի բովանդակությունը ջանացել էր տեղավորել վերոհիշյալ երկու ծայրահեղությունների արանքում:

Եթե կառավարության հաշվարկի ճշգրտությունն անխոցելի էր քվեարկության արդյունքների մասով, ապա նույնը չի կարելի ասել քննարկումների վերաբերյալ: Ի վերջո, հանրության զգալի հատվածն այդ ծրագրի մասին պատկերացում կազմեց հենց խորհրդարանական քննարկումների միջոցով: Նա իմացավ, որ կառավարության ծրագիրը կազմվել է հանրապետական կուսակցության, ՀՀԿ և ՀՀ նախագահի նախընտրական ծրագրերի հենքի վրա և ավելի շատ հիշեցնում է նախընտրական պլատֆորմ (նույնիսկ՝ բաժակաճառ), քան կառավարության գործունեության ծրագիր: Նրա համար պարզ դարձավ, որ նոր կառավարությունն էլ, հնի նման, չի առաջարկում (ուրեմն նաև չի պատկերացնում) այն գործուն քայլերը, որոնցից յուրաքանչուրը կատարելուց հետո ինքը կզգա իր կյանքի որակի որոշակի բարելավում: Կառավարությունն, իհարկե, կատեգորիկ համաձայն չէր այդպիսի գնահատականների հետ, բայց նրա անհամաձայնությունն արդեն այնքան էլ կարևոր չէր, որովհետև մեծամասնության հետ միասին նրանք չկարողացան ու նույնիսկ չփորձեցին ապացուցել հակառակը:  


Աննա Տիգրանյան
Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները