Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Հանրապետականների ներողությունը

Հանրապետականների ներողությունը
Բոլոր այն դեպքերում, երբ քաղաքական գործիչները առիթ են ունենում խոսելու բարոյական արժեքների` սիրո, բարության, վստահության մասին, գրեթե միշտ նշում են, որ թվարկվածները քաղաքական կատեգորիաներ չեն: Քաղաքական կատեգորիա է, արդյո՞ք, ներողություն խնդրելը. դատելով մինչև այսօր գրանցված նախադեպերով` ներողություն խնդրելու մշակույթը քաղաքականության մեջ այնքան էլ ընդունված չէ, մինչդեռ դրա համար քիչ առիթներ չեն եղել, և հատկանշական է, որ այդ բոլոր դեպքերը առնչվել են հանրապետականներին: Քանի՞ անգամ են ներողություն խնդրել կամ ներողություն խնդրելու պատրաստակամություն հայտնել ՀՀԿ-ականները: Խոսքը բացառապես Ազգային ժողովում գրանցված դեպքերի մասին է: Դրանք բոլորը առնչվում են պատգամավորի էթիկային:

Եվ այսպես` կարողանո՞ւմ են ներողություն խնդրել հանրապետականները: «Ես ներողություն չեմ խնդրի։ Ես ինձ մեղավոր չեմ ճանաչում։ Իմ ինքնասիրությունը ամեն ինչից բարձր ա»,-ասել էր պատգամավոր
Մհեր Սեդրակյանը` Ա1+ի լրագրող Մհեր Արշակյանի հետ կապված միջադեպի առիթով: Հետո նրա կողմից մի հայտարարություն տարածվեց, որը ոչ թե կոնկրետ ներողություն էր, այլ տեսքտ` ներողություն խնդրելու մասին:

Հաջորդ հանրապետականը, ով խոսեց ներողություն խնդրելու մասին, պատգամավոր
Նաիրա Կարապետյանն էր: Ի տարբերություն իր ավագ կուսակցի` նա պատրաստ էր ներողություն խնդրել իր դեմ էթիկայի հանձնաժողով  դիմում գրած Արմինե Թութունջյանից: Այս մասին ասել էր. «Եթե կան լուրջ մեղադրանքներ, ես պատրաստ եմ բոլորի ներկայությամբ լսել և բոլորի ներկայությամբ պատասխանել: Եվ եթե վիրավորել եմ՝ անգամ ներողություն խնդրել»:

«Եթե»-ով պատրաստ է ներողություն խնդրել նաև ՀՀԿ-ական
Սամվել Ալեքսանյանը, չնայած չգիտի, թե ինչի համար. «Ինչի՞ համար ներողություն խնդրեմ, ո՞վ է ասում: Եթե վատ բան արած լինեմ, ներողություն կխնդրեմ, բայց ես վատ բան չեմ արել»: Ալեքսանյանի ներողություն խնդրելու անհրաժեշտության մասին խոսվեց մայիսի 5-ի ընտրություններից հետո, երբ նա գնացել էր ընտրատեղամաս, հրահանգներ տվել ՀՀԿ-ի վստահված անձանց ու, ըստ  «Թրանսփարենսի ինթերնշնլի», միջամտել ընտրական գործընթացին ու խախտել պատգամավորի էթիկայի կանոնները:

Եվ վերջապես` ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի պատկերացումները ներողություն խնդրելու մասին:  Լրագրողի հարցին` «Հնարավո՞ր է` ներողություն խնդրեք Զարուհի Փոստանջյանից», Գալուստ Սահակյանը պատասխանել էր. «Հարցը տալիս եք՝ աչքերիս մեջ նայելո՞վ: Նմա՞ն եմ ես: Ես ներողամիտ եմ, բայց երբեք ներողություն չեմ խնդրի»: Խոսելով այն մասին, թե Զարուհի Փոստանջյանին վիրավորելու համար «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը կարող է իր դեմ դիմում ներկայացնել էթիկայի հանձնաժողով, Գալուստ Սահակյանը  նաև ասել էր. «էթիկայի հանձնաժողովին կարող են դիմել միայն էթիկայից թույլ մարդիկ»: Մինչդեռ ուժեղ մարդիկ, սա արդեն ոչ թե ըստ Գալուստ Սահակյանի, այլ ըստ հոգեբանների, կարողանում են ներողություն խնդրել:
Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները