Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Բուռն քննարկում արձակուրդից առաջ

Բուռն քննարկում արձակուրդից առաջ
Համաձայն ԱԺ կանոնակարգ օրենքի 101-րդ հոդվածի՝  Վերահսկիչ պալատի տարեկան  հաշվետվությունը խորհրդարանի  քննարկմանն է ներկայացվում բյուջետային տարվա ավարտից հետո ոչ ուշ, քան երեք ամսվա ընթացքում և  քննարկվում է մինչեւ տվյալ հերթական նստաշրջանի ավարտը: Պատգամավորներն այն քննարկում են՝ առանց որևէ փաստաթուղթ ընդունելու: ՎՊ  2012 թ.-ի հաշվետվությունը ԱԺ-ն քննարկեց գարնանային նստաշրջանի վերջին քառօրյայի վերջին օրը:

Քննարկումը բավական բուռն էր: Շինարարկության ու գնումների ոլորտներում, ինչպես նաև դատաիրավական բարեփոխումների ԾԻԳ-ի գործունեության մեջ բացահայտած պետական միջոցների յուրացումների ու խախտումների վերաբերյալ քննարկումից անմասն մնացին միայն այլընտրանքային «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները: Փոխարենը խորհրդարանական ընդդիմության հետ միասին ակտիվորեն հարցադրումներ էին անում նաև Հանրապետական խմբակցության անդամները:

Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը խորհրդարան էր եկել մալուխը ձեռքին, որպեսզի պատգամավորներին պատկերավոր բացատրի, թե ինչպես են մսխվել բյուջեի գումարները: «Այս մալուխի մեկ մետրը խանութներում վաճառվում է 110 դրամով, ինձ մոտ կտրոնը կա: Նախահաշիվներում այս նույն մալուխի դիմաց գրված է 1007 դրամ», - ցույց տալով ձեռքի մալուխը՝ հայտարարեց Զաքարյանը: Ի դեպ, ներկայացրած հաշվետվության մեջ խախտումներն ու յուրացումներն այնքան շատ էին, որ ՕԵԿ խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը նկատեց՝ ոչ թե մալուխ էր պետք, այլ՝ ձեռնաշղթաներ:

ՎՊ նախագահի պնդմամբ՝ կոռուպցիայի տեսանկյունից ռիսկային շարունակում են մնալ շինարարության ու գնումների ոլորտները: Պետական բյուջեից շուրջ 700 մլրդ դրամ է գնում  այս  բնագավառներին, սակայն հետո պարզվում է, որ գումարները նպատակին չեն ծախսվել, իսկ աշխատանքը կատարվել է անորակ: Էլ ավելի պատկերավոր դարձնելու համար Զաքարյանը հիշեց դատարանների պատուհանները. ըստ Վերահսկիչ պալատի, միտումնավոր կերպով նախահաշվում ցույց են տալիս, որ ասենք, մետաղապլաստե պատուհանի մեկ քառակուսի մետրը արժե 85 հազար դրամ, փաստացի վճարվում է 53 հազար դրամ: Այսինքն այս կերպ փորձում են ցույց տալ, թե շատ էժան պատուհան են ձեռք բերել, մինչդեռ իրականում այդ պատուհանը արժե ոչ թե 53, այլ 30 հազար դրամ: «Դատաիրավական ծրագրերի իրականացման գրասենյակի» (ԾԻԳ) կողմից տարբեր խախտումների վերաբերյալ փաստաթղթերն ուղարկվել են Գլխավոր դատախազություն, քրեական գործ կհարուցվի՞, թե՞ ոչ՝  առայժմ հայտնի չէ: Սա, ի դեպ,  ստուգումների ու վերահսկողության արդյուքնում արձանագրված խախտումներից միակն է, որի վերաբերյալ նյութերը ՎՊ-ն ուղարկել է իրավապահներին:

Պալատի այս ու այլ աղմկահարույց խախտումները զարմացրին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին: «Ես զարմացած եմ, այսինքն, կոպիտ ասած գործ ունենք թալանչիների հետ: Իրական փողերը բյուջեից որոշ մարդիկ լափում են, և մենք ոչ մի քայլ չենք անում: Ի՞նչ են ասում այդ չինովնիկները, երբ ասում եք, որ 100 մլն, 200 մլն յուրացրել եք»,- Զաքարյանից հետաքրքրվեց Աբրահամյանը: ՎՊ նախագահը հստակ պատասխան չտվեց, ասաց, որ ԱԺ խմբակցությունների հետ երկար քննարկել են խնդիրը, այս մասին խոսվել է   կառավարության վերջին նիստերում: Վարչապետի հանձնարարականից հետո խախտումներ հայտնաբերված ոլորտների պատասխանատուները պարզաբանումներ են ներկայացրել, որոնք տեղադրված են կառավարության պաշտոնական կայքէջում: Պատասխանը, սակայն, չբավարարեց ԱԺ նախագահին. « Գտնում եմ, որ վարչապետը լուրջ գործ ունի այս ուղղությամբ, սա պետք է լուրջ հետևանքներ ունենա, պետք է ազատվել այն մարդկանցից, ովքեր զբաղված են թալանով, կեղծիքներով, յուրացումներով»:

ԱԺ նախագահի  հայտարարությունն ու զարմացած որակումները առիթ տվեցին, որ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը շնորհավորի Իշխան Զաքարյանին. «Ես շնորհավորում եմ Ձեզ, պարոն Զաքարյան, որ դուք Ձեր վեցամյա աշխատանքի ընթացքում հասել եք այն արդյունքին, որը կարելի է հրաշք անվանել. Հովիկ Աբրահամյանն օգտագործեց այն բառապաշարը, որն այսքան տարիներ օգտագործում է ՀԱԿ-ը, այն է` կառավարությանը անվանեց թալանչիներ»: «Օր առաջ պետք է ազատվենք այդ կոռումպացված չինովնիկներից». սա արդեն ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի արձագանքն էր,  որին, ինչպես ինքն ասաց, քաղաքական հայտարարություն  հաջորդեց: «Ես քաղաքական հայտարարություն եմ անում՝ չաղ ու բախտավոր չինովնիկների ժամանակներն անցել են», -հայտարարեց նա: Վերահսկողության արդյունքներից  տարակուսած էր  նաև ՀՅԴ խմբակցության ղեկավարը:

«Ո՞ւր է մեզ տանելու այս աշխատաոճը: Լավ, այս ամենն ասում ենք, հետո ի՞նչ եք անելու, ո՞ւր ենք ուզում այսպես գնալ-հասնել»,- հայտարարեց Արմեն Ռուստամյանը`ընդգծելով ՎՊ նախագահի հետ համագործակցության անհրաժեշտությունը: Իշխան Զաքարյանը վստահեցրեց, որ կիսում է բոլորի մտահոգությունները. «Ես կոչ եմ արել բոլոր խմբակցություններին՝ աշխատել մեզ հետ: Այո, կան կոռուպցիոն լրջագույն ռիսկեր, բոլորն այդ մասին խոսում են, իսկ մենք ասում ենք թե ընդդիմությանը, թե իշխանություններին, եկեք միասին այդ խնդիրները լուծենք: Ինչ վերաբերում է պատժելուն, ապա դա մեր խնդիրը չէ. մենք պատժիչ գործառույթ չունենք»:

Ի տարբերություն մյուս պատգամավորների, ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանին հետաքրքրում էր Իշխան Զաքարյանի առանձնատան պատմությունը  և այն,  թե ինչ միջոցներով է այն կառուցվել: «Հիշո՞ւմ եք` անցած տարվա մեր քննարկումները, որի ժամանակ ես հարց տվեցի, որը, սակայն, անպատասխան մնաց: Հաշվետու ժամանակահատվածում դուք ավարտին եք հասցրել ՊՆ հարևանությամբ այն հսկայական դղյակի շինարարությունը, որն անցյալ տարի դեռ շինարարության փուլում էր: Կարո՞ղ եք ներկայացնել` ի՞նչ միջոցներով եք կառուցել ձեր շքեղ առանձնատունը, ձե՞րն է այն և դո՞ւք եք այնտեղ ապրում», - Զաքարյանից հետաքրքրվեց Փաշինյանը: Հարցն այս անգամ էլ անպատասխան մնաց: ՎՊ նախագահն ասաց, որ իր ընտանիքն է այդ տան մեջ ապրում,  բայց իրե՞ն է պատկանո՞ւմ, թե՞ ոչ՝ չմանրամասնեց: Չասաց նաև,   թե  ինչ միջոցներով է այն կառուցվել:
Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները