Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Զարմացան-ըմբռնեցին-ընդունեցին ի գիտություն

Զարմացան-ըմբռնեցին-ընդունեցին ի գիտություն
Առողջ տրամաբանությանը հակասող հերթականությամբ Ազգային ժողովը գարնանային նստաշրջանի եզրափակիչ հատվածում նախ հավանության արժանացրեց կառավարության գործունեության ծրագիրը, ապա՝ նախորդ տարվա բյուջեի կատարողականի վերաբերյալ հաշվետվությունը, և հետո միայն լսեց Վերահսկիչ պալատի հաշվետվությունն այն մասին, թե նույն կառավարությունն ինչպես է ծախսել (իսկ ինչպես պարզվեց՝ վատնել) բյուջետային միջոցներն անցած տարվա ընթացքում: Հասկանալի է, որ հարցերի քննարկման հերթականությունը գլխիվայր շրջված էր, սակայն  ՀՀ-ում առաջին անգամ  չէ, որ հենց այդպես է ստացվում, և այդ պրակտիկան  նույնիսկ համառորեն փորձում է օրինաչափություն դառնալ:

Օրինաչափ էր նաև խորհրդարանական մեծամասնության և փոքրամասնության արձագանքն առաջին երկու դեպքերում. մինչ ընդդիմությունը հանգամանորեն ու հիմնավոր ապացուցում էր, որ ծրագիրը ծրագիր չէ, իսկ կատարողականն էլ՝ կատարողական, մեծամասնությունը համարժեք համոզվածությամբ հիանում էր կառավարության ներկայացրած ծրագրով և իր գոհունակությունն արտահայտում կատարողականի վերաբերյալ: Շեղումն այս դասական սցենարից տեղի ունեցավ ավելի ուշ՝ երրորդ դեպքում, և ամեն ինչ դարձավ խայտառակորեն տրամաբանությունից զուրկ: ՀՀ կառավարության բազմամյա գործունեության տեսլականով ու պրակտիկայով բավարարված և այդ առիթներով իր գոհունակությունն արտահայտած խորհրդարանական մեծամասնությունը մյուսների (փոքրամասնության) հետ միասին շատ արագ ձեռնամուխ եղավ ունկնդրելու Վերահսկիչ պալատի ամենամյա հաշվետվությունը:

ՀՀ շարքային քաղաքացիների համար 2012-ին վերաբերող այդ հաշվետվության բովանդակության ու հիմնական շեշտադրումների մեջ ոչ միայն որևէ արտառոց բան չկար, այլև ամեն ինչ ձանձրացնելու չափ ծանոթ էր. բյուջետային միջոցների մսխում ու թալան, մանր ու խոշոր խաբեություններ, էլիտար ամենաթողություն և այլն, և այսպես շարունակ: ՀՀ շարքային քաղաքացու քաջատեղյակությունն այդ ամենին սնվել էր ոչ միայն վաղուց ականջ ծագող բզզոցի վերածված շշուկներով, այլև ՎՊ նախագահի նախորդ, նախա-նախորդ…տարիների հաշվետվություններով, որոնք պարբերաբար ներկայացվել էին խորհրդարանին և դավադիր կերպով սպրդել մեծամասնության ուշադրությունից: Հերթական դավադրությունն այս անգամ կանխվեց խորհրդարանի խոսնակի անակնկալ ու անթաքույց զարմանքով՝ մի՞թե իսկապես մեր երկրում ամեն ինչ այդքան վատ է: Խոսնակն իր զարմանքն արտահայըեց բավականին կոշտ տոնայնությամբ և կանաչ լույս վառեց օրենսդիր մարմնի իր կուսակիցների համար: Մի պահ նույնիսկ գործադիրը կարող էր չկողմնորոշվել՝ իր հասցեին արվող «հաճոյախոսությունները» իր հենարան մեծամասնությա՞ն, թե՞ ընդդիմադիր փոքրամասնության շուրթերից են հնչեցվում: Գարնանային նստաշրջանը հենց այսպես էլ ավարտվեց՝ ողջ հայ հանրությանն ամբողջ 3 օր դեմ հանդիման թողնելով անլուծելի հանելուկի հետ: 

Կառավարությունն իր ձիու քայլն արեց իր նախաձեռնած արտահերթի մեկնարկին՝ անպատեհորեն ընդհատված հարցը մեծահոգաբար ընդգրկելով արտահերթ նստաշրջանի օրակարգ: Ստոիկյան անվրդովությամբ գործադիրի ներկայացուցիչը ժամերով «բացատրեց» խորհրդարանին, որ երկրում ոչ մի թալան ու ամենաթողություն էլ չկա և ավելին՝ Վերահսկիչի հաշվետվությունն ինքն էլ ամենևին նման եզրահանգման հիմքեր չի տալիս: Մեծամասնությունն այնքան ազդվեց այդ բացատրությունից, որ հախուռն նետվեց քավելու իր մեղքը հաշվետվությունից ստացած թյուր տպավորության համար: Խորդարանի խոսնակն էլ՝ ջանալով բացատրել իր անսպասելի զարմանքի պատճառը, հպարտորեն հայտարարեց, որ ոչ ինքը, ոչ էլ ՀՀ նախագահը մարդկանց պաշտոնների նշանակելիս երբևէ որևէ մեկի հետ պայմանավորվածություն չեն ունեցել թալանելու վերաբերյալ: Այս հիմնավոր ու սպառիչ բացատրություններով էլ ամեն ինչ իր տեղն ընկավ՝ դարձ ի շրջանս յուր:

ՀՀ խորհրդարանը՝ ի կատարումն ՀՀ սահմանադրության պահանջի, ի գիտություն ընդունեց ՀՀ վերահսկիչ պալատի՝ 2012 թվականի տարեկան հաշվետվությունը ՀՀ պետական բյուջեի միջոցների օգտագործման արդյունավետության վերաբերյալ: Վերահսկիչի հերթական հաշվետվությունը մի քանի օր հայ հանրությանը և մանավանդ լրատվամիջոցներին այնպիսի չափաբաժնով ադրենալին հրամցրեց, որ դժվար է պատկերացնել, թե ինչպես է շուտով ամեն ինչ ընկղմվելու արձակուրդային երանելի թմբիրի մեջ: Բայց որ ընկղմվելու է՝ անկասկած է. ոչ ՎՊ-ի աղմկոտ բացահայտումները, ոչ էլ խորհրդարանում հատկապես առաջին ալիքի վրա դրանց վերաբերյալ հնչեցված ոչ պակաս աղմկոտ գնահատականները, անշուշտ, որևէ կերպ չեն  խաթարի հայաստանյան կայունության անխախտ ընթացքը:

Աննա Տիգրանյան

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները