Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Նվազագույն աշխատավարձը հուլիսի 1-ից կդառնա 45 հազար դրամ

Նվազագույն աշխատավարձը հուլիսի 1-ից  կդառնա 45 հազար դրամ
Արտահերթ նստաշրջանի  հունիսի 20-ի նիստում ԱԺ բոլոր խմբակցությունները  պաշտպանեցին նվազագույն աշխատավարձը 10 հազար դրամով բարձրացնելու  կառավարության առաջարկը: Օրենսդրական փաթեթն ընդունվեց ձայների  91 կողմ, 1 ձեռնպահ հարաբերակցությամբ: 2013թ.-ի հուլիսի 1-ից նվազագույն աշխատավարձը Հայաստանում գործող 35 հազարի փոխարեն կդառնա 45 հազար դրամ: Փոփոխությունը կվերաբերի  ՀՀ շուրջ  160 հազար քաղաքացիների:

«Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքում և հարակից մի քանի օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթը ներկայացնելիս Աշխատանքի և սոցիալական ապահովության նախարար Արտեմ Ասատրյանը հստակեցրեց՝ կբարձրանա այն աշխատողների աշխատավարձը, ովքեր ստանում են մինչև 45 հազար դրամ աշխատավարձ: «Ելնելով աշխատավարձի քաղաքականության հիմնական նպատակներից, ինչպես նաև ՀՀ կառավարության  2013-2017թթ. ծրագրի դրույթների իրականացման անհրաժեշտությունից` նախագծով առաջարկվում է նվազագույն աշխատավարձի գործող չափը սահմանել 45.000 դրամ: Հաշվետու ժամանակաշրջանում ակնկալվում է նվազագույն աշխատավարձի մակարդակը առնվազն կրկնապատկել և ապահովել նվազագույն աշխատավարձ/աղքատության ցուցանիշի առնվազն 140 տոկոս մակարդակ» -հայտարարեց նախարար Ասատրյանը: Կառավարությունն, ըստ նրա, աշխատավարձերի քաղաքականության համակարգային վերանայում, նախատեսում է 2014 թվականի հունվարի 1-ից:

Նվազագույն աշխատավարձն այս փուլում և այս չափով  բարձրացնելու կառավարության քաղաքականությունը արժանացավ  ՀՅԴ, ՀԱԿ խմբակցությունների  քննադատությանը: Խորհրդարանական ընդդիմությունը նախաձեռնությունը որակեց «դրական էլեմենտ պարունակող, բայց հիմնավոր լուծումներ չտվող»: Արծվիկ Մինասյանը կառավարությանը հիշեցրեց. նախորդ տարեվերջին ՀՅԴ-ն առաջարկում էր բարձրացնել նվազագույն աշխատավարձը, ավելին` դրա հաշվարկման հիմքում որոշակի բանաձև դնել, ինչին կառավարությունը համաձայն չէր (2012թ. դեկտեմբերին գործադիրը  հնարավոր  համարեց նվազագույն աշխատավարձի ընդամենը 2.5 հազարով բարձրացումը ): «Ի՞նչ արեց կառավարությունը մեր նախագիծը, մերժեց և հիմա բերում է այս նախագիծը ու անունը դնում, թե իբր միջանկյալ լուծում է տալիս: Իրականում կառավարությունը ոչ թե միջանկյալ լուծում է տալիս, այլ ևս մեկ անգամ հաստատում է իր անգործությունն ու  անհետևողական քաղաքականությունը»,- հայտարարեց դաշնակցական պատգամավորը: Նա նաև հետաքրքվեց՝ կառավարությունը վեց ամիս առաջ չգիտե՞ր, որ բարձրանալու են գազի և էլեկտրաէներգիայի գները, չգիտե՞ր, որ բնականոն գնաճ է տեղի ունենալու: «Եթե գիտեիք, էն ժամանակ անեիք, հիմա բերել եք տարվա կեսից նվազագույն աշխատավարձի բարձրացում եք իրականացնում:  Դա որքան էլ դրական է սոցիալական առումով, նույնքան  սխալ է տնտեսական, քաղաքական տեսանկյունից: Դնել տարվա կեսից խաղի կանոն փոխել, էն էլ անհասկանալի սկզբունքներից ելնելով, պարազապես չեմ կարող բնութագրել, թե ինչ տնտեսական քաղաքականություն է իրականացնում մեր երկիրը», -դիմելով կառավարության ներկայացուցչին՝ հայտարարեց Արծվիկ Մինասյանը: 

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանի կարծիքով, նվազագույն աշխատավարձի բարձրացումը «զուտ մեթոդաբանական ու գործիքակազմային բնույթ ունի և տնտեսության իրական հատվածում որևէ փոփոխություն չի առաջացնելու»: ԱԺ Հայ Ազգային կոնգրես խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը կարծում է, որ նվազագույն աշխատավարձի տասը հազար դրամով բարձրացումը սոցիալական լարվածությունը չի մեղմի : «Դուք 10 հազար դրամով մի քանի հազար հոգու աշխատավարձ եք բարձրացնում: Լավ լուծում է, բայց հավատացեք, որ դրանով այդ մարդկանց մատի փուշը չեք հանում: Մենք կողմ ենք, բայց կողմ քվեարկելով՝  հստակ գիտակցում ենք, որ սոցիալական լարվածությունը մեծանալու է, գնողունակությունը ընկնելու է՝ գների բարձրացման ու ծառայությունների թանկացման պատճառով», -հայտարարեց Արամ Մանուկյանը:

Ավելի վաղ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել էր, որ Հայաստանում հուլիսի 1-ից նվազագույն աշխատավարձը բարձրացնելու համար անհրաժեշտ է լինելու մոտ  վեց մլրդ դրամ, իսկ թե ինչպես է կառավարությունը հայթայթելու այդ գումարը, վարչապետը չմանրամասնեց: Հարցը պատասխան չստացավ նաև խորհրդարանական քննարկումների ժամանակ:
Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները