Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Վերջին օրերի քրոնիկոն

Վերջին օրերի քրոնիկոն
Երբ նախարարները համաձայնեցված օրակարգով մեկը մյուսի հետևից սկսեցին հերքել ՎՊ հաշվետվության բացահայտումները, այդ ամենն ինձ հիշեցրեց Սափարմուրատ Նիյազովի գահակալության ժամանակաշրջանի Թուրքմենստանում տիրող էկզոտիկ բարքերը: Մասնավորապես մի դրվագ վերակենդանացավ իմ հիշողության մեջ. երկրի բարձրաստիճան պաշտոնյաները մի շարքով հերթ էին կանգնել, որպեսզի մոտենան ու համբուրեն իրենց ցմահ նախագահի ձեռքը՝ ի նշան հավատարմության ու հնազանդության: Այս ունայն աշխարհը վաղուց լքած Թուրքմենբաշին կենդանության օրոք ընդգծված սուլթանական հակումներ էր դրսևորում, և շրջապատը միանգամայն ադեկվատ էր արձագանքում   Թուրքմենների Առաջնորդի նախասիրություններին:

ՀՀ նախարարների՝ փաթեթով հրավիրած ասուլիսներից ինձ ամենաշատը տխրեցրեց էկոնոմիկայի նորանշանակ նախախարարինը: Ոչ միայն այն պատճառով, որ նա միակ համեմատաբար նոր մարդն էր կառավարության ֆինանասատնտեսական ոլորտում ու ստիպված էր պաշտպանվել իր իրավանախորդին հասցեագրված մեղադրանքներից, այլև ասելիքն էր մի տեսակ ճղճիմ. նա ստիպված էր հիմնավորել բիոզուգարանների գաղափարի հրատապությունը և այդ գաղափարը կյանքի կոչելու ընթացքի օրինականությունը: Սակայն դառնանք 2013-ի ամռան առաջին կեսի քրոնիկոնին և իրադարձությունները ներկայացնենք իրենց հաջորդականության մեջ. հունիսի 13-ին խորհրդարանում ներկայացվեց նախորդ տարվա բյուջեի ծախսերի և պետական ու համայնքային սեփականության տնօրինման արդյունավետության մասին ՎՊ հաշվետվությունը:

Ընդ որում՝ 2012-ի հաշվետվությունը, ի տարբերություն 2011-ի, նեկայացվեց առանց ժամանակացույցը խախտելու, սակայն, ինչպես նկատել էինք մեր նախորդ հոդվածներից մեկում, միայն այն բանից հետո, երբ խորհրդարանն արդեն հաստատել էր թե կառավարության գործունեության բազմամյա ծրագիրը և թե 2012 թվականի բյուջեի կատարողականը:  Սա հարցերի քննարկման նորմալ հաջորդականություն չէր, բայց քանի որ այդ մասին նույնպես խոսել ենք նախորդիվ, վերադառնանք իրադարձությունների հետագա զարգացման հունիսի 13-ի մեկնակետին: Մեր երկրում և մասնավորապես խորհրդարանում ամեն ինչ ընթանում էր բնականոն հունով, քանի դեռ Վերահսկիչի նախագահն ընթերցում էր հաշվետվությունը կամ նույնիսկ լրացնում ասելիքը հաշվետվության տեքստում չներառված մտքերով: Բնականոն այն իմաստով, որ հայ իրականության մեջ դժվար էր պատկերացնել, թե որևէ մեկին կարող էին արտառոց թվալ հրապարակված փաստերն ու բարձրաձայնված մտքերը:

Բայց արի ու տես, որ կար, այնուամենայնիվ, մեկը, որին այդ ամենը զարմացրել էր, այն էլ՝ շատ խիստ: Եվ այդ մեկը պատահական մարդ չէր, այլ՝ Ազգային ժողովի նախագահը: Օգտվելով արտահերթ հարցի իր իրավունքից, նա, փաստորեն, առաջինն արձագանքեց հաշվետվությանը և հայտարարեց, թե «փաստորեն մենք գործ ունենք թալանչիների, յուրացնողների հետ», թե մինչ խոսում ենք ստվերից, բյուջեի «իրական փողերը լափում են, և մենք ոչ մի քայլ չենք իրականացնում»: Քնարկումն արդեն սկսված էր, և խորհրդարանի քաղաքական մեծամասնությունը շատ ժամանակ չուներ վերլուծել-գնահատելու խոսնակի դրսևորած էքստրաօրդինար վարքագծի նպատակահարմարությունը:

Մինչ մեծամասնությունը փորձում էր կողմնորոշվել գիծը պահպանել-չպահպանելու հարցում, երիտասարդ փոխխոսնակը արագ որոշեց մեկ քայլ առաջ անցնել և քաղաքական հայտարարություն անել կոռումպացված, չաղ ու բախտավոր չինովնիկներին անցյալում թողնելու մասին: Ապա խոսեցին մյուսները: Այդ ընթացքում ոգևորվեց ՎՊ նախագահը: Ավելի շատ բան բացահայտվեց, ավելի խիստ գնահատականներ հնչեցին: Կառավարությունը ԱԺ խոսնակի ազգակաների վերաբերյալ բացահայտումներ արեց: Մամուլն այդ օրերին հեղեղվեց այդ ամենով և դրա շուրջ մտորումներով:

Ապա լռություն տիրեց: Ապա լռության մեջ պայթյունի նման հնչեց հունիսի 29-ին ՀՀ նախագահի մոտ տեղի ունեցած քննարկման մասին հաղորդագրությունը: Քննարկման խորագիրը խոսուն էր՝ «բյուջետային միջոցների արդյունավետ կառավարման և կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը միտված հարցերի շուրջ»: Քննարկմանը մասնակցող ՎՊ նախագահն անտարակույս որսացել էր խորագրի  թափանցիկ ակնարկը, որն առավել թափանցիկ դարձավ  ՀՀ նախագահի բացման խոսքում.  իրավիճակի հակիրճ նկարագրության մեջ  նա հատուկ ընդգծեց «առաջընթացը գնումների կազմակերպման գործընթացում», այն դեպքում, երբ  ՎՊ նախագահը խորհրդարանում «իրավիճակը գնումների համակարգում խիստ մտահոգիչ» էր գնահատել՝ այն շինարարության հետ  համարելով ամենախնդրահարույց ուղղությունները: Սակայն ՀՀ նախագահն ակնհայտորեն մտադիր չէր բավարարվել ակնարկներով, մանավանդ որ քննարկման մեխը հենց ՎՊ հաշվետվությունն էր: Այդ առթիվ նա ասաց այն ամենը, ինչ մտածում էր, և ասաց առանց նրբանկատության հետևից ընկնելու:

Նախագահն ասաց, որ Վերահսկիչ պալատը սխալ պատկերացում ունի իր գործառույթների մասին, որ նրա ղեկավարն իրավասու չէ կարծիք հայտնելու, և, որ ամենակարևորն է՝ կասկածի տակ դրեց հրապարակված փաստերի արժանահավատությունը: Ապա հրահանգավորված ասուլիսներ հրավիրեցին նախարարները: Չհամաձայնեցին հրապարակված փաստերի հետ: Վստահեցրին, որ իրենց համակարգերում չեն թալանում, առավել ևս՝ չեն լափում բյուջեի միջոցները: Բայց կուլմինացիան այլ համատեքստում էր. ՀՀ նախագահը խոստացել էր քննարկել խորհրդարանում քաղաքական մեծամասնության պահվածքը: Հայ հանրությունը սպասում էր պաշտոնանկությունների. ոչ նրանց շրջանում, ումից, ըստ Շարմազանովի հնչեցրած «իշխանության փիլիսոփայության», պետք է օր առաջ ազատվել, այլ խորհրդարանում կառավարության հասցեին քննադատության համար կանաչ լույս վառածների մեջ:

ՀՀԿ ԳՄ նիստը տեղի ունեցավ հուլիսի 4-ին: Պաշտոնանկություններ չեղան: Հաղորդագրություն քննարկվող հարցերի կամ քննարկման ընթացքի մասին՝ նույնպես: ՀՀԿ-ականներն ասացին, որ պայմանավորվել են, թե ինչպես են այսուհետ իրենց պահելու նմանատիպ իրավիճակներում: Բոլորը թեթևացած շունչ քաշեցին և գնացին տոնելու Սահմանադրության օրը: Տոներից հետո արդեն նոր մշակված պահվածքով թերևս կփորձեն համերաշխորեն հանգուցալուծել «օֆշորային սկանդալը»:


Աննա Տիգրանյան
Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները