Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Էթիկայի հանձնաժողովը հիմնականում մերժում է

Էթիկայի հանձնաժողովը հիմնականում մերժում է
Էթիկայի հանձնաժողովը Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներից չէ, բայց համաձայն ԱԺ կանոնակարգ օրենքի` գործում է ամբողջ գումարման ընթացքում` նստաշրջաններից առաջ հաստատելով իր կազմը: Ունի ընդամենը 6 անդամ` մեկական ներկայացուցիչ խորհրդարանական 6 խմբակցություններից: Հանձնաժողովում, յուրաքանչյուր նստաշրջանում, հաջորդաբար նախագահում են Ազգային Ժողովի ամենամեծ եւ ամենափոքր խմբակցությունների ներկայացուցիչները` Դավիթ Հարությունյան (ՀՀԿ) և Նիկոլ Փաշինյան (ՀԱԿ): Այսպես սահմանում է Ազգային Ժողովի կանոնակարգ օրենքը:

Ի տարբերություն մշտական հանձնաժողովների, որոնք քննարկում եւ եզրակացություն են տալիս օրենսդրական նախաձեռնությունների վերաբերյալ, էթիկայի հանձնաժողովի գործունեությունը առնչվում է հիմնակում մեկ օրենքի` Ազգային Ժողովի կանոնակարգին, իսկ հանձնաժողովը եզրակացություն է տալիս պատգամավորների կողմից այդ օրենքով սահմանվող էթիկայի կանոնները խախտելու վերաբերյալ: 5-րդ գումարման Ազգային Ժողովի էթիկայի հանձնաժողովը քաղաքացիներից ստացված առաջին երկու դիմումները վարույթ չընդունեց: Դիմումատուներից մեկը Արարատի մարզի Դվին գյուղի բնակիչ Արթուր Զադոյանն էր: Նա հանձնաժողովին տեղեկացնում էր, որ 2009 թվականին պատգամավոր Կարո Կարապետյանը կրակել է իր վրա` փորձելով սպանել իրեն: Հարուցվել էր քրեական գործ, որի ընթացքը կասեցվել էր: Հանձնաժողովի համար, ինչպես նշվել էր դիմումի առնչությամբ տրված եզրակացության մեջ, պարզ չէր, թե ինչ է ակնկալում քաղաքացին հանձնաժողովից:

Դիմումը վարույթ չընդունելու հիմնական փաստարկը, սակայն, այն էր, որ համաձայն ՀՀ Սահմանադրության  22-րդ հոդվածի 6-րդ մասի` պատասխանատվություն սահմանող կամ պատասխանատվությունը խստացնող օրենքը հետադարձ ուժ չունի.
դեպքը տեղի էր ունեցել 2009 թվականին, իսկ Ազգային Ժողովի կանոնակարգ օրենքի լրացումը, որով սահմանվում էին էթիկայի հանձնաժողովի իրավունքներն ու պարտականո ւթյունները, կատարվել էր 2012 թվականին: Դիմումի՝ վարույթ ընդունումը մերժվեց հանձնաժողովի անդամների ձայների 4/2 հարաբերակցությամբ: Մերժմանը դեմ էին քվեարկել Նիկոլ Փաշինյանը եւ Զարուհի Փոստանջյանը: Զարուհի Փոստանջյանը` ձեռնպահ, իսկ Նիկոլ Փաշինյանը դարձյալ դեմ քվեարկեցին նաեւ երկրորդ դիմումի մերժմանը: Այս անգամ դիմումատուն «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ-ն էր: Առիթը մայիս ամսին DIY ակումբի պայթեցումն էր: Փաստով հարուցվել էր քրեական գործ, 2 անձանց առաջադրվել էր մեղադրանք`ուրիշի գույքի ոչնչացման համար: Նախաքննական մարմինը միջնորդել էր նրանց նկատմամբ կիրառել կալանք, սակայն դատարանն այն փոխարինել էր գրավով` հիմք ընդունելով նաեւ ՀՅԴ–ական պատգամավոր Արծվիկ Մինասյանի երաշխավորությունը:

Մեղադրվող անձինք իրենց բացատրություններում ներկայացել էին որպես ֆաշիստական կազմակերպության անդամ, ում գործողությունները ուղղված են եղել միասեռականների դեմ, մինչդեռ պատգամավորներ Էդվարդ Շարմազանովը եւ Արծվիկ Մինասյանը իրենց հրապարակային ելույթներում այդ գործողությունները պայմանավորել էին հասարակության շահով եւ ազգային գաղափարախոսությամբ:  Ըստ դիմումատուի` պատգամավորները խախտել էին սահմանադրական կարգը և մարդու իրավունքների հիմնարար` ներպետական միջազգային երաշխիքները: Դիմումատուի կարծիքով`հրապարակավ արված հայտարարությունները պատգամավորի էթիկայի նորմերի խախտում էին: Էթիկայի հանձնաժողովը, սակայն, դիմումը վարույթ չընդունեց` մերժումը հիմնավորելով ԱԺ կանոնակարգ օրենքի 24-րդ հոդվածի 3-րդ կետի ա մասով, այն է` դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Էթիկայի հանձնաժողովի քննարկմանը, մյուս կողմից` դիմումում ներկայացված դեպքերը տեղի էին ունեցել մինչեւ ԱԺ կանոնակարգ օրենքի այն լրացումը, որով ստեղծվում էր էթիկայի հանձնաժողովը, հետեւաբար, օրենքը հետադարձ ուժ ունենալ չէր կարող:

Այս նույն հիմնավորմամբ էթիկայի հանձնաժողովը մերժեց նաեւ «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի դիմումը` ընդդեմ պատգամավոր Վարդան Այվազյանի: Հիմք ընդունելով Hetq.am-ի հրապարակումը այն մասին, որ Նյու Յորքի դաշնային դատարանը 37.5 միլիոն դրամի վճիռ է կայացրել ընդդեմ Բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանի, եւ նրա կոռուպցիոն գործարքը հեղինակազրկում է ոչ միայն իրեն, այլեւ ամբողջ Ազգային Ժողովին, «Թրանսփարենսի ինթերնեշնլը» խնդրում էր, որ հանձնաժողովը քննության առնի պատգամավորի վարքագիծը եւ հայտարարություն ընդունի նրա վերաբեյալ: Հանձնժողովը, սակայն դիմումը մերժեց` հիմնավորմամբ, որ այնտեղ նկարագրված դեպքերը տեղի են ունեցել 2006 թվականին, իսկ էթիկայի հանձնաժողովը ստեղծվել է միայն 2012 թվականին, հետեւաբար, օրենքը հետադարձ ուժ ունենալ չի կարող:

Էթիկայի հանձնաժողովի քննության վարույթում այսօր առայժմ միայն 1 դիմում կա: Հեղինակը քաղաքացի Վարտգեզ Գասպարին է: Նա նշում է, որ 2012-ի հուլիսի 17-ին Ազգային Ժողովի դիմաց անցկացված ակցիայի ժամանակ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը խլել է իր ձեռքի պաստառը և  իր պահվածքով  խախտել  պատգամավորի էթիկայի նորմերը: Հետեւաբար, Գասպարին հանձնաժողովից պահանջում է քննարկել Ալեքսանյանի վարքագիծն ու ընդունել համապատասխան հայտարարություն: Գասպարիի դիմումում, ըստ հանձնաժողովի եզրակացության, մերժման հիմքեր չկային, եւ այն ընդունվեց քննության` միաձայն քվեարկությամբ: Որոշվեց հանձնաժողովի անդամ Արծվիկ Մինասյանին հանձնարարել դիմումում ներկայացված հանգամանքների ուսումնասիրությունը եւ կանոնակարգով սահմանված 30-օրյա ժամկետում դրա վերաբերյալ եզրակացություն ներկայացնել:

Հանգամանքների ուսումնասիրության համար անհրաժեշտ ժամկետը, ըստ կանոնակարգի, 15 օրով կարող է երկարաձգվել: Հետո, եթե հանձնաժողովը որոշի, որ պատգամավորը իսկապես խախտել է էթիկայի նորմերը, այդ մասին կհայտարարվի Ազգային Ժողովի նիստերի դահլիճում: Գասպարիի դիմումի քննության ժամկետը ավարտվում է հոկտեմբերի 24-ին, ուսումնասիրության ժամկետի երկարաձգմոն դեպքում՝  նոյեմբերի 10-ին:
Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները