Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Փոխում են, որ սխալ չհասկացվի

Փոխում են, որ սխալ չհասկացվի

Այնքան էլ հաճախ չի պատահում, երբ գործադիրը որոշում է փոփոխել օրենքը` այն ընդամենը առավել հասկանալի դարձնելու ու տարընթերցումներից խուսափելու համար: «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրենքի փոփոխությունից կառավարությունը, ինչպես նշվում է Ազգային ժողովում շրջանառության մեջ դրված նախագծում, հենց այդ ակնկալիքն ունի: Այս օրենքում տարընթերցող ձևակերպումներն այնքան էլ շատ չեն, բայց մեծ է դրանց գործածությունը. «գենդեր և գենդերային» բառերը, որ դարձան հանրային քննարկման առարկա և, փաստորեն, օրենքը փոփոխելու պատճառ, մայիսի 20-ին ընդունված օրենքում կիրառված են ավելի քան 100 անգամ: 

«Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրենքի նպատակը, որ շարադրված է անվանման մեջ, թվում է` քաղաքական ուժերի և գործադիրի համար պետք է ընդունելի լիներ այնքան, որ նախագիծը օրենքի ուժ ստանար առանց տարիներ տևող ձգձգումների: Բայց միանգամայն «ազնիվ մղումներ» պարունակող այս նախագիծը նստաշրջանի ու քառօրյայի օրակարգ ընդգրկվել է 2011-ին, 1-ին ընթերցումն անցել է 2012-ին, 3-րդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է 2013-ին: Նախագծի նախնական տարբերակի հեղինակը եղել է «Օրինաց երկիր» խմբակցությունը, բայց դրան կառավարության կողմից դրական եզրակացություն չի տվել: Դրական եզրակացությունը, ըստ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի, տրվեց այն ժամանակ, երբ նախագծին համահեղինակ դարձավ նաև կառավարությունը: Արդեն հետո, օրենքի ընդունմանը հաջորդած հանրային աղմուկի արդյունքում, ՕԵԿ ներկայացուցիչը պիտի նկատեր, որ օրենքում գործադիրի նախաձեռնությամբ հայտնվել են բառեր ու կապակցություններ, որոնք իրենց համար ընդունելի չեն, չնայած 3 ընթերցում անցած օրինագծին կողմ էին քննարկել թե ՕԵԿ-ը, թե խորհրդարանում ներկայացված բոլոր ուժերը:

Ուշագրավ է, որ սեպտեմբերի 5-ից Ազգային ժողովում շրջանառության մեջ դրված «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրենքում փոփոխություններ առաջարկող կառավարության նախագծին «Օրինաց երկիրն» արդեն չի միացել. նախագծի տակ, որպես հեղինակ, նշված է միայն կառավարությունը: Այս անգամ կառավարությունը հանդես է գալիս միայնակ, բայց միակը չէ, ով որոշել է փոփոխել «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրենքը. ԲՀԿ-ական պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանն ու Էլինար Վարդանյանը ևս այս օրենքում փոփոխություններ առաջարկող նախագիծ են հեղինակել, որը դրված է շրջանառության մեջ:


Ի՞նչ է առաջարկում կառավարությունը. ուժը կորցրած ճանաչել օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 11-րդ եւ 12-րդ ենթակետերը: Սրանք օրենքի հենց այն կետերն են, որոնք սահմանում են «գենդեր, գենդերային» հասկացությունները, մասնավորապես, կարդում ենք, որ գենդերն ու գենդերայինը «տարբեր սեռի անձանց ձեռքբերովի, սոցիալապես ամրագրված վարքն է, կանանց եւ տղամարդկանց միջեւ հարաբերությունների սոցիալական հայեցակետը, որն արտահայտվում է հասարակական կյանքի բոլոր ոլորտներում, ներառյալ` քաղաքականությունը, տնտեսությունը, իրավունքը, գաղափարախոսությունը, մշակույթը, կրթությունը, գիտությունն ու առողջապահությունը»: Օրենքի մեկ այլ հոդվածով էլ առաջարկվում է «գենդերային հարաբերություններ» բառերը փոխարինել «կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքները եւ հավասար հնարավորությունները» բառերով:

Ի՞նչ է առաջարկում ԲՀԿ-ն. ոչ թե ուժը կորցրած ճանաչել, այլ վերաշարադրել 3-րդ հոդվածի 1-ին մասը` «տարբեր սեռերը» փոխարինելով «կանանց և տղամարդկանց» բառերով, իսկ «ձեռքբերովի»-ն հանել օրենքից ընդհանրապես:


Ինչպիսի տեսք ու բովանդակություն կունենա «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրենքը առաջարկվող այս փոփոխություններից հետո, պարզ կդառնա դրանց` ԱԺ նիստերի դահլիճում քննարկումներից և ընդունումից հետո, թեպետ դժվար չէ ենթադրել, որ նախագծերից դահլիճային քննարկումների փուլ կհասնի միայն կառավարությանը հեղինակածը: Դրան, տրամաբանական կլինի, որ միանա նաև ԲՀԿ-ն, չնայած խմբակցության քարտուղարը նախորդ նստաշրջանում հայտարարել էր, որ ձեռնպահ են քվեարկելու կառավարության բոլոր նախաձեռնություններին, քանի որ կառավարությունը իրենց նախագծերին, որպես կանոն, դրական եզրակացություն չի տալիս: «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրենքում փոփոխություններ առաջարկող ԲՀԿ-ի նախագծին ևս գործադիրը պետք է որ դրական եզրակացություն չտա, քանի որ ունի սեփական նախագիծը` փոփոոխությունների առավել ընդգրկուն ծավալով:

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները