Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Իշխանությունն արել է առավելագույնը

Իշխանությունն արել է առավելագույնը
Հարցազրույց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Նիկոյանի հետ:

-Առջևում սեպտեմբերի 21-ն է, Հայաստանի անկախության օրը: Դրան ընդառաջ` հայտարարվեց Մաքսային միությանը միանալու մասին: Դրանով չի՞ վտանգվում մեր անկախությունը:

-Եթե այդ տրամաբանությամբ առաջնորդվենք, ապա պետք է ասենք, որ Ղազախստանը անկախ պետություն չէ, Ուկրաինան անկախ պետություն չէ, կամ Եվրոմիության անդամ որևէ երկիր անկախ չէ: Բայց յուրաքանչյուր պետութուն իր առջև ծառացած բազմաթիվ տնտեսական, քաղաքական ու անվտանգության խնդիրներ լուծելու համար մտնում է որևէ միության մեջ: Բնականաբար, որևէ միություն ենթադրւմ է ընդհանուր նորմեր, ու դրանք ավելի բարձր են լինում, քան ազգայինը: Որևէ պետություն որևէ միության անդամակցում է իր ինքնիշխանությունից որևէ մաս զիջելով: Այդպես է բոլորի պարագայում:

-Մենք ո՞ր մասն ենք զիջում, կարելի՞ է ձևակերպել:

-Մենք ունենք մաքսային ոլորտի մեր օրենսդրությունը` հարմարեցված մեր տնտեսական համակարգին: Եթե մտնում ենք Մաքսային միություն, մեր օրենսրությունը համապատասխանեցնում ենք ՄՄ-ի նորմերին: Ես միայն ու միայն դա նկատի ունեմ:

-Բայց Մաքսային միությանը հաջորդելու է Եվրասիական միությունը, որը նաև քաղաքական կառույց է լինելու:

-Եվրասիական միությունը 2015 թվականին նոր պիտի ստեղծվի, և որևէ մեկը չգիտի` դա ինչ է լինելու ու ինչպիսին է լինելու: Վաղաժամ է այդ մասին որևէ կարծիք հայտնելը:

-Այսօր հնչում են նաև տեսակետներ, թե Մաքսային միությանը մեր անդամակցությունը կարող է հենց հայտարարությամբ էլ ավարտվել: Դուք կիսո՞ւմ եք այս տեսակետները:

-Չեմ կարծում, որ հայտարարությամբ կսահմանափակվի: Եղել է քաղաքական հայտարարություն, գնում են այդ ուղղությամբ աշխատանքներ, տնտեսական ոլորտի նախարարությունները հստակեցնում են այն ուղղությունները, որոնք պետք է փոփոխել: Դրանից հետո պետք է պատրաստ լինել բանակցությունների, հետո ստորագրման փուլն է, հետո վավերացման: Պրոցեսն արդեն գնում է, ու կարծում եմ, որ իր տրամաբանական ավարտին կհասնի, չնայած կարող են բավականին խոչընդոտներ առաջանալ` կապված ՄՄ-ի հետ ընդհանուր սահման չունենալու հետ:

-Ձեր կարծիքով՝ այսօր քաղաքական դաշտում արևմտամետնե՞րն են շատ, թե՞ ռուսամետները:

-Ես չեմ ուզում քաղաքական ուժերի և գործիչների միջև այդպիսի բաժանում անել:  Եվրոմիության Ասոցացման համաձայնագրի բովանդակությանը մենք ծանոթ չէինք, բայց դա Եվրոպային մերձենալու, մեր տնտեսական չափորոշիչները եվրոպականին մերձեցնելու և ի վերջո եվրոպական շուկա մտնելու ուղղված քայլ էր: Սա իր հետ պիտի բերեր մեր արտադրության ու առևտրի որակական բարձացում, ինչն, իհարկե, դրական կլիներ: Բայց կա ազգային անվտանգության հարց, ու գալիս է մի պահ, որ հենց սա է դառնում հիմնական ուղենիշ: Նրանք, ովքեր այո են ասում Մաքսային միությանը, չի նշանակում, թե մերժում են Եվրոպային մերձենալու  հնարավորությունը, պարզապես, երբ կամ, կամ-ի խնդիր է դրվում, առաջնայնությունը տրվում է ազգային անվտանգությանը:

-Իսկ ինչո՞ւ էին իշխանությունները երեք ու կես տարի բանակցում ԵՄ-ի հետ:

-Բանակցում էինք, որ հասնեինք առավելագույնին:

-Ո՞րն է այդ առավելագույնը այսօր:

-Այսօր դեռ որևէ մեկը չի կարող դա ասել: Կգա ժամանակը, պարզ կդառնա: Նոյեմբերին դեռ Վիլնյուսի գագաթնաժողովը կա: Տեսնենք, թե ինչ տեղի ունենում այնտեղ, և ինչ համագործակցության դաշտ է ստեղծվում ՀՀ-ի համար:

-Բայց արդեն որոշ քաղաքական ուժեր խոսվում են այն մասին, որ այս տարիներին, փաստորեն, պետբյուջեից աննպատակ գումարներ են ծախսվել ԵՄ-ի հետ բանակցությունների վրա` պատվիրակությունների այցելություններ, փորձագետներ…

-Թող իրենք հաշվեն այդ գումարները, ես կարծում եմ, որ ցանկացած գործուղում ԵՄ կամ հյուրընկալություն արդյունավետ է ու պետք է շարունակել: Թող չմտածեն, թե շփումների ու հարաբերությունների վերջակետ է դրվել:

-ԲՀԿ-ն քննադատում է ոչ թե Մաքսային միությանը միանալու նպատակահարմարությունը, այլ ԱԺ-ին շրջանցելու իրողությունը, ՀՅԴ-ն ՄՄ-ին միանալու դեմ չի խոսում, ՀԱԿ-ը նույնպես կոշտ քննադատությամբ հանդես չի գալիս. Ձեր կարծիքով ինչպե՞ս կքվեարկեն այս ուժերը, երբ համաձայնագիրը բերվի Ազգային ժողով:  

-Այդ ամբողջ աղաղակից պետք է առանձնացնել հիմնականը, այն է` ինչպիսի՞ մոտեցում ունեն քաղաքական ուժերը: Երբ համաձայնագիրը գա ԱԺ, ես կարծում եմ, որ այն կվավերացվի ձայների մեծամասնությամբ, և այնտեղ, բացի ՀՀԿ-ից ու ՕԵԿ-ից, կլինեն նաև այլ ուժեր:

-Երբ հայտնի դարձավ, որ Վահան Հովհաննիսյանը նշանակվելու է դեսպան Գերմանիայում, առաջ եկավ նաև ՀՅԴ-ի` կոալիցիա մտնելու հնարավորության մասին հարցը. ՀՀԿ-ն պատրա՞ստ է կոալիցիայի ընդլայնմանը: 

-Մեր կուսակցության ղեկավար մարմնում նման քննարկում չի եղել: Ինչ վերաբերում է Վահան Հովհաննիսյանին, ես բարձր եմ գնահատում նրա մարդկային որակները և գործունեությունը խորհրդարանում ու չէի ուզենա, որ նա գնար դեսպան, որովհետև կարծում եմ, որ Հովհաննիսյանը ավելի կարող ուժ է: Կուզեի, որ մնար երկրում, Աժ-ում միասին աշխատեինք:

Քվեարկության պատմություն

Նիկոյան Սամվել Պարգեւի

Անուն Խմբակցություն Կողմ Դեմ Ձեռնապահ Չի քվեարկել Բացակա Հարցեր Ելույթներ
Նիկոյան Սամվել «Հայաստանի հանրապետական կուսակցություն» 902 9 1 15 36 1 4
Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները