Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Սահմանադրական հանրաքվեների տխուր ավանդույթը

Սահմանադրական հանրաքվեների տխուր ավանդույթը

Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու հայտարարությունից մեկ օր հետո՝ սեպտեմբերի 4- ին Սերժ Սարգսյանի հրամանագրով ստեղծվեց ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով։ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի գլխավորած այս հանձնաժողովը կգործի մինչեւ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի օրը։ Արդեն, կարծես, Հայաստանում ձեւավորվում են սահմանադրական փոփոխությունների, ցավոք, ոչ դրական ավանդույթները։

Սահմանադրությունը միայն հիմնական օրենք չէ, այն  քաղաքական եւ իրավական պայմանագիր է պետության եւ ժողովրդի միջեւ, որով ժողովուրդն իր իշխանությունը պատվիրակում է պետական ինստիտուտներին։ Եվ պատահական չէ, որ իրավական պետությունների ձեւավորման մեջ շատ կարեւոր նշանակություն ունի Սահմանադրության մշակումը ներկայացուցչական մարմինների՝ խորհրդարանների, Սահմանադիր ժողովների, կոնվենտների կողմից։ Ցավոք՝ 1995 թվականի Սահմանադրությունից սկսած իշխանությունն այնքան էլ չի կարեւորում երկրի հիմնական օրենքի մշակման մեջ հասարակության մասնակցությունը. չունենք գոնե մեկ օրինակ, որ Սահմանադրության կամ նրա փոփոխությունների նախագիծը մշակվի քաղաքական ուժերի, հասարակական շերտերի փոխզիջման արդյունքում։

Այս անգամ եւս նույն վիճակն է։ Ավելին՝ այս անգամ սահմանադրական փոփոխությունների գործընթացից ընդհանրապես դուրս է բերված խորհրդարանը։ Հանձնաժողովի կազմում կա ԱԺ մեկ ներկայացուցիչ, այն էլ՝ իշխող ՀՀԿ կուսակցությունից, (իրականում ՀՀԿ- ն այստեղ ունի երկու թեկնածու) ինչն ընդհանրապես անիմաստ է դարձնում ապագա փաստաթղթի հասարակական նշանակությունը։ Խորհրդարանական ընդդիմությունը սրա մասին մտածելու փոխարեն տարբեր ելույթներում խոսում է կառավարման համակարգի փոփոխության մասին՝ մեկ խոսք իսկ չասելով, որ իրենց ընտրողները զրկված են պետության հետ իրենց պայմանագրի կետերը պատգամավորի միջոցով քննարկելու հնարավորությունից։ Մասնագիտական հանձնաժողովը պետք է միայն իրավական ձեւակերպում տար հասարակական ուժերի միջեւ ձեւավորված փոխզիջումներին։ Միայն այս դեպքում կարող էինք խոսել սահմանադրական ինչ- որ բարեփոխման մասին։

Երկրորդ ավանդույթը սահմանադրական փոփոխությունների առարկան է։ Հայաստանում նման բարեփոխումների փաթեթն ընդգրկում է Սահմանադրության բավականին շատ հոդվածներ, որը կարելի է համարել նոր Սահմանադրության ընդունում։ Այս հանձնաժողովն էլ գնալու է նույն ուղիով։ Հանձնաժողովի երկրորդ նիստի մասին հաղորդագրությունից պարզ է դառնում, որ անդամներն իրենք էլ դեռ չգիտեն, թե ինչն են փոխելու։ 14 կետերում ամրագրված հիմնահարցերն անդրադառնում են Սահմանադրության բոլոր գլուխներին։

Երրորդ ավանդութը ժամանակայինն է։ Ամեն տասը տարին մեկ ձեռնամուխ ենք լինում սահմանադրական փոփոխությունների։ 1995 թվականին ընդունվելուց հետո Սահմանադրությունը փոխվել է 2005 թվականի հանրաքվեով, եւ, եթե Հայաստանում շարունակվի ներկա, Սերժ Սարգսյանի կողմից իրավացիորեն նշված «գաղջ մթնոլորտը», ապա դրանից 2015- ին կրկին տեղի կունենա հանրաքվե՝ հայտնի արդյունքներով։ Ըստ հրամանագրի՝ մասնագիտական հանձնաժողովը մինչեւ ապրիլ ներկայացնելու է բարեփոխումների հայացակարգը, դրանից հետո 10 ամսվա ընթացքում նաեւ փոփոխությունների նախագիծը։ Այսպիսով՝ փոփոխությունները տեղի կունենան 2015- ին։

Չորրորդ ավանդույթը՝ իշխանությունը պարտադրելով հասարակությանը նոր Սահմանադրություն, ինքն իսկ արհամարհելու է այն եւ փորձելու է ոտնահարել հիմնական օրենքը, ինչպես արել է մինչ այս։ Ու նկատի ունենալով, որ հասարակության մեջ իրավական նիհիլիզմի ներարկողներից մեկը՝ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը, ղեկավարում է այս հանձնաժողովը, կարող ենք ասել, որ ինչպես 2005- ին Սահմանադրական հանրաքվեին, այնպես էլ 2015- ին ընտրատեղամասերում լինելու է բացառիկ դատարկություն։
Եվ վերջում, ըստ ՀՀ նախագահի հրամանագրի՝ հանձնաժողովի թույլտվությամբ դրա աշխատանքին կարող են մասնակցել լրագրողները։ Սա պատմական որոշում է, որովհետեւ Հայաստանում դրվում է սահմանադրական գաղտնի բարեփոխումների ավանդույթը։

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները