Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Խորհրդավոր «դեմ»-երով Գևորգ Կոստանյանը նշանակվեց գլխավոր դատախազի պաշտոնում

Խորհրդավոր «դեմ»-երով Գևորգ Կոստանյանը նշանակվեց գլխավոր դատախազի պաշտոնում

Ազգային ժողովում փակ գաղտնի քվեարկությամբ հոկտեմբերի 1-ին ՀՀ գլխավոր դատախազ է ընտրվել ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ, նախկին զինդատախազ Գևորգ Կոստանյանը: Նրա թեկնածությանը կողմ է  քվեարկել 103 պատգամավոր, դեմ՝   3-ը: Երկու քվեաթերթիկ  համարվել է անվավեր: Քվեարկության ինտրիգը դեմ քվեարկողների և այդ մասին հայտարարողների  անհամապատասխանությունն է:

Իսկ քվեարկությանը նախորդած քննարկումները Կոստանյանի համար անցան առանց բարդությունների. խորհրդարանում նա դիմադրության գրեթե չհանդիպեց: Որոշ դեպքերում պատգամավորները նախկին զինդատախազին հիշեցրին աղմկահարույց քրեական գործերից մի քանիսի մասին, որոնք կամ չեն բացահայտվել, կամ բացահայտվել են,  բայց վճիռները  հասարակության կողմից միանշանակ չեն ընդունվել:


Ի՞նչ է անելու Գևորգ Կոստանյանը դատախազի պաշտոնում


Գևորգ Կոստանյանը խորհրդարանում  խոստացավ «անզիջում» պայքար սկսել դատախազական համակարգում կոռուպցիայի   և  ոչ պրոֆեսիոնալ դատախազների դեմ: «Ոչ պրոֆեսիոնալ դատախազը չարիք է, քանի որ նրա ոչ պրոֆեսիոնալության արդյունքում կարող են խեղվել մարդկային ճակատագրեր: Դատախազության ցանկացած պաշտոնյա, ով համաձայն չէ այն կարծիքի հետ, որ կոռուպցիան ու ոչ պրոֆեսիոնալ դատախազները տեղ չունեն համակարգում, շատ շուտով իրենք տեղ չեն ունենա դատախազության համակարգում», -ընդգծեց Գլխավոր դատախազի պաշտոնում նախագահի առաջադրած թեկնածուն: Գործունեության  թիրախում են լինելու  նաև «որևէ կերպ քաղաքականությամբ զբաղվող» դատախազները.  «Քաղաքականությամբ զբաղվել ցանկացող որևէ դատախազի, անկախ նրա զբաղեցրած պաշտոնից, ընձեռվելու է այդ հնարավորությունը՝ պայմանով, որ նա վայր կդնի դատախազի իր լիազորությունները», -հայտարարեց Կոստանյանը: Նրա այս հայտարարությունը կարող է որպես նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին ուղղված  ակնարկ ընկալվել, քանի որ վերջինի ղեկավարած «Նիգ Ապարան» հայրենակցական միությունը բազմիցս է հայտարարել ՀՀ նախագահական ընտրություններում իր նախընտրած թեկնածուի և նրան սատարելու մասին: Կոտստնյանի մյուս խոստումը վերաբերում էր օրենքի առջև բոլորի հավասարությանը: Նա համաձայն չէ տեսակետին, թե երկրում համատարած  անպատժելիության մթնոլորտ է, բայց կարծում է, որ  «անպատժելիության մեկ դեպքն իսկ բավական է նման տրամադրությունների տարածման համար: Օրենքի առջև բոլորն են հավասար լինելու»:


Կո՞ղմ, թե՞ դեմ. խմբակցությունների
դիրքորոշումները


Որքան տրամաբանական ու կանխատեսելի էր խորհրդարանական մեծամասնության աջակցությունը, այնքան անսպասելի ու տարօրինակ էր խորհրդարանական ընդդիմության կեցվածքը. ընդդիմադիր խմբակցությունները դատախազի թեկնածուի անձի դեմ որևէ վերապահում չունեին, առարկությունները վերաբերում էին միայն համակարգային հարցերին:


Մինչ քվեարկությունը ԱԺ 6 խմբակացությունները 4-ը ներկայացրին իրենց դիրքրոշումները: «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը հայտարարեց, որ խմբակցությունն ընտրությանը մոտենում է  ոչ թե անձի  (այդ առումով վերապահումներ չունեն), այլ՝ համակարգի տեսանկյունից: Ասաց նաև, թե պատրանքներ չունեն, որ  Կոստանյանի անձով համակարգը  փոխվելու է:  «Ոչինչ չունեմ Կոստանյանի անձի դեմ, հրաշալի հանդիպում կայացավ մեր խմբակցության անդամների հետ՝ ճշգրիտ բառապաշարով, նորմալ ու պրոֆեսիոնալ կեցվածքով: Բայց այնքան միամիտ չեմ, որ հավատամ, թե անհատը կարող է համակարգ փոխել, չեմ հավատում, որ մի ծաղկով գարուն կգա: Անձի մասին չէ խոսքը: Համակարգն այնպես է ձևավորվել, որ մենք խնդիր ունենք համակարգին անդրադառնալու, բոլորս ունենք մտահոգությունը, որ այս հրաշալի երիտասարդը կգնա, կկորի», -հավելեց Ժառանգություն խմբակցության ղեկավարը:


Գլխավոր դատախազի ընտրությանը ճիշտ հակառակ դիրքերից   մոտեցավ  խորհրդարանական մեծամասնությունը: Մեր երկրում անձերից դեռ շատ բան է կախված ՝ լրագրողների հետ ճեպազրույցում   իր ընտրությունը կատարելուց հետո  հայտարարեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Իսկ նիստերի դահլիճում, խմբակցության դիրքորոշումը ներկայացնելիս, ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը նշեց, որ կոնկրետ իր ձայնը հօգուտ բարեկրթության է տալու. « Թեկնածուին պետք է տեսնել այնպինսին, ինչպիսին նա կա: Ես , օրինակ, որսացել եմ բարեկրթություն: Իսկ ձայն տալ բարեկրթությանը՝  նշանակում է ապագա ունենալ», - ասաց Սահակյանը:


ՀԱԿ
-ի դեպքում խնդիրը ոչ թե բարեկրթությունն էր, այլ  այն ժառանգությունը, որը  Գևորգ Կոստանյանին բաժին է հասել անցած տարիներից: Խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն այդ  ժառանգության մեջ տեսնում է  հասարարակական հնչեղություն ստացած,   բայց   չբացահայտված մի քանի տասնյակ աղմկոտ հանցագործությունները, քաղաքացիական նախաձեռնությունների   դեմ դատախազության որդեգրած կեցվածքը, քաղաքական դրդապատճառներով «թխված» շինծու գործերը,  ինչպես նաև բանակում կատարվող հանցագործությունների վիճակագրությունը:    ՀԱԿ-ը, ինչպես Արամ Մանուկյանը հայտարարեց, չի վստահում իշխանության ներկայացրած որևէ թեկնածուի. «Մենք դեմ ենք Սերժ Սարգսյանի ներկայացրած որեւէ թեկնածուի, եւ դեմ ենք քվեարկելու» :


ՀՅԴ
-ն հայտարարեց, որ խմբակցությունը որոշել է ազատ քվեարկել: Խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը բացատրեց, որ գլխավոր դատախազի թեկնածուի հետ հանդիպումից ավելի շատ դրական տպավորություն են ստացել և փորձելու են  նրան հնարավորություն տալ:


ՕԵԿ
-ն ու ԲՀԿ-ն դիրքորշում չհայտնեցին, ու եթե ՕԵԿ պատգամավորների առանձին ելույթներից պարզ դարձավ, որ Գևորգ Կոստանյանը վայելում է կոալիցիոն այս կուսակցության աջակցությունը, ապա ԲՀԿ-ի դեպքում հարցը մինչ քվեարկությունը բաց էր. խմբակցության պատգամավորները ակտիվ չէին ոչ հարցերի և  ոչ էլ ելույթների ժամանակ: Խմբակցությունից  Տիգրան Ուրիխանյանը ԲՀԿ դիրքորոշման մասին լրագրողների հարցին ի պատասխան  ասաց հետևյալը. «Գլխավոր դատախազը՝ անկախ անձից, պետք է գործակցի ընտրողի հետ, իսկ ԲՀԿ–ն իր զգոն հայացքը կպահի դատախազության աշխատանքների վրա»


Խորհրդավոր «դ
եմ»-երը


Շուրջ մեկ ժամ տևած քվեարկությունից հետո հայտարարված արդյունքը առնվազն տարօրինակ էր. երկու ընդդիմադիր խմբակցություն` ՀԱԿ-ը  և «Ժառանգությունը» հայտարարում են, որ դեմ են քվեարկելու, սակայն գրանցվում է ընդամենը երեք դեմ քվեաթերթիկ: Երկու քվեաթերթիկ էլ համարվել է անվավեր: Մեր հարցին ի պատասխան՝ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն ասաց, որ ինքը և խմբակցության մյուս անդամները` նկատի ունենալով Լյուդմիլա Սարգսյանին, Գագիկ Ջհանգիրյանին և Ստեփան Դեմիրճյանին, դեմ են քվեարկել, ուղղակի Ստեփան Դեմիրճյանի քվեաթերթիկն անվավեր է եղել, քանի որ «V» նշան է դրել քվեաթերթիկում նշված «դեմ»-ի և «կողմ»-ի դիմաց: Նույն խմբակցությունից Հրանտ Բագրատյանն էլ իր քվեարկության վերաբերյալ հարցին այսպես արձագանքեց. «
Ես հավատարիմ եմ իմ սկզբունքներին», իսկ Նիկոլ Փաշինյանն էլ քվեարկության արդյունքների հրապարակումից հետո ֆեյսբուքյան գրառում թողեց. «Քաղաքական հանելուկ. ԱԺ երկու ընդդիմադիր խմբակցություններ հայտարարում են, որ դեմ են ՀՀ գլխավոր դատախազի՝ Սերժ Սարգսյանի առաջադրած թեկնածու Գեւորգ Կոստանյանին, բայց փակ-գաղտնի քվեարկության արդյունքներով Կոստանյանը ստանում է ընդամենը երեք դեմ»: Մեր հարցման արդյունքում պարզվեց, որ դեմ են քվեարկել նաև ԱԺ «Ժառանգություն» խմբակցությունում: Վերջինի ղեկավար Ռուբեն Հակոբյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ինքը «վստահաբար» դեմ է քվեարկել և արդյունքներն իր համար  անակնկալ էին: Նույն խմբակցությունից  Թևան Պողոսյանն էլ հայտնեց որ ինքը չի մասնակցել քվեարկությանը:


«Ժառանգություն» խմբակցության անդամ Ալեքսանդր Արզումանյանն էլ իր հերթին զարմանք հայտնեց` ասելով, որ ինքն էլ է դեմ քվեարկել: «Ես քվեարկել եմ ու շվարած եմ. ում տեսնում եմ, ասում են՝ դեմ եմ քվեարկել: Երկու ֆրակցիայից ութ պատգամավոր միանգամից հայտարարում են, որ դեմ են քվեարկել»-ասաց  Արզումանյանը:

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները