Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Անմեղության կանխավարկած

Անմեղության կանխավարկած

Այն օրը, երբ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը (այն ժամանակ դեռ թեկնածու) ելույթ էր ունենում Ազգային ժողովում եւ ներկայացնում իր ղեկավարելիք կառույցի տեսլականը, միջազգային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում հարեւան Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիպ Էրդողանի «ժողովրդավարացման փաթեթն» էր, որը աշխարհի 15- րդ տնտեսությանը բարեփոխումների նոր ծրագիր էր առաջարկում։ Կիպրոսի նախկին արտգործնախարար Էրատո Կոզակու-Մարկուլիսն այս փաթեթի մասին հայտարարեց. «Բավական է խոսքեր, հայտարարությունները պետք է գործի վերածվեն»։ Արձագանք, որ կարող ենք ասել նաեւ Գեւորգ Կոստանյանի խորհրդարանում ելույթի մասին։

Իսկ ելույթում ականջահաճո խոսքերն, իրոք շատ էին։ «Կոռուպցիան տեղ չի կարող ունենալ դատախազության համակարգում», կամ «Ոչ պրոֆեսիոնալ դատախազը չարիք է, քանի որ նրա ոչ պրոֆեսիոնալության արդյունքում կարող են խեղվել մարդկային ճակատագրեր», կամ «Քաղաքականությամբ զբաղվել ցանկացող որևէ դատախազի, անկախ նրա զբաղեցրած պաշտոնից, ընձեռվելու է այդ հնարավորությունը, պայմանով, որ նա վայր կդնի դատախազի իր լիազորությունները» եւ այլն։

Համաձայնեք՝ աղվանհովսեփյանական իրավամերժության դարաշրջանից հետո այս խոսքերը ոչ միայն թափանցիկ ակնարկ էին նախկին գլխավոր դատահազի ուղղությամբ, այլեւ` ականջահաճո խոսքեր։

Սակայն, եթե նայենք Գեւորգ Կոստանյանի կենսագրությանը, պիտի հարցնենք, թե ինչու նա՝ Մեծ Բրիտանիայի Նոտինգեմի համալսարանի շրջանավարտը ոչ նախագահական աշխատակազմում, ոչ արդարադատության նախարարությունում, ոչ զինդատախազությունում աշխատած տարիներին, ունենալով մեծ ազդեցություն, այդպես էլ չփորձեց բարձրաձայնել այս խնդիրների մասին։ Բայց խորհրդարանում Գեւորգ Կոստանյանի անձն ընդդիմությանը չէր հետաքրքրում, նրան հետաքրքրում էր (բացառապես բացասական երանգներով) համակարգը։ Ի տարբերություն դրա՝ գլխավոր դատախազի անձը (բացառապես դրական երանգներով) հետաքրքրում էր իշխող կոալիցիային՝ չհետաքրքրելով համակարգը։

Արդյունքում՝ Գեւորգ Կոստանյանը հաստատվեց գլխավոր դատախազի պաշտոնում Աղվան Հովսեփյանի՝ 2007- ի սեպտեմբերի 13- ի 118 «կողմ» ձայնի դիմաց հավաքելով 103 կողմ։ Այս քվեարկությունների միակ ընդհանուրը «դեմ»-երն էին։ Եվ 2007- ին, եւ այժմ գլխավոր դատախազի թեկնածուներին դեմ էին եղել 3- ը։ Սակայն ընդդիմադիր պատգամավորները պնդում են, որ երկու խմբակցություններ դեմ են քվարկել, ուստի «դեմ»-երն ավելի շատ պետք է լինեն։ Ստացվում է՝ կամ հայաստանյան ընտրական ավանդույթները աներեր հաստատվում են նաեւ ԱԺ-ում, կամ ընդդիմադիր պատգամավորները փորձում են քաղաքական շահարկումների առիթ ստեղծել։ Ի դեպ՝ այս իրավիճակին արձագանքելով՝ նորանկախ Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր Ռուբեն Թորոսյանն արձանագրեց, որ «մի խումբ «ազնվագույն» պատգամավորներ հայտարարեցին, որ իրենց ձայները կեղծվել են, այն է՝ «դեմ» են քվեարկել, սակայն «կողմ» է ստացվել» եւ հաղորդում ներկայացրեց ՀՔԾ ընդդեմ Հովիկ Աբրահամյանի, քանի որ «ԱԺ բնականոն աշխատանքի ապահովման իրավասությունը պատկանում է ԱԺ նախագահին»։ Որեւէ մեկին չմեղադրենք՝ առաջնորդվելով անմեղության կանխավարկածով։

Եվ այսպես՝ խորհրդարանը հաստատեց Գեւորգ Կոստանյանի թեկնածությունը գլխավոր դատախազի պաշտոնում, ինչպես ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը կասեր` «առաջնորդվելով անմեղության կանխավարկածով»։ Սահմանադրական իրավունքով, որից մեզ՝ Հայաստանի քաղաքացիներին, զրկել է գլխավոր դատախազությունը։ Մնում է հուսալ, որ նորանշանակ դատախազն իր բարեփոխումները կսկսի հենց անմեղության կանխավարկածը վերականգնելով, որն իրեն օգնեց դառնալ նորանկախ Հայաստանի ամենաերիտասարդ գլխավոր դատախազը։

Արմեն Վարդանյան

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները