Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Հերթական համաներումը` արտահերթ կարգով

Հերթական համաներումը` արտահերթ կարգով

Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին առաջարկության նախագիծը ՀՀ նախագահը Ազգային ժողով ուղարկեց հոկտեմբերի 30-ին: Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի դռնփակ նիստում նախագիծը արժանացավ դրական եզրակացության, քառօրյայի օրակարգ ընդգրկվեց արտահերթ կարգով: Հիմնական զեկուցողն ու նախագահի ներկայացուցիչը Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն էր:

Պաշտոնավարման շուրջ 3 տարիների ընթացքում Հրայր Թովմասյանը երկրորդ անգամ էր համաներման նախագիծ ներկայացնում Ազգային ժողովում: Նախորդը 2011 թվականին էր` անկախության 20-րդ տարեդարձի առիթով: Այս համաներման արդյունքում ազատ են արձակվել 1056 ազատազրկվածներ, որոնցից միայն 51-ն են դրանից հետո դարձյալ քրեական պատասխանատվության ենթարկվել: Սա, ըստ նախարարի, բավական ցածր տոկոս է, ինչը նշանակում է, որ նրանք հասկացել են բարձրագույն իշխանության կողմից իրենց նկատմամբ կիրառված մարդասիրական ակտի իմաստը, հետևաբար, ընդամենը երկու տարի անց դարձյալ համաներում հայտարարելը, ըստ այս վիճակագրության, չի նպաստի կրկնահանցագործության աճին:  

Այս համաներումը Հայաստանի անկախության շրջանում իրականացվող 8-րդ համաներումն է:  Ենթադրվում է, որ այն  ավելի մեծ ընդգրկում կունենա,  քան` նախորդները: Թե քանի հոգու կվերաբերի, առայժմ պարզ չէ, քանի որ համաներումը, բացի ազատ արձակումից, ենթադրում է նաև պատժաժամկետի կրճատում:  «Չեմ ուզում ասել ռեկորդային, որովհետև անկախության տարիներին, 95,96 թվականների երկու մեծ համաներում ենք արել, որը վերաբերել է 3700 մարդու: Այս համաներմամբ կարող ենք մոտենալ այդ թվին», -խորհրդարանում ասաց Հրայր Թովմասյանը:

Համաներմամբ պատժից կազատվեն նրանք, ում նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել կամ պատժի կրումը հետաձգվել է: Պատժից կազատվեն առավելագույնը 3 տարով ազատազրկվածները, իսկ առավելագույն 5 տարով ազատազրկվածներից կհամաներվեն  առաջին կամ երկրորդ կարգի հաշմանդամները, 60 տարին լրացածները, հղի կանայք,  մինչև երեք տարեկան երեխա ունեցողները, հանցագործությունը մինչև 18 տարեկանը կատարած անձինք, Հայրենական կամ արցախյան պատերազմի մասնակիցները, մարտական գործողություններում զոհվածի ծնողները կամ զավակները։ 

Աննախադեպ համաներում

Ի տարբերություն բոլոր նախորդ համաներումների, այս մեկը կտարածվի նաև նրանց վրա, ովքեր ազատազրկվել են ծանր հանցագործություն կատարելու համար`  սպանություն, դիտավորությամբ ծանր մարմնական վնասվածք հասցնելը և այլն։ Նրանց   պատժի չկրած մասը կկրճատվի վեց ամսով: Բռնաբարություն, ահաբեկչություն, բանդիտիզմ, իշխանության զավթում, քաղաքական-պետական գործիչների սպանություն. այս և մի շարք այլ ծանր հանցագործությունների դեպքում համաներում չի կիրառվի: Համաներումը չի տարածվի նաև ցմահ դատապարտվածների վրա:

Գողություն, խարդախություն, յուրացում կամ վատնում, հափշտակում, որը կատարվել է համակարգչային տեխնիկայի միջոցով, ավտոմեքենային ապօրինաբար տիրանալ, դիտավորությամբ ոչնչացնել. այս և մի շարք հանցակազմերով հոդվածնորի վրա համաներումը կկիրառվի չկրած պատժաչափի 1/3-րդի կրճատմամբ: ¼-րդ-ով կրճատմամբ էլ համաներումը կտարածվի հետևյալ հանցակազմերով հոդվածների վրա. մարդուն առևանգելը, ազատությունից ապօրինի զրկելը, ավազակությունը, կողոպուտը և այլն։ 

2011 թվականին այս հանցակազմերի վրա համաներումը չի տարածվել ընդհանրապես:   


Սխալների ուղղո՞ւմ, թե՞ մարդասիրական ակտ


Հայաստանի անկախության 22-րդ տարեդարձի կապակցությամբ հայտարարված համաներումը կտարածվի ազատազրկված մի քանի նախկին պաշտոնյաների վրա` Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյան, Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյան, Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյան, ազատ կարձակվեն ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանն ու ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը: Ըստ Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի, սակայն, սա չի նշանակում, որ համաներման նպատակը դատական համակարգի սխալների ուղղումը կամ այս անձանց ազատ արձակումն է: Համաներումը, նախարարն ասաց` ոչ թե արդարադատություն իրականացնող, այլ մարդասիրական ակտ է, որի ընթացքի վրա չպետք է ցեղ շպրտվի որևէ քրեակատարողական հիմնարկում կատարվող չարաշահմամբ կամ անօրինականությամբ: Նախարարը խոստացավ, որ համաներումը տեղի է ունենալու հրապարակայնության ու թափանցիկության պայմաններում. «որքան աչք ու ականջ հետևի այս ընթացքին, այնքան ավելի օրինական կլինի ամեն բան»:  

Ազգային ժողովը հոկտեմբերի 3-ին 102 «կողմ» ձայնով, առանց «դեմ»-ի ու «ձեռնպահ»-ի , ընդունեց «ՀՀ Նախագահի ներկայացրած «ՀՀ անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ԱԺ որոշման նախագիծը:


Համաներման մասին որոշումը 24 ժամվա ընթացքում կհրապարակվի ՀՀ պաշտոնական տեղեկագրում և ուժի մեջ կմտնի հրապարակման պահից: Համաներումը կտարածվի մինչև 2013թվականի սեպտեմբերի 1-ը կատարված հանցագործությունների վրա և կկիրառվի մինչև 2013 թվականի դեկտեմբերի 31-ը: Որոշման կատարումը վերապահվելու  է դատարաններին, հետաքննության եւ նախաքննության մարմիններին, արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներին։

 

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները