Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Ռեպլիկի իրավունքով

Ռեպլիկի իրավունքով

Ոչ թե մեր տխրությունն է տխուր, այլ մեր էժանագին ուրախությունները:    Թորո

 

Փառք ու պատիվ ՀՀԿ մեծահասակներին, որ զսպեցին ՀՀԿ երիտասարդներին: «Ժառանգությունում» զսպողներ չգտնվեցին, և «Զվարթնոց» օդանավակայանում նախատեսված  լոլիկաձվային շոուն փոխարինվեց ծաղկափուչիկայինով:

Անկեղծ ասած, ինձ համար տեղի ունեցածը նույնքան տխուր էր, որքան կանխվածը: Դրանք ընդամենը նույն մեդալի հակադիր կողմերն են, իսկ հայ պատգամավորուհին ԵԽ-ում իր պահվածքով թե արարքով հաստատ չէր ձգում «մեդալի»:


Ճիշտ չէ, երբ գնահատման չափանիշները քանակով մինիմալացվում և որակով չափազանցվում են. հերոսներ կամ հակահերոսներ, հերոսություն կամ դավաճանություն, խիզախություն կամ վախկոտություն: Դրանք գուցե տեղին ու բավարար են եղել միջնադարյան ասպետական ժամանակներում,  բայց ոչ հիմա: Չեմ ցանկանում մեր ժամանակներն անասպետ, անհերոս կամ դժգույն որակել, խոսքը գնահատման չափանիշների անախրոնիզմի մասին է:


Ինքնին հասկանալի է, որ խոսքը  նաև և ամենևին եզակի դեպքի մասին չէ (եթե եզակի լիներ,  այդքան տխուր չէր լինի). այսպես ենք սովորաբար ընկալում, այսպես ենք սովորաբար գնահատում, այսպես ենք սովորաբար ապրում: Եվ արդեն շատ երկար ժամանակ: Հերոսների ու հակահերոսների մեր վիրտուալ աշխարհն ենք ստեղծել և բոլորովին մոռացել, որ իրական կյանքը դրանց միջակայքում է: Մոռացված այդ միջակայքի դատարկությունը լցնում ենք ինչով ասես՝ էժանագին պայքար ու նույնպիսի հաղթանակ, էժանագին հումոր ու նույնպիսի ծիծաղ, էժանագին մեծախոսություն ու նույնպիսի ուրախություններ:


Ձևացնելով, թե մեր պահանջարկն առնվազն քաջարի հերոսն ու ազնիվ ասպետն է, իրականում մեր պահանջների նշաձողն այնքան ենք իջեցրել, որ մեզ ստում ու արհամարհում են այնպես, կարծես դա միանգամայն նորմալ է: Չեմ ուզում հավատալ, թե մենք իսկապես այդպիսի վերաբերմունքի ենք արժանի: Պետք է պարզապես լրջորեն վերանայել մեր արժեքային համակարգը. ամենից առաջ ճշտել, թե ինչին ենք հավատում, ինչն է իսկապես լավ, ինչը՝ վատ, ինչն է ծիծաղելի, ինչն՝ անընդունելի, ինչն է նորմալ, ինչը՝ ոչ: Լրջանանք՝ մի խոսքով, ու դուրս մղենք էժանագինը մեր կյանքից:

Ու մեր ուրախություններն այլևս մեզ չեն տխրեցնի կամ միայն մեր թշնամուն կտխրեցնեն:

Աննա Տիգրանյան

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները