Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Նախագահից մինչև ռեֆերենդ. կառավարությունը միասնականացնում է աշխատավարձերը

Նախագահից մինչև ռեֆերենդ. կառավարությունը միասնականացնում է աշխատավարձերը

Կառավարությունը հաջորդ տարվա բյուջեի նախագծի հետ խորհրդարան  է ներկայացրել «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի հետ նույն փաթեթում ընդգրկված են  մի քանի  տասնյակ օրենքներում փոփոխություներ առաջարկող օրինագծեր:  Օրենսդրական փաթեթով  ներդրվում է  պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության միասնական համակարգԵթե մինչ այժմ պետական համակարգի տարբեր ոլորտներում աշխատողների վարձատրությունը կանոնակարգվում էր առանձին օրենքերով, ապա այժմ կառավարությունն առաջարկում է աշխատավարձերի հաշվարկման միասնական սկզբունք ՝ բոլորի համար:

Նպատակն, ըստ  նախագծի հիմնավորմանտարբեր համակարգերում աշխատողների աշխատավարձի չափերը հա­մադրելի դարձնելն է  և դրանց միջև տարիների ընթացքում առաջացած չհիմնավորված անհամամաս­նու­թյուններն աստիճա­նա­բար վերացնելը, ինչպես նաև աշխատավարձերի մակարդակի բարձրացումը

Մինչ բարձրացմանն անդրադառնալը նշենք, որ կառավարությունը խոստանում է առնվազն չնվազեցնել աշխատավարձերը: Ըստ օրինագծի՝ եթե նոր համակարգով հաշվարկված պաշտոնային դրույքաչափը  ցածր լինի գործողից, կպահպանվի գործող դրույքաչափը: Հաշվարկների համաձայն՝ այս մեխանիզմով 5 տարվա ընթացքում միասնական համակարգը լիարժեք կսկսի գործել, և «առկա բոլոր տարբերությունները կվերանան նվազագույն աշխատավարձի աճին զուգընթաց փոփոխվող սանդղակի աճերով»:

Օրենքի նախագծով սահմանվում են բազային աշխատավարձ և գործակից հասկացությունները:  Բազային աշխատավարձը  պետական պաշտոն զբաղեցնող անձանց աշխատավարձի որոշման հիմնական  միավորն է, իսկ գործակիցը՝ հիմնական աշխատավարձի չափը որոշելու համար բազային աշխատավարձն այդ թվով բազմապատկելու համար սահմանված մեծությունը: Ըստ նախագծի՝ բազային աշխատավարձի չափը չի կարող ցածր լինել օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի 80 տոկոսից և գերազանցել դրա 120 տոկոսը: Նույն փաթեթով ԱԺ ներկայացրած «Նվազագույն աշխատավարձի մասին» օրենքում առաջարկվող փոփոխությամբ ՝ կառավարությունը նախատեսում է 2014 թվականի հունվարի 1-ից նվազագույն աշխատավարձը արձնել 50 հազար դրամ, ինչը նշանակում է, որ բազային աշխատավարձի նվազագույն շեմը 40 հազար դրամ է, իսկ բարձրագույնը՝ 60 հազար:

Յուրաքանչյուր պաշտոնյայի աշխատավարձը հաշվարկելիս բազային աշխատավարձը բազմապատկվելու է այդ պաշտոնի համար սահմանված գործակցով: Պաշտոնային դրույքաչափերի սանդղակում  ամենաբարձր գործակիցը Հանրապետության նախագահինն է՝ 20, որին հիերարխիայով հաջորդում են ՀՀ ԱԺ նախագահը և ՀՀ վարչապետը՝  18 գործակիցներով: ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահի գործակիցը 16 է, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի գործակիցը՝ 15,5, փոխվարչապետինը՝ 15:  Նկատենք, որ սանդղակում Մարդու իրավունքների պաշտպանի գործակիցը ևս 15 է, ավելի բարձր, քան ասենք ՀՀ ԱԺ փոխնախագահինը՝ 14, Վերաքննիչ դատարանի նախագահինը՝ 13.50, ՀՀ Ոստիկանության պետինը՝ 12, նախարարներինը՝ 12: Նվազագույն գործակիցն, ըստ սանդղակի, պետական համակարգում աշխատող կրտսեր մասնագետինն է՝ 1.25: 

Ընդհանուր առմամբ՝ գործակիցների 20-ից 10 սանդղակում բարձրաստիճան պաշտոնյաներն են 10-ից ներքև՝ պետական միջին ու կրտսեր պաշտոններ զբաղեցնողները: Նշենք, որ ՀՀ պետական համակարգում մոտ 600 բարձրաստիճան պաշտոնյա կա և  մոտ 7000 միջին ու կրտսեր ծառայող: Առաջինների համար  աշխատավարձերի «էական» բաձրացման խոստումը կարծես  կատարվելու է , իսկ երկրորդների համար բարձրացումը  խիստ խորհրդանշական է լինելու:

Պատկերացնելու համար, թե ինչպես կփոփոխվեն  աշխատավարձերը նոր հաշվարկի կիրառման դեպքում , դիտարկենք մի քանի օրինակ.  ՀՀ նախագահի աշխատավարձը, որն այժմ 400 հազար դրամ է, բազային նվազագույն դրույքաչափով հաշվարկելու դեպքում կդառանա 800 հազար, ԱԺ նախագահինն ու  վարչապետինը  (նրանց աշխատավարձերը հիմա կազմում են 340 հազար դրամ) ՝ 720 հազար, իսկ ահա օրինակ նախարարության գլխավոր մասնագետը, ով այժմ ստանում է 145 հազար դրամ աշխատավարձ, նոր սանդղակով կստանա մոտ 160 հազար դրամ:

Ի դեպ, մոտ երկու ամիս առաջ կրթության և գիտության նախարարությունում հրավիրած խորհրդակցության ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը աշխատավարձերի բարձրացման մասին խոսել էր հենց նույն ՝ գլխավոր մասնագետի աշխատավարձի օրինակով:  «Կարծում եմ, տեղյակ եք, որ մենք 2014 թվականից անցնում ենք աշխատավարձերի ամենամյա բարձրացման գործելաոճին, եթե կարելի է այդպես ասել: Ընդ որում, բարձրանալու են և՛ նվազագույն աշխատավարձը, և՛ աշխատանքի համար վարձատրությունը: 2017թ. մենք հասնելու ենք 90 հազար նվազագույն աշխատավարձի: Հիմա մի փոքր դժվարանում եմ ասել, թե որքան է լինելու գլխավոր մասնագետի կամ բաժնի վարիչի աշխատավարձը, բայց վստահորեն կարող եմ ասել, որ 2014թ. հունվարի 1-ից, օրինակ, նախարարության գլխավոր մասնագետն ստանալու է 200-280 հազար դրամ աշխատավարձ, բաժնի պետը, եթե չեմ սխալվում, 280-350 հազար դրամ աշխատավարձ՝ կախված աշխատանքային ստաժից»: 

Կառավարությունն այժմ խոսում է աշխատավարձերի բարձրացման այլ ժամկետների և այլ չափերի մասինԱշխատավարձերի բարձրացման միջինացված ցուցանիշը 40 տոկոս է, իսկ բարձրացման ժամկետը՝ 2014-ի հուլիսի 1-ը:  

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները