Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Էթիկայի դասեր հայ պատգամավորների համար

Էթիկայի դասեր հայ պատգամավորների համար

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ Հայաստան է հրավիրել միջազգային փորձագետների, ովքեր «Խորհրդարանական էթիկա. պատգամավորի վարքագծի կանոններ» թեմայով լսումների ժամանակ ներկայացրին  միջազգային փորձը և էթիկայի դասեր տվեցին հայ պատգամավորներին:

Կանադայի Մաքգիլ համալսարանի պրոֆեսոր, խորհրդարանական էթիկայի գծով փորձագետ Ռիկ Սթեյփնհերստը մինչ միջազգային փորձին անցնելը նախ նկատեց. վերջին 20 տարիներին վստահության մակարդակը  խորհրդարանների նկատմամբ նվազել  է, օրենսդիր մարմնին քիչ են վստահում ոչ միայն Հայաստանում, այլ նաև  Կանադայում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում: Բացառություն են  Շվեդիան ու Դանիան:  «Սոցիալական վստահության մակարդակը Հայաստանում շատ ցածր է»,- նշեց փարձագետը՝ վկայակոչելով «Կովկասյան բարոմետր» հետազոտության  արդյունքները, որոնց համաձայն՝ հասարակությունը պետական ինստիտուտներից խորհրդարանին ամենաքիչն է վստահում:

Միջազգային փորձի մասին. ըստ փորձագետի՝ Ճապոնիայում վարքագծի կանոնները խախտած պատգամավորին հրապարակավ նախատում են: Իռլանդիայում կասեցնում են պատգամավորական գործունեությունը կամ  տուգանք են նշանակում: Ֆրանսիայում վարքականոնը խախտած պատգամավորին արգելում են մասնակցել հաջորդ ընտրություններին: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա փորձագետը խորհուրդ տվեց  վարքագծի կանոնագիրք մշակելիս հաշվի առնել հանրության ընկալման ասպեկտներըը, մասնավորապես այն, թե որ արարքներն են հասարակության համար ոչ էթիկական.  «Բոլորդ համաձայն եք, չէ՞, որ եթե պատգամավորը կարգը խախտում է, պետք է պատժվի: Օրինակ, երբ կնոջդ կամ ամուսնուդ աշխատանքի ես ընդունում քո աշխատակազմում որպես քարտուղար կամ քարտուղարուհի, դա անօրինականություն չէ, բայց էթիկապես ճիշտ չէ», -դիմելով դահլիճում նստած ընդամենը 8 հայ պատգամավորներին՝ ասաց կանադացի փորձագետը:

Օտարերկրացի հյուրը նշեց ամուսնուն կամ կնոջը աշխատակազմում աշխատանքի տեղավորելը, իսկ  մեր խորհրդարանում ընդունված է զավակներին կամ այլ հարազատներին օգնական նշանակելը: Օրինակ, ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանի դուստրը իր հոր օգնականն է` վճարովի հիմունքներով, Մարգարիտ Եսայանի որդին` Ստեփան Եսայանը ևս իր մոր օգնականն է վճարովի, բայց կես դրույքով: Ցանկը կարելի է երկար շարունակել:

Բրիտանացի փորձագետ Ջոն Լյոնը, ով երկար տարիներ Մեծ Բրիտանիայի խորհրդարանում էթիկայի գծով անկախ խորհրդական է, ասաց, որ առանց բավարար վստահության երկրի բարօրությունը վտանգված կլինի: «Քաղաքական գործիչները այդ պատվավոր կառույցի շահը չպետք է ստորադասեն անձնական շահերին, և վարքականոնները կոչված են պաշտպանելու այն մարդկանցից, ում վարքը կարող է սասանել այդ կառույցի հիմքերը», -նկատեց բրիտանացի փորձագետը:

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը կարծում է, որ միջազգային փորձագետների նշած կանոնները խախտելու  մեջ կարող է մեղադրվել Հայաստանի խորհրդարանի 131 պատգամավորներից յուրաքանրյուրը, ավելին՝ մեր երկրում  դա ոչ թե խախտում, այլ կարգավիճակի ընդգծում կհամարվի:   Իսկ թե ինչու են վարքագծի կանոնները 131 պատգամավորից միայն 8-ին հետաքրքում, այսպես է բացատրում. «Ներկա չեն այն պատճառով,  որովհետև հրաշալի հասկանում են, որ որևէ վարքականոն չի աշխատելու իր ողջ ուժով ու խստությամբ, որովհետև գիտեն,  որ կան օրենքից վեր կանգնած մարդիկ, խավեր, կուսակացություններ, քաղաքական թիմեր»։

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը կարծում է, որ էթիկայի կանոնները խախտելու համար Հայաստանում նպատակահարմար չէ  կասեցնել պատգամավորի գործունեությունը կամ տուգանել նրան:

«Ես կարծում եմ, որ հանրային պատասխանատվությունը շատ ավելի կարևոր է: Եթե Անգլիայում տուգանքը կիրառելի է, դա չի նշանակում, որ Հայաստանում նույնպես  ճիշտ է այն կիրառել: Ես չեմ կարծում, որ դրա արդյունավետությունը ավելի բարձր է, քան այն հանրային հնչեղությունը, որ ստանում են Էթիկայի հանձնաժողովի որոշումները  հրապարակումից հետո:  Համոզված եմ, որ մենք կարող ենք ներմուծել որոշակի պատասխանատվության միջոցներ, որոնք ոչ նյութական են, ոչ էլ կապված են կասեցման հետ, որովհետև կասեցումը հարցականի տակ է` արդյո՞ք սահմանադրական է: Եվ ի վերջո քանի որ կա սահմանադրական բարեփոխումների ընթացք, ես կարծում եմ, որ մենք կարող ենք անդրադարձ կատարել նաև այդ տեսանկյունից եթե համարենք առկա միջոցները ոչ բավարար», -հավելեց նա:

Լրագրողները  հետաքրքրվեցին.   վարքագծի կանոնները կատարելագործում են, մինչդեռ եղած կանոնները, ըստ էության,  չեն գործում, ինչի ապացույցը Զարուհի Փոստանջյանի հայտնի հարցից հետո Հանրապետական մի շարք պատգամավորների վիրավորական արտահայտություններն էին: Դավիթ Հարությունյանն ասաց, որ լինելով Էթիկայի հանձնաժողովի անդամ, չի կարող գնահատական տալ,  բայց եթե հանձնաժողովը այդ մասին դիմում ստանա, քննարկում անպայման կլինի: «Այն, որ նորմերը ոչ բավարար են կիրառվում, ամենևին չի նշանակում, որ դրանք չպետք է կատարելագործվեն: Հակառակը, դրանք միշտ պետք է կատարելագործել: Ուշադրություն դարձրեք, որ մի շարք դեպքերում էթիկայի կանոնների խախտման մասին որոշում կայացվել է», -հավելեց ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավորը:

Նկատենք, որ գործունեության 2  տարիների ընթացքում ԱԺ Էթիկայի հանձնաժողովը 21 դիմում է ստացել: Դրանցից 16-ը մերժել է վարույթ ընդունել, 5-ը ընդունել է, բայց դրանցից միայն 2-ով է խախտման վերաբերյալ որոշում կայացրել։ Ըստ հանձնաժողովի՝ էթիկայի կանոնները խախտած պատգամավորները  Սամվել Ալեքսանյանն ու Մհեր Սեդրակյանն են, առաջինը Վարդգես Գասպարիի ձեռքից պաստառը խլելու, երկրորդը՝ լրագրողին վիրավորելու համար:

ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն՝ Էթիկայի հանձնաժողովը որևէ անձի դիմումի հիման  վրա Ազգային ժողով եզրակացություն է ներկայացնում պատգամավորի կողմից  Սահմանադրության 65-րդ հոդվածի առաջին մասի պայմանները խախտելու վերաբերյալ կամ որոշում է կայացնում  շահերի բախման ու  էթիկայի կանոնները խախտելու մասին:

Իսկ կանոկարգով պատգամավորի համար սահմանված էթիկայի կանոններն են՝ հարգել օրենքը եւ ենթարկվել օրենքին, հարգել հանրության բարոյական նորմերը, պահպանել Ազգային ժողովի եւ նրա հանձնաժողովների նիստերի անցկացման կարգը, իր լիազորություններն իրականացնելիս չառաջնորդվել իր կամ իր հետ փոխկապակցված անձանց անձնական շահերով, չօգտագործել պատգամավորի պաշտոնի հեղինակությունը ի շահ իրեն կամ այլ անձի, իր գործունեությամբ նպաստել Ազգային ժողովի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը, ամենուր եւ ցանկացած գործունեությամբ զբաղվելիս դրսեւորել պատգամավորին վայել վարքագիծ, հարգալից վերաբերմունք ցուցաբերել քաղաքական ընդդիմախոսների, Ազգային ժողովում հարցերի քննարկման    մասնակիցների, ինչպես նաեւ բոլոր այն անձանց նկատմամբ, որոնց հետ պատգամավորը շփվում է իր լիազորություններն  իրականացնելիս: 

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները