Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

«Ժառանգությունը» անցավ Փոստանջյանին

«Ժառանգությունը» անցավ Փոստանջյանին

Մինչ Ազգային ժողովի նախագահը Զարուհի Փոստանջյանին ԵԽԽՎ պատվիրակությունից հանելու իրավական ճանապարհներ էր փնտրում, «Ժառանգությունը» խմբակցությունում նրան ընտրեցին խմբակցության ղեկավար: Խմբակցությունում այլընտրանք էլ չունեին. «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանի` խմբակցության ղեկավարի պաշտոնից հրաժարվելուց հետո խմբակցության միակ ժառանգականը Զարուհի Փոստանջյանն է: Նա դարձավ 5-րդ գումարման Ազգային ժողովում «Ժառանգություն» խմբակցության 3-րդ ղեկավարը:

Առաջինը Րաֆֆի Հովհաննիսյանն էր, ով հայտարարեց, որ ինքն ու Խաչատուր Քոքոբելյանը ընտրություններից առաջ պատգամավորական մանդատից հրաժարվելու մասին պայմանավորվածություն են ունեցել: Ընտրվելուց հետո, սակայն, Քոքոբելյանը հրաժարավում է դա անել, բայց ինքը կանի: 2012-ի սեպտեմբերի 10-ին խորհրդարանում հայտարարվեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից: Դրանից հետո նա սկսեց ակտիվորեն պատրաստվել նախագահական ընտրություններին: 


Խաչատուր Քոքոբելյանի հրաժարականը եղավ մի քանի ամիս անց` 2013թ.-ի փետրվարի 4-ին, բայց նա հրաժարվեց ոչ թե մանդատից, այլ միայն «Ժառանգություն» խմբակցությունից: Նրա դուրս գալուց հետո «Ժառանգությունը», Րաֆֆի Հովհաննիսյանին փոխարինած Ռուբեն Հակոբյանի ղեկավարությամբ, դարձավ Ազգային ժողովի ամենափոքր խմբակցությունը: Եթե Ազգային ժողովի կանոնակարգը սահմաներ, թե ինչպես կարելի է հեռացնել խմբակցության որևէ անդամի, «ժառանգությունը» ավելի կփոքրանար, ու կմնային 3-ով` Ռուբեն Հակոբյանը, Զարուհի Փոստանջյանը և անկուսակցական Թևան Պողոսյանը: Խմբակցությունից կհեռացնեին «Ազատ դեմոկրատների» մյուս ներկայացուցչին` Ալեքսանդր Արզումանյանին, ով որպես «Ժառանգության» ներկայացուցիչ` զբաղեցնում է արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնը: Բայց կանոնակարգը հեռացում չէր պարտադրում, իսկ Ալեքսանդր Արզումանյանը չէր պատրաստվում սեփական կամքով թողնել «Ժառանգություն» խմբակցությունը և արտաքին հարաբերությունների փոխնախագայհի աթոռը: Հայտարարեց. «Կամ պիտի մեռնեմ, կամ դուրս գամ խմբակցությունից, կամ հրաժարական տամ: Երեքն էլ չեմ պատրաստվում անել»:

«Ժառանգություն» խմբակցությունում 3-րդ հրաժարականը գրանցվեց հոկտեմբերի 22-ին: Շատերի, անգամ կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի համար անսպասելի` Ռուբեն Հակոբյանը հայտարարեց, որ հրաժարվում է ղեկավարել «Ժառանգություն» խմբակցությունը: Թե ինչու` չմեկնաբանեց: Ասաց, որ վաղուց, մինչև Զարուհի Փոստանջյանի` Ստրասբուրգում հնչեցրած հարցն է նման մտադրություն ունեցել: Մինչդեռ ակնհայտ էր, որ հարցից հետո (խոսքը կազինոյում տանուլ տալու մասին նախագահ Սերժ Սարգսյանին ուղղած Զարուհի Փոստանջյանի հարցի մասին է), փոխադարձ դժգոհություն է առաջացել Ռուբեն Հակոբյանի ու Զարուհի Փոստանջյանի միջև: Հակոբյանը միակ ժառանգականն էր, ով ասում էր, որ պետք չէր կեղտոտ սպիտակեղենը երկրից դուրս հանել ու պետք էր այն մաքրել ներսում: Սրան ի պատասխան` Զարուհի Փոստանջյանը ասել էր, թե ինքն ու Ռուբեն Հակոբյանը տարբեր սերունդների ներկայացուցիչներ են, ու դրանով էլ պայմանավորված է իրենց մոտեցումների տարբերությունը:

Ի դեպ` «ժառանգություն» խմբակցության ղեկավարի պաշտոնում Զարուհի Փոստանջյանի թեկնածությունը հենց Ռուբեն Հակոբյանն էր առաջարկել: Այսպիսով նա մի կողմից թերևս արձագանքում է Զարուհի Փոստանջյանի դիտարկմանը, մյուս կողմից, հրաժարվելով մեկնաբանել իր հրաժարականի պատճառները, հավատարիմ է մնում կեղտոտ սպիտակեղենը ներսում լվալու սկզբունքին: Հակոբյանը խմբակցության կամ կուսակցության կազմից դուրս գալ չի պատրաստվում:

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները