Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Պատգամավորները մտահոգված են. նախարարների աշխատավարձն ավելի բարձր է լինելու, քան իրենցը

Պատգամավորները մտահոգված  են. նախարարների աշխատավարձն ավելի բարձր է լինելու, քան իրենցը

Հոկտեմբերի 23-ին Ազգային ժողովը ձայների 62  կողմ, 11 դեմ, 27 ձեռնպահ հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունեց «Զբաղվածության մասին» օրինագիծը, որով կառավարությունն առաջարկում է հրաժարվել գործազրկության նպաստի ինստիտուտից: Օրենքի ընդունման արդյունքնում 2014-ի հունվարի 1-ից հազարավոր գործազուրկներ կզրկվեն ամսական 18 հազար դրամ նպաստից:

Այս քվեարկությունից անմիջապես հետո խորհրդարանն անցավ կառավարության ներկայացրած մեկ այլ փաթեթի քննարկմանը, որով պետական ծառայության ոլորտում վարձատրության միասնական համակարգի ներդրում և աշխատավարձերի հաշվարկման նոր կարգ է նախատեսվում:  Ըստ նախնական հաշվարկների՝ աշխատավարձերի բարձրացումը նկատելի կլինի հատկապես բարձրաստիճան պաշտոնայաների համար, իսկ կրտսեր ու միջին ծառայողները կբավարարվեն աշխատավարձի բարձրացման խորհրդանշական չափերով:  Հարցը, թե որքանո՞վ է արդարացի այս սկզբունքը, խորհրդարանում երկրորդ պլան մղվեց: Առաջնայինը հարցն էր, թե ինչպես է հաշվարկվելու պատգամավորի աշխատավարձը:

parliamentmonitoring.am-ն ավելի վաղ անդրադարձել է   «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» նախագծին: Ըստ առաջարկվող մոդելի՝  յուրաքանչյուր պաշտոնյայի աշխատավարձը  հաշվարկվելու է հետևյալ կերպ. բազային աշխատավարձը բազմապատկվելու է այդ պաշտոնի համար  սահմանված գործակցով: Բազային է համարվելու նվազագույն աշխատավարձի անվանական արժեքը  (կառավարությունը նախատեսում է, որ  2014-ին այն պետք է կազմի  66 հազար դրամ), իսկ գործակիցները  ներկայացվում են առանձին սանդղակով։

Պաշտոնային դրույքաչափերի սանդղակում  ամենաբարձր գործակիցը հանրապետության նախագահինն է՝ 20,  հաջորդում են ԱԺ նախագահը և վարչապետը՝  18 գործակիցներով: ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահի գործակիցը 16 է, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարինը՝ 15,5, փոխվարչապետինը՝ 15:   Սանդղակում նախարարների գործակիցը 12 է, ԱԺ պատգամավորինը՝  10, իսկ  ամենացածրը պետական համակարգում աշխատող կրտսեր մասնագետինն է՝ 1.25:

Նախագիծը խորհրդարանում ներկայացնում էր կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը: Նրան ուղղված հարցերի հիմնական մասը վերաբերում էր պատգամավորի աշխատավարձի հաշվարկին: Օրենսդիր մարմնի ներկայացուցիչները փորձում էին հասկանալ` ինչու է կառավարությունը ստորադասել պատգամավորին նախարարից և ավելի փոքր գործակցով գնահատել նրա աշխատանքը:

ԱԺ Հանրապետական խմբակցության անդամ Կորյուն Նահապետյանը Գաբրիելյանից հետաքրքրվեց, թե ինչպես են հաշվարկել, կշռել ու որոշել պետական պաշտոն զբաղեցնող անձանց պարտականությունների բնույթը, պատասխանատվության չափը: «Կուզեի, որ ներկայացնեիք, թե Դուք անձամբ ինչպե՞ս եք պատկերացնում պատգամավորի պարտականություններն ու պատասխանատվությունը,  զուգահեռներ անցկացնեիք փոխնախարարի հետ և ասեիք՝ արդյո՞ք համադրելի է նման կարգավորումը»։, -հարցը ձևակերպեց Նահապետյանը:

Կառավարության ներկայացուցիչն ասաց, որ գործակիցների սանդղակը կազմվել է հարցումների հիման վրա, աշխարհում ընդունված մեթոդաբանությամբ: Պատասխանը չբավարարեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին. «Նահապետյան Կորյունը հարց է տալիս , ասում է՝ այսօր պատգամավորի և նախարարի աշխատավարձերը համահունչ են, հիմա դուք իջեցրել եք պատգամավորի գործակիցը, հավասարեցրել փոխնախարարին, ինչո՞ւ»։

Թե ինչու, կառավարության աշխատակազմի ղեկավարը չմանրամասնեց, ասաց, որ գործակիցները վերջնական չեն ու կարող են ճշգրտվել:

Պատգամավորի 10 գործակիցը անհանգստացնում  է նաև մյուսներին: ԱԺ Դաշնակցություն խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը խնդիրը լուրջ համարեց, թեպետ գաղափարին կողմ է: Պատգամավորն առաջարկեց մի կողմ դնել պոպուլիստական հայտարարությունները, համատեղ քննարկումներ ծավալել ու գալ փոխադարձ ընդունելի եզրահանգման: Հորդորին միացավ Խոսրով Հարությունյանը, ում կարծիքով  օրենդիրի անդամները մի տեսակ անտեսված են: «Ո՞նց կարող է առաջարկություն ներկայացնողը ավելի շատ վարձատրվել, քան քաղաքական որոշում կայացնողը: Մենք նախարար ենք կանչում, իրենք պատասխանում են մեզ, ու այդ հիերարխիան խեղված է: Թույլ տվեք ասել, որ Ազգային ժողովի մշտական հանձնժողովի նախագահն ավելի պատասխանատու է, քան նախարարը: Ներկայացվածը որևէ տրամաբանության չի ենթարկվում», -հայտարարեց Խոսրով Հարությունյանը` միևնույն ժամանակ գնահատելով կատարված աշխատանքը:

«Ժառանգությունից» Թեւան Պողոսյանին այլ հարց էր  անհանգստացնում` ինչո՞ւ է նախագիծն անտեսել պատգամավորների օգնականներին ու  չի առաջարկում բարձրացնել նրանց աշխատավարձը:

Վանաձորից մեծամասնական ընտրակարգով ընտրված անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը նախագծից դժգոհեց իր մասով ու հետաքրքրվեց` արդյոք քննարկվե՞լ է մեծամասնական պատգամավորի զբաղվածության հարցը, հաշվի առնվե՞լ է, թե որքան է նա ծախսում: «Ես իմ աշխատավարձի մեծ մասը ծախսում եմ մեծամասնական ընտրատարածք գնալ-գալու վրա: Ինչո՞ւ հանձնաժողովի նախագահի տեղակալը պետք է բարձր ստանա, իսկ մեծամասնականով ընտրված պատգամավորը` ոչ»,-հետաքրքրվեց պատգամավորը: Թեման շարունակեց Հանրապետական խմբակցության անդամ Սամվել Ֆարմանյանը, ով նույնպես կարծում է, որ մեծամասնական ու համամասնական պատգամավորների աշխատավարձերի պետք է տարբերակվեն:

«Իսկ ինչո՞ւ չեք հիշեցնում, որ մեծամասնականով ընտրված շատ պատգամավորներ ընդհանրապես ԱԺ չեն գալիս, բայց գումար են ստանում, կամ էլ գալիս են՝ միայն կոճակ սեղմելու»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։  Նա նաև նկատեց. թեև նշվում է, որ փաթեթի նպատակը ոչ թե աշխատավարձերի բարձրացումն է, այլ դրանց կարգաբերումը, բայց պաշտոնյաների մի խումբ, հատկապես բարձրաստիճանները, աշխատավարձերի նկատելի բարձրացում կունենան: Վաստակե՞լ ենք  արդյոք այդ իրավունքը՝ հացրեց Փաշինյանը ու նաև հիշեցրեց. «Ընդամենը մի քանի ժամ առաջ այստեղ քվեարկվեց մի օրինագիծ, որով որոշվեց, որ գործազրկության նպաստները վերացվում են։ Եվ հիմա բոլորս լուրջ դեմքերով քննարկում ենք նախագահի աշխատավարձը 203 տոկոսով, վարչապետի ու ԱԺ նախագահի աշխատավարձը 218 տոկոսով բարձրացնելու հարցը»։

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները