Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Օրենսդիր էլիտայի նսեմացումն ու ընդվզումը

Օրենսդիր էլիտայի նսեմացումն ու ընդվզումը

Կամ ներպառլամենտական բացառիկ համերաշխություն ընդհանուր թշնամու դեմ

Նման ճանաչողական, ուսուցողական, հախուռն ու հուզումնալից  քննարկում ԱԺ նիստերի դահլիճում վաղուց չէր եղել: Քննարկում, որտեղ միախառնվել-միաձուլվել էին շնորհավորանքներն ու դժգոհությունները, պատասխանատվության ընկալումն ու ամբիցիաները, ուրախությունն ու վիրավորվածությունը, ի վերջո՝ մեծամասնության, այլընտրանքի, ընդդիմության կրքերը: Ներխորհրդարանական չտեսնված համերաշխության մթնոլորտում օրենսդիրն ընդվզեց գործադիրի ներկայացրած օրինագծի դեմ:  

Կառավարությունը ներկայացրել էր մի նախագիծ, որով ներդրվում է բյուջետային աշխատողների աշխատավարձերի հաշվարկման միասնական համակարգ, և այդպիսով ճանապարհ բացվում կարգի բերելու այդ խնդրում առկա քաոսը Հայաստանի Հանրապետությունում: Շնորհավորանքներն այս համատեքստում էին: Թե որքանով էին դրանք անկեղծ, դժվար է կռահել, քանզի հենց նման օրենքի կամ աշխատավարձերի ձևավորման հարցում որևէ տրամաբանության ու մեթոդոլոգիայի բացակայությունն էր տարիներ ի վեր հնարավորություն ընձեռել տարբեր գերատեսչությունների ու պաշտոնյաների համար սահմանել աշխատավարձերի ու այլևայլ հավելավճարների անարդարացի, անհիմն տարաբնույթ արտոնություններ: Եվ այդ հնարավորությունից տարիներ շարունակ հավասարապես օգտվել և տարիներ շարունակ այդ հնարավորությունը չարաշահել էին թե կառավարությունը, թե Ազգային ժողովը:

Հիմա բոլորն ուրախ էին կամ ձևացնում էին, թե ուրախ են, որ այդ ամենի հետևանքով ստեղծված անընդունելի ու միաժամանակ անկառավարելի դարձած իրավավիճակը շտկելու ուղղությամբ կարևոր քայլ է կատարվում: Հարցն այն է, թե ինչպես է կատարվում այդ քայլը. արդյո՞ք մոտեցումը, որ դրվել է աշխատավարձերի ձևավորման մեթոդոլոգիայի հիմքում, արդարացի է, հիմնավոր, տրամաբանական: Եթե աչքի անցկացնեք օրենքի նախագիծը, ապա շատ դրվագներ կասկածի տակ կդնեն մոտեցումների արդարացվածությունը, հիմնավորվածությունը, տրամաբանվածությունը: Բայց այդ ամենի մասին՝ մեկ ուրիշ անգամ:

Վերադառնանք նախագծի խորհրդարանական քննարկումներին: Նախ՝ դրանց ճանաչողական և ուսուցողական բնույթի մասին: Պատգամավորները համատարած և գերարագ տեմպով ուսումնասիրել էին համաշխարհային փորձն ու ՀՀ սահմանադրության մի քանի դրույթներ: Ամեն դեպքում դա լավ է: Միայն թե համաշխարհային փորձի, ՀՀ սահմանադրության և նույնիսկ պետական պաշտոններ զբաղեցնող անձանց աշխատավարձերի մասին օրենքի նախագծի պատգամավորական «ուսումնասիրությունները», ամենայն հավանականությամբ, շատ նեղ ու մասնավորեցված են եղել: Դա պարզորոշ երևաց ելույթների ժամանակ:

Օրենսդիրները վկայակոչում էին ուրիշ երկրների փորձն ու հայրենի Սահմանադրությունը, եզրահանգումներ էին ներկայացնում, դժգոհում, գանգատվում և ընդհանրապես խոսում բացառապես իրենց վերաբերող հարցերի շրջանակում: Իսկ հարցերը երկուսն էին՝ սեփական աշխատավարձերն ու հավելավճարները և սեփական ամբիցիաները: Արդարության դեմ չմեղանչելու համար նշենք, որ նրանցից ոմանք չմոռացան նաև սեփական օգնականներին և նույնիսկ վարորդներին: Որքան էլ նրանք, զգալով իրենց ստեղծած վիճակի խոցելիությունը, մեկը մյուսի հետևից փորձեին հավաստիացնել, թե դա ամենևին էլ այդպես չէ, փաստը մնում էր փաստ. պատգամավորների հետաքրքրությունների տիրութը սկսվում և ավարտվում էր իրենցով:

Հիշեցնենք՝ կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը սահմանում է բյուջետային ոլորտում աշխատավարձերի ձևավորման կարգը: Այսինքն, ներառում է ողջ բյուջետային համակարգը՝ քաղաքական, քաղաքացիական ու հայեցողական պաշտոններ զբաղեցնող բոլոր անձանց՝ վերևից ներքև, բոլորին՝ քաղպետծառայողներին, մանկավարժներին, բժիշկներին, ոստիկաններին, զինվորականներին… (նախագծում տեղ գտած անհասկանալի բացառությունների մասին նույնպես՝ մեկ ուրիշ առիթով): Պատգամավորները վերևներում էին և իրենցից ներքև հայացք գցելու ոչ մի ցանկություն, ակնհայտորեն, չունեին: Նրանց բացառապես զբաղեցրել էր իրենց ու նախարարների աշխատավարձերի համեմատությունը. 2 գործակցի տարբերությունը հօգուտ նախարարների նրանց սարսափելի զայրացրել էր: Նրանք դա պարզապես նսեմացուցիչ էին համարում:

«Նսեմացուցիչի» համատեքստում օրենսդիրները պարզաբանում էին պաշտոնեական հիերարխիայի թեման և մասնավորապես իշխանության թևերի հավասարակշռության մասին սահմանադրական նորմը: Վերջինիս վերաբերյալ եղավ նաև բավականաչափ օրիգինալ մեկնաբանություն. իշխանության հավասարակշռությունը առաջին հերթին վերաբերում է աշխատավարձերին: Ուշադրություն դարձրեք՝ ոչ թե նաև աշխատավարձերին, այլ՝« առաջին հերթին» աշխատավարձերին: Սա, մեղմ ասած, բավականին զգայական և իրադրային մեկնաբանություն էր, եթե չասենք՝ վտանգավոր:

Պատգամավորների էմոցիաներն արդեն անկառավարելի էին դառնում: Նաև ասենք, որ ի  սկզբանե անհետացել էր «սահմանը» ընդդիմության , այլընտրանքի ու մեծամասնության միջև. բոլորին զայրացրել էր նույն խնդիրը, բոլորի վիրավորանքը սանդղակի նույն մակարդակում էր, բոլորը խոսում էին գրեթե նույն բառապաշարով: Խորհրդարանում նախագծի միակ դատապաշտպանի՝ համազեկուցողի, գործադրած ջանքերն էլ չէին հանդարտեցնում օրենսդրական կրքերը, թեև նա անգամ հիշեցրեց, որ դա ընդամենը նախագիծ է, և բարձր ամբիոնից թափանցիկ ակնարկով հայտարարեց՝ «էլի մենք ենք որոշում՝ մեր աշխատավարձերը բարձր պետք է լինեն, թե ոչ»:

Թվում էր՝ քննարկման այսպիսի ընթացքն այլևս անկասելի է, երբ վերջապես Նիկոլ Փաշինյանը (սկզբունքորեն խուսափում եմ անուններ տալուց, սակայն այս անգամ ստիպված եմ բացառություն անել ) հիշեցրեց, որ Հայաստանի Հանրապետությունում բացի նախագահից, ԱԺ նախագահից, վարչապետից, պատգամավորներից, նախարարներից ու այլևայլ բարձրաստիճան պաշտոնյաներից, բնակվում են նաև այլ մարդիկ, օրինակ՝ մանկավարժներ, որոնց նույնպես վերաբերում է սույն նախագիծը: Հիշեցրեց, որ աշխատավարձերի հաշվարկման կառավարության առաջարկած մեթոդոլոգիայով իր՝ պատգամավորի և իր ուսուցչի աշխատավարձերի միջև այնպիսի տարբերություն կլինի, որ նա կամաչի նայել իր ուսուցչի աչքերին:

Մի՞թե մյուս պատգամավորները մտածում են, որ բացի նախարարներից, ուրիշ ոչ մեկի աչքերին նայելու առիթ երբևէ չեն ունենա:

Աննա Տիգրանյան

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները