Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Կառավարությունը հրաժարվում է հարկային պրեսինգից

Կառավարությունը հրաժարվում է  հարկային պրեսինգից

2014 թվականի պետական բյուջեի եկամուտները, ըստ կառավարության ներկայացրած նախագծի, կկազմեն 1 տրիլիոն 134 մլրդ  դրամ, ծախսերը` 1 մլրդ  244  մլն, իսկ դեֆիցիտը՝ 110 մլրդ դրամ: Հաջորդ տարվա համար տնտեսական զուսպ աճ է նպատակադրվում՝ 5.2 տոկոս, իսկ  գնաճի համար կանխատեսվում բավական բարձր ՝8 տոկոսանոց ցուցանիշ տարվա առաջին կիսամյակի ընթացքում:Կառավարությունը հաշվարկում  է, որ 2014 թվականի երկրորդ կեսին գնաճը կվերադարնա թիրախային 4 (+/-1.5) տոկոս միջակայքին:

2014-ի ընթացքում  կառավարությունը հարկային վարչարարություն խստացում ու հարկային բեռի ավելացում չի նախատեսում , և  սա Բյուջե 2014-ի  հիմնական առանձնահատկությունն է:  «Առաջին անգամ հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը թողնում ենք նույնը», - ԱԺ մշտական հանձնաժողովներում սկսված բյուջետային քննարկումների մեկնարկին, ներկայացնելով հաջորդ տարվա գլխավոր ֆինանսական փաստաթղթի հիմնական ցուցանիշներն ու առանձնահատկությունները,  հայտարարեց վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Կառավարության ղեկավարը սա քաղաքական որոշում համարեց,  իսկ դրան գնալու պատճառները պայմանավորեց  2013-ից քաղած դասերով. « 2013-ին հարկային վարչարարությունը խստացել է, և դա բիզնես միջավայրի վրա բացասական ազդեցություն է թողել»: Վարչապետի  խոսքով՝ հարկային ճնշումները 2014-ին կնվազեն, իսկ  նպատակը կլինի ոչ թե վարչարարության խստացումը, այլ՝ ռիսկային ոլորտների բացահայտումը։

Բյուջե 2014-ի մյուս առանձնահատկությունը, ըստ Տիգրան Սարգսյանի, աշխատավարձերի բնագավառում իրականացվող  քաղաքականությունն է: «Առաջին անգամ մեր նորանկախ պետության պատմության մեջ ունենալու ենք բոլոր պետական կառույցների աշխատավարձերի համադրում և միասնական սանդղակ», - ասաց Տիգրան Սարգսյանը:  Նոր համակարգը, հիշեցնենք, նախատեսվում է ներդնել օրենսդրական այն փաթեթով, որը բուռն քննարկումների առարկա դարձավ նախորդ քառօրյայի ընթացքում և առաջին ընթերցմամբ  դեռ չի քվեարկվել:  2014-ի հունվարի 1-ից  կառավարությունը նախատեսում է  10 տոկոսով բարձրացնել  ուժային կառույցների աշխատակիցների աշխատավարձերը, իսկ քաղծառայության համակարգում աշխատավարձերի վերահաշվարկ նախատեսում է հուլիսի 1-ից:

Գործադիրն, ըստ Տիգրան Սարգսյանի, արմատապես վերանայում է  սոցիալական պաշտպանության ոլորտը: Քաղաքականությունն այս բնագավառում  ուղղվելու է  ոչ թե հետևանքների դեմ պայքարին, այլ՝ սոցիալական խնդիրներ ծնող պատճառների վերացմանը: Սա, ինչպես վարչապեը բացատրեց, նշանակում է, հրաժարում  սոցիալական ֆորմալ օժանդակության մոտեցումից:

Այս փոփոխությունն արդեն դրսևորվել է գործազրկության նպաստի ինստիտուտից հրաժարվելու քայլով։ Նախորդ տարիների փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ունենք խիստ անարդյունավետ համակարգ ՝ ասաց Տիգրան Սարգսյանը  և այս գնահատականը շատ ուշագրավ մի ցուցանիշով հիմնավորեց. «Ըստ մեր ուսումնասիրությունների՝ համակարգին հատկացվող միջոցների 94 տոկոսը չէր հասնում շահառուին, այսինքն՝ այն մարդուն, ով աշխատանք է փնտրում: Բավարար էր միայն  2 տեղեկանք ներկայացնել  1 տարվա ստաժ ունենալու  և աշխատանքից ազատվելու մասին: Դիմողի սոցիալական կարգավիճակը բացարձակապես չէր հետաքրքրում գործող  համակարգին. հազարավոր մարդիկ ստանում էին ֆինանսական միջոցներ, որոնք չէին նպաստում ոչ սոցիալական խնդիրների լուծմանը, ոչ  էլ՝ աշխատատեղրի ստեղծմանը»,- խորհրդարանում հայտարարեց Տիգրան Սարգսյանը։

Վարչապետի հայտարարությունն այն մասին, որ գործազրկության նպաստի համակարգը մինչ այժմ  6 տոկոս արդյունավետությամբ է գործել, տարակուսելու առիթ է տալիս  ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանին: «Փաստորեն՝ խոսքը բյուջետային միջոցների 94 տոկոսի փոշիացման մասին է: Ըստ էության՝  սա հաղորդում է հանցագործության մասին», -մեզ հետ զրույցում նկատեց դաշնակցական պատգամավորը: Նրա կարծիքով ՝  այս պնդումն իրականությանը չի համապատասխանում կամ նշվում է, որպեսզի «արդարացվի գործազրկության նպաստի կրճատման քաղաքականությունը: Այն դեպքում, երբ եվրոպական երկրներում գործազրկության նպաստը կա, պահպանվում է: Ավելին ասեմ՝ Ռուսաստանի Դաշնությունում կամ Մաքսային միության որևէ երկրում նման բան չկա»:

Ինչ վերաբերում է Դաշնակցության ընդհանուր գնահատականին, ապա այն ամբողջապես ու լիարժեքորեն  դեռ ձևավորված չէ: Բյուջետային քննարկումները նոր-նոր են մեկնարկել, բայց մեկ բան դաշնակցական պատգամավորն արդեն նկատել է։ «Ակնհայտ է մեկ բան. վարչապետը իր  խոսքը կառուցելիս, իմ գնահատկամբ, շարունակեց մեծախոսություն դրևսևորել: Իհարկե՝ կան դրական քայլեր, բայց դրանք չեն կարող ապահովել այն արդյունքները, որոնք նշվում են »։

ԲՀԿ-ն էլ դեռ վերջնականապես չի ամփոփել իր մոտեցումը: Խոսքն առայժմ նախնական գնահատականների  մասին է: Իսկ ըստ դրանց՝ Բյուջե 2014-ը բոլորովին նոր՝ լոմբարդային  որակումն է ստանում: «Եթե ես փորձեմ դեռևս առաջին տպավորությմաբ գնահատական տալ, կարող եմ ասել, որ սա բյուջե է, որի հիմնական գումարներն ուղղվելու են բանկերին, ապահովագրական ընկերություններին, լոմբարդներին։ Կարճ կանվանեի լոմբարդային բյուջե»,-  ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը։

Նաիրա Զոհրաբյանը  տարօրինակ է համարում այն, որ  կառավարությունը նախատեսում է  բյուջետային եկամուտները ավելացնել 110 մլրդ դրամով` առանց հարկային բեռի ավելացման ու վարչարարության խստացման։ «Այսինքն, հիմնական գործիքը լինելու է ստվերի կրճատումը: Ես հարց ունեմ`  ի՞նչն էր խանգարում կառավարությանը 2012-ին, 2013-ին պայքարել ստվերի դեմ: Ի՞նչ գործիքների պակաս ունեին իրենք նախորդ տարիներին, որ չէին պայքարում ստվերի դեմ և բյուջեն ավելացնում էին հարկային պրեսինգով։ Կամ ի՞նչ երաշխիք, որ 2014-ին դա հաջողվելու է»։

Այս ու այլ հարցեր կառավարության ներկայացուցիչներին պատգամավորները ուղղելու են առաջիկա երկու շաբաթների ընթացքում ՝ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում ընթացող բյուջետային քննարկումների ժամանակ: Հանձնաժողովներում բյուջետային քննարկումները կամփոփովեն նոյեմբերի 7-ին:  Նոյեմբերի 11-ից  Բյուջե 2014-ի քննարկումները կտեղափոխվեն նիստերի դահլիճ:

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները