Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Օսկանյանն առաջինը չէր

Օսկանյանն առաջինը չէր
Առաջին անգամ չէր, որ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը եկել էր խորհրդարան` ԱԺ պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությամբ: Նախորդ` 4-րդ գումարման Ազգային Ժողովում նրա միջնորդությամբ պատգամավորական անձեռնմխելիությունից զրկվեց միանգամից 4 պատգամավոր: Եթե Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը շատ վերլուծաբաններ պայմանավորում են նախընտրական զարգացումներով (2013-ին Հայաստանում անցկացվելու են նախագահական ընտրություններ), ապա 4-րդ գումարման Ազգային Ժողովում իրադարձությունները ծավալվեցին որպես նախագահական ընտրություններին հաջորդած հետընտրական զարգացումներ:

Այսպես.  2008թ-ի մարտի 4-ին նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախաձեռնությամբ հրավիրված արտահերթ նիստում պատգամավորները բավարարեցին Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի միջնորդությունը եւ կողմ քվեարկեցին, որ պատգամավորներ Հակոբ Հակոբյանը, Խաչատուր Սուքիասյանը, Մյասնիկ Մալխասյանը և Սասուն Միքայելյանը զրկվեն պատգամավորական անձեռնմխելիությունից: Նրանք, որպես մեղադրյալներ, ներգրավվեցին մարտի 1-ի քրեական գործում, եւ նրանց նկատմամբ, որպես խափանման միջոց, կիրառվեց  կալանքը:

3-րդ գումարման Ազգային ժողովում եւս եղել է անձեռնմխելիությունից զրկված պատգամավոր: 1999-ի հոկտեմբերի 27-ի գործում պատգամավոր Մուշեղ Մովսիսյանին որպես մեղադրյալ ներգրավելու եւ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանք կիրառելու համար միջնորդագրով պատգամավորներին դիմեց Գլխավոր դատախազ Բորիս Նազարյանը: Գլխավոր դատախազի միջնորդությունը բավարարվեց. գործընկերների քվեարկության արդյունքում Մուշեղ Մովսիսյանը զրկվեց պատգամավորական անձեռնմխելիությունից:

Գլխավոր դատախազի միջնորդությամբ պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու դեպք գրանցել է  նաև 2-րդ գումարման Ազգային ժողովը: Խորհրդարանականները բավարարեցին Գլխավոր դատախազի միջնորդությունը եւ իրենց կողմ քվեարկությամբ համաձայնություն տվեցին, որ Ազգային Ժողովում  նախկին իշխանությունների` ՀՀՇ-ի միակ ներկայացուցիչը` Վանո Սիրադեղյանը,  որպես մեղադրյալ, ներգրավվի մի շարք ծանր հանցագործությունների առիթով հարուցված քրեական գործում: Հետագայում անհարգելի բացակությունների պատճառով Սիրադեղյանը զրկվեց պատգամավորական մանդատից, եւ նրա նկատմամբ հայտարարվեց հետախուզում:

Գլխավոր դատախազի միջնորդությամբ Ազգային Ժողովի պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու ավնադույթը սկիզբ է առնում դեռեւս 1-ին գումարման Ազգային Ժողովից: 1996-ի սեպտեմբերին նախագահական ընտրություններին հաջորդած դեպքերից հետո պատգամավորական անձեռնմխելիությունից զրկվեցին ԱԺ պատգամավորներ Ռուբեն Հակոբյանը, Վազգեն Մանուկյանը, Շավարշ Քոչարյանը, Դավիթ Վարդանյանը,  Պարույր Հայրիկյանը, Սեյրան Ավագյանը, Արշակ Սադոյանը:

Գլխավոր դատախազը մեղադրում է

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանին որպես մեղադրյալ քրեական գործում ներգրավելու համար համաձայնություն տալու մասին միջնորդագիրը գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը Ազգային Ժողով էր ուղարկել սեպտեմբերի 30-ին: Ըստ միջնորդագրի` ԱԱԾ-ի  քննչական վարչության կողմից 2012թ. մայիսի 25-ին հարուցված քրեական գործի նախաքննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել փաստելու, որ «Սիվիլիթաս» հիմնադրամի հիմնադիր և հոգաբարձուների խորհրդի նախագահ Վարդան Օսկանյանը յուրացրել է բարեգործական նպատակներով հիմնադրամին տրամադրված, բայց իրեն վստահված դրամական միջոցները, այնուհետև տարաբնույթ գործողություններով  օրինականացրել  է դրանք: ԱԺ պատգամավորը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ և 190-րդ հոդվածների հատկանիշներով: Նվիրատուները ամերիկյան  «Հանթսման Ինտերնեյշնլ Քորպորեյշն» ու «Պոլիմեր Մատերիալս Ինք.» ընկերություններն են: Գումարը` 1 միլիոն 427 հազար դոլար: Գլխավոր դատախազի ներկայացրած միջնորդագրի համաձայն` Վարդան Օսկանյանն այդ գումարը «Սիվիլիթաս» հիմնադրամին ամբողջությամբ փոխանցելու փոխարեն պահել է իր անձնական հաշվեհամարին՝ այն տնօրինելով նվիրատուի կամքից ու նախապես հայտարարված նպատակներից չբխող եղանակով, մասնավորապես,  շուրջ 181 հազար 800 ԱՄՆ դոլար գումարը ծախսել է անձնական նպատակներով: Քրեական գործի հարուցումից  հետո Վարդան Օսկանյանը հրաժարվել է որպես վկա ցուցմունքներ տալ և քրեական վարույթն իրականացնող մարմնին պարզաբանումներ ներկայացնել գործով ձեռք բերված ապացույցների առնչությամբ: Խորհրդարանում Օսկանյանը  հայտարարեց, թե համոզված է՝ գլխավոր դատախազի միջնորդույթունն ունի  քաղաքական ենթատեքստ և ուղղված է ոչ միայն իր, այլև ԲՀԿ-ի դեմ:

Վարդան Օսկանյանը՝ մեղադրյալ

ՀՀ Գլխավոր դատախազի միջնորդությունը Ազգային Ժողովում ընդունվեց հոկտեմբերի 2-ին: Կողմ քվեարկեց 64, դեմ` 4 պատգամավոր: 1 քվեաթերթիկ համարվել էր անվավեր: Քվեարկությանը մասնակցել էր 71 պատգամավոր` «Հանրապետական» եւ «Օրինաց երկիր» խմբակցություններից: Մյուս 4 խմբակցությունները հայտարարել էին, որ չեն մասնակցելու քվեարկությանը:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության  պատգամավորները բոյկոտեցին ոչ միայն հարցի քվեարկությունը, այլև  մասամբ ` հարցի քննարկումը: Նրանք գլխավոր դատախազին որեւէ հարց չուղղեցին, իսկ ԲՀԿ-ական պատգամավորների ելույթներից հետո խմբակցությունը լքեց Ազգային ժողովի դահլիճը: Մինչ այդ` խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն ամբիոնից հայտարարել էր, որ «Գլխավոր դատախազի միջնորդությունը իրավական ոչ մի հիմք չունի և իր մեջ քաղաքական կոմպոնենտ է պարունակում»:

«Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը Գլխավոր դատախազին հորդորեց չհամոզել պատգամավորներին, թե Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելով` նրան իր անմեղությունը ապացուցելու հնարավորություն են տալիս: «Առջևում նախագահական ընտրություններ են: Եկեք մտծենք` այս քայլով թուլացնում ենք լարվածությունը, հանդուրժողականության թե անհանդուրժողականության մթնոլորտ ենք ձեւավորում»,-հայտարարեց ՀՅԴ-ական պատգամավորը: Դաշնակցությունը չմասնակցեց քվեարկությանը:

«Ո՞ւմ գլխում է հղացել նման միջնորդությամբ խորհրդարան մտնելու միտքը»,-ներկաներին հարց ուղղեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը: Նա գլխավոր դատախազին կոչ արեց հետ վերցնել միջնորդությունը, հակառակ դեպքում, հայտարարեց,   «Ժառանգությունը» կբոյկոտի հարցի քվեարկությունը»:  Խմբակցությունն այդպես էլ վարվեց: «Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հայտարարեց, որ իրենք դեմ են գլխավոր դատախազի միջնորդությանը, քանի որ « ՀԱԿ-ը որեւէ վստահություն չի տածում Աղվան Հովսեփյանի ո’չ պրոֆեսիոնալ, ո’չ էլ բարոյական որակների նկատմամբ և ամբողջ կազմով չի մասնակցելու քվեարկությանը»: «

Հանրապետական»
խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը բառացի չհայտարարեց, թե ՀՀԿ-ն կողմ է քվեարկելու դատախազի միջնորդագրին: Նա բացատրեց, որ քվեարկությունը փակ գաղտնի է, եւ դժվար է ասել, թե ով ինչպես կքվեարկի, բայց ՀՀԿ-ում կան «ձևավորված միտումներ» , համաձայն որոնց  չի կարելի խնդիրը առկախված թողնել: «Աղվան Հովսեփյանի ներկայացրած փաստարկները դեռ չեն նշանակում, թե մենք ասում ենք, որ Վարդան Օսկանյանը մեղավոր է, միջնորդագիրն էլ դա չի ասում»,-ասաց հանրապետական պատգամավորը:

«Օրինաց երկիր» խմբակցության պատգամավորների ելույթներում էլ ընդհանուր առմամբ հնչում էր այն միտքը, թե  Օսկանյանը պետք է ունենա իր անմեղությունը ապացուցելու, իսկ դատախազությունը` մեղադրանքը հիմնավորելու հնարավորություն: ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը Ազգային Ժողովի ամբիոնից հայտարարեց, որ խմբակցության յուրաքանչյուր անդամ փակ գաղտնի քվեարկության ժամանակ կքվեարկի ազատ` իր խղճի մտոք:
Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները