Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Երբ իշխանությունը «լվանում է ձեռքերը»

Երբ իշխանությունը «լվանում է ձեռքերը»
Կամ երբ արտագաղթն է լուծում գործազրկության խնդիրը

Հայաստանի կառավարությունը գործազրկության պաշտոնական ցուցանիշերը կրճատելու «փայլուն» ելք է գտել։ Իհարկե, մինչ այս էլ գործազրկությունն արդեն կրճատվել է։ Ինչպես հոկտեմբերի 23- ին ԱԺ- ում հայտարարեց էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը, գործազրկությունն այս տարվա առաջին վեց ամիսներին 19 տոկոսից իջել է 17 տոկոսի։ Պատճառներից մեկը, ինչպես նշեց կառավարության անդամը, «տնտեսապես ակտիվ բնակչության նվազման հետեւանք է»։ Այսինքն՝ արտագաղթը նպաստում է գործազրկության նվազմանը։

Եվ ահա՝ ԱԺ- ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Զբաղվածության մասին» նոր օրինագիծը, որն «ուղղված է փոփոխություններ իրականացնել զբաղվածության ոլորտում եւ գործազուրկների համար ստեղծել իրական աշխատատեղեր»։ Այս նպատակով վերացվելու է գործազրկության նպաստը եւ այն ուղղվելու է նպատակային ծրագրերի իրականացմանը։ Դեռ կարելի էր հասկանալ, եթե ամենամյա եւ անհատական ծրագրեր առաջարկվող դեռ անհայտ մեխանիզմները գործեին նպաստի ինստիտուտի հետ միասին՝ մարդուն պատրաստեով աշխատանքային նոր միջավայր գտնելուն։ Սակայն երբ պետական ներկա համակարգի շարժիչ միակ ուժը կոռուպցիան է, արդեն հասկանալի է, որ ամենամյա կամ անհատական ծրագրերի առանցքում կարող ենք բացառապես կոռուպցիոն ռիսկեր տեսնել, որի նպատակը գործազուրկին դեպի «Փարոս» ուղարկելն է՝ պաշտոնական թշվառների կարգին դասելը։

Գործազուրկի նպաստի վերացման տարատեսակ բացատրություններում փորձեմ կանգնել միայն կառավարության ղեկավարի հայտարարությունների վրա։ «Ըստ մեր ուսումնասիրությունների՝ համակարգին հատկացվող միջոցների 94 տոկոսը չէր հասնում շահառուին, այսինքն՝ այն մարդուն, ով աշխատանք է փնտրում»,- ԱԺ- ում Բյուջե 2014- ը ներկայացնելիս ասաց Տիգրան Սարգսյանը։ Նա, ըստ երեւույթին, նկատի ուներ, որ նպաստ ստացողներն այդպես էլ մեկ տարվա ընթացքում աշխատանք չեն գտել, զբաղվածության ծառայություններն էլ նրանց համապատասխան աշխատանքով չեն կարողացել ապահովել։ Երբ սոցիալական ծառայություն դիմող գործազուրկների 94 տոկոսը աշխատանք չի գտնում, խոսում է ոչ թե համակարգի, այլ կառավարության, խորհրդարանի, եւ ընդհանրապես պետության անարդյունավետության մասին, որի պատասխանատում ամենեւին գործազուրկը չէ։

Միշտ կարծել եմ, որ գործազրկության նպաստը պետք է ներկայինից բարձր լինի, գոնե հավասար սպառողական նվազագույն զամբյուղին։ Կարծել եմ, որ գործազրկությունը ոչ թե պետք է մեր կառավարությանն անհանգստացնի մարզական հետաքրքրությունից ելնելով, այլ իրականում՝ պետական բյուջեի վրա ֆինանսական ծանրության միջոցով։ Միայն այս դեպքում է, որ իշխանությունը ստիպված կլինի կոնկրետ քայլեր ձեռնարկել հարկային եւ գործարար բարվոք միջավայր, մրցակցային մթնոլորտ, իրավական հավասարություն, թափանցիկ կառավարում ձեւավորելու միջոցով զբաղվածությանը նպաստելու եւ փոքր ու միջին ձեռնարկությունները ներկայիս վնասակար միջավայրից դուրս բերելու համար։

Սակայն չէ, մեր իշխանությունը ձեռքերը լվանալու փայլուն սովորություն ունի։ Զբաղվածության խնդիրը պատվիրակում է գործազուրկին, օրինականությանը՝թաղային հեղինակությանը, մրցակցության խնդիրը՝ օլիգարխին, միայնակ կենսաթոշակառուինը՝ հարեւաններին, առողջության խնդիրը՝ ինքնաբուժմանը, անվտանգության խնդիրը՝ Ռուսաստանին եւ ՀԱՊԿ անդամ թյուրքալեզու պետություններին։

Իհարկե, կցանկանայի ասել, որ մեր իշխանությունը Պիղատոսի նման է ձեռքերը լվանում, սակայն չեմ կարող։ Պիղատոսը Քրիստոսին հանձնելով հրեաներին մեղանչեց արդարության ու բարոյականության դեմ, սակայն, որպես պետական գործիչ, այդպիսով զերծ պահեց իր ենթակայության տարածքը հուզումներից։ Մեր իշխանությունն ուրիշ է՝ այն ձեռքերը լվանում է նաեւ պետական գործերից՝ մեղանչելով ոչ միայն արդարության ու բարոյականության դեմ։

Արմեն Վարդանյան

 

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները