Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Լավ է ուշ, քան չափազանց ուշ

Լավ է ուշ, քան չափազանց ուշ

«Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքն ընդունվել է 2010 թվականի դեկտեմբերին, իսկ 2012-ի տարեվերջին՝ ընդարձակ փոփոխությունների ենթարկվել:  Ի դեպ, 2012-ին կատարված փոփոխությունները չէին վերաբերում հիմնականին, այսինքն՝ ի սկզբանե պարզ ու անթաքույց էր, որ՝
        - կենսաթոշակային համակարգը ՀՀ-ում էական՝ գրեթե հեղափոխական, փոփոխության է ենթարկվում,
        - հեղափոխական փոփոխության թիրախը 1974թ. հունվարի 1-ից հետո ծնվածներն են,
        - հեղափոխական օրենքը սկսելու է գործել 2014թ. հունվարի 1-ից:

Չնայած այս ամենին կամ «շնորհիվ» վերջին երկու հանգամանքների, մայր օրենքի ընդունումը տեղի ունեցավ միանգամայն խաղաղ պայմաններում՝ առանց հասարակական հուզումների ու ընդվզման: Փոքր-ինչ ավելի անհանգիստ վիճակ էր 2012-ի տարեվերջին, սակայն միայն խորհրդարանական քննարկումների ընթացքում և հիմնականում կենսաթոշակային ֆոնդերին առնչվող հարցերի շրջանակում: Կարելի է ենթադրել, որ որոշումներ կայացնելու լիազորություն ունեցողները (կառավարությունում, խորհրդարանում թե հասարակական սեկտորում) մինչև 1974 թվականը ծնվածներն էին, որոնց վրա չէր տարածվելու օրենքի պարտադրանքը, ուստի կարող էին նման օրինակելի հանդուրժողականություն դրսևորել հեղափոխականության հանդեպ: Հնարավոր է նաև, որ ոչ ոք չէր պատկերացնում, որ 2014 թվականի հունվարի մեկն այնուամենայնիվ գալու է, և որ նույնիսկ այն անմիջապես հաջորդելու է 2013 թվականի դեկտեմբերի 31-ին:


Այսպես թե այնպես, եռամյա ուշացումով՝ 2013-ի աշնանը միայն, հայ հանրությունը սկսեց ձևավորել իր արձագանքը կենսաթոշակային նորարարությանը: Նկատենք, որ օրենքի մոտալուտ կիրարկման հանդեպ հասարակական դժգոհությունը թափ հավաքելու միտումներ է արձանագրում, մինչդեռ օրենքի ընդունմանը ժամանակին կողմ արտահայտված պատգամավորներն ու այլ պաշտոնյաներ այժմ և առայժմ նախընտրում են լռել:

parliamentmonitoring-ը անդրադարձել է օրենքին՝ և 2010-ին, և 2012-ին այն դիտարկման առարկա դարձնելով (արդյունքներն ամփոփված են համապատասխան զեկույցում): Դա պարտավորեցնում է հետևել զարգացումներին, մանավանդ որ դրանք կարծես թե վերաճում են օրենքի կամ առնվազն դրա որոշ դրույթների կիրառումը չեղյալ հայտարարելու վերաբերյալ պահանջի:

Ստորև հրապարակում ենք մեր կայքի միջոցով ԱԺ պատգամավորներին ուղղված մի նամակ-դիմում՝ մասնակի կրճատումներով:

«Ես՝ որպես ՀՀ քաղաքացի և ընտրող, դիմում եմ Ձեզ որպես պատգամավորի, ով Սահմանադրությամբ և օրենքներով նախատեսված կարգով ներկայացնում է ՀՀ քաղաքացիների շահերը ՀՀ օրենսդիր մարմնում:

Սույնով Ձեզ եմ ներկայացնում իմ սկզբունքային անհամաձայնությունը «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) մի շարք դրույթների վերաբերյալ և բարձրաձայնում Օրենքի մի շարք հոդվածները՝ ՀՀ Սահմանադրությանը հակասելու և անձի հիմնարար իրավունքներն ու ազատությունները ոտնահարելու մասին

Օրենքում առկա պարտադիր բաղադրիչի գաղափարն ըստ էության կառավարության կողմից փորձ է կարգավորել և սահմանափակել անհատի կողմից իր ֆինանսական միջոցների տնօրինման ազատությունը՝ միաժամանակ զրկելով նրան իր սեփականությունից (իր վաստակած դրամական միջոցների նկատմամբ իր սեփականության իրավունքից): ՀՀ Սահմանադրությունը երաշխավորում և պաշտպանում է սեփականության իրավունքը (Հոդված 8), բացառում է խտրականությունը (Հոդված 14.1) և արգելում է անձին սեփականությունից զրկելը՝ առանց դատարանի որոշման (Հոդված 31): Տես.՝ կից Հիմնավորումները:

Օրենքում առկա են անորոշ, թերի և վտանգավոր բազմաթիվ ձևակերպումներ, որոնք վստահություն չեն ներշնչում հասարակության անդամներին, մի հասարակության, որը ոչ վաղ անցյալում ականատես է եղել բանկային համակարգի բազում անկայունությունների, սնանկությունների և քաղաքացիների ավանդների կորստի: Օրենքի 12-րդ, 13-րդ, 29-րդ և այլ հոդվածները լուրջ շտկման և վերախմբագրման կարիք ունեն՝ անձի իրավական պաշտպանվածությունն երաշխավորելու, ֆոնդի կառավարումը հասկանալի, կանխատեսելի և թափանցիկ դարձնելու և պետության ու կառավարող ֆոնդի կողմից աղաքացիների դրամական միջոցների երաշխավորվածությունն ապահովելու տեսանկյունից:

Ես առաջարկում և պահանջում եմ հրավիրել Ազգային Ժողովի արտահերթ նիստ, քննարկել Օրենքի հակասական դրույթները, կասեցնել Օրենքի գործողությունը, և կազմակերպել Օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու վերաբերյալ հասարակական լսումներ, քանի որ սույն Օրենքն ունի հասարակական մեծ կարևորություն և վերաբերում է ներկայիս և գալիք սերունդների ճակատագրին:

Ակնկալում եմ Ձեր դրական արձագանքը Ազգային Ժողովում արտահերթ նիստ հրավիրելու և/կամ ՀՀ սահմանադրական դատարան համապատասխան դիմում ներկայացնելու գործընթացում՝ Օրենքի մի շարք հոդվածները ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչելու նպատակով:

Հարգանքով՝ Իզաբելլա Սարգսյան
»

Parliamentmonitoring.am-ը առաջիկայում կփորձի պարզել, թե ինչպես են այս առաջարկներին  վերաբերվում օրենքի ընդունման պատասխանատվությունը ստանձնած քաղաքական ուժերը:  Հիշեցնենք, «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքը ՝ հարակից մի քանի տասնյակ օրինագծերում առաջարկվող փոփոխություններով, ընդունել է նախորդ գումարման խորհրդարանը ՝ ձայների 72 կողմ, 1 դեմ, 1 ձեռնպահ հարաբերակցությամբ: Կողմ են քվեարկել այդ շրջանում կոալիցիա ձևավորած ՀՀԿ-ն , ՕԵԿ-ն ու ԲՀԿ-ն: ՀՅԴ-ն և «Ժառանգությունը» բոյկոտել են քվեարկությունը: Օրենքի փոփոխությունների փաթեթը , որով լրամշակվում է 2010թ-ին ընդունվածը և հստակեցվում են  այն մեխանիզմները, որոնցով 2014թ-ից ներդրվելու է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը, ընդունվել է 2012-ի նոյեմբերին՝ ձայների 69 կողմ, 32 դեմ հարաբերակցությամբ: Կողմ են քվեարկել  կոալիցիոն ՕԵԿ-ն ու ՀՀԿ-ն, մյուս խմբակցությունների ՝ նիստին ներկա պատգամավորները դեմ են քվեարկել

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները