Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Քիչ ասելիքով ու բարակ տրցակով. ՎՊ նախագահի ընտրություն

Քիչ ասելիքով ու բարակ տրցակով.  ՎՊ նախագահի ընտրություն

Նոյեմբերի 11-ին Ազգային ժողովը քննարկեց ՎՊ նախագահի նշանակման հարցը: Նոյեմբերի 5-ին ավարտվել է այս պաշտոնում Իշխան Զաքարյանի պաշտոնավարման ժամկետը: Առաջիկա 6 տարիներին այս կառույցը ղեկավարելու համար հանրապետության նախագահը կրկին առաջարկել է Իշխան Զաքարյանի թեկնածությունը, իսկ նրան ՎՊ նախագահի պաշտոնում վերանշանակելու լիազորությունը, ըստ Սահմանադրության,  վերապահված է խորհրդարանին։ 

Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնում Իշխան Զաքարյանի թեկնածության հարցի քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հիշեց հայտնի մալուխը ու հետաքրքրվեց դրա ճակատագրով. «Այսօր հանրությունն ուզում է իմանալ` ի վերջո, այդ ի՞նչ կաբել էր, ո՞վ էր գնել, ինչո՞ւ էր այդքան թանկ գնել, ի՞նչ են եղել դրա հետևանքները: Հանրությունն այսօր չունի այդ հարցի պատասխանը»:

Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը, հիշեցնենք, հունիսին կառույցի գործունեության տարեկան հաշվետվությունը ներկայացնելիս  խորհրդարան էր եկել մալուխը ձեռքին, որպեսզի պատգամավորներին պատկերավոր բացատրի, թե ինչպես են վատնվել բյուջեի գումարները: «Այս մալուխի մեկ մետրը խանութներում վաճառվում է 110 դրամով, ինձ մոտ կտրոնը կա: Նախահաշիվներում այս նույն մալուխի դիմաց գրված է 1007 դրամ», - հայտարարել էր Զաքարյանը:

Փաշինյանի կարծիքով, պաշտոնյան, ով ընդամենը 5 ամիս առաջ  աղմկահարույց բացահայտումներ էր անում, պետք է պատասխանատու լինի իր ասածների համար: Մինչդեռ Զաքարյանի վարքագծում պատգամավորը  փոփոխություններ է  նկատում`«թղթերի տրցակը բարակել է, ձայնի տոնը փոխվել, նույնպես բարակել, ասելիքը քչացել է»:


Իշխան Զաքարյանի ասելիքն իսկապես քիչ էր, խոսքը ՝ խիստ համառոտ:  Թեկնածուն  իր 5 րոպեանոց ելույթում տեղեկացրեց, որ 2014-ին ՎՊ-ն ուսումնասիրություն է կատարելու 14 ոլորտում, բայց չմանրամասնեց` որոնք են դրանք: Նշեց, որ վերահսկողությունը ծրագրային է դառնալու.   «Չեն լինելու ընդհանուր արտահայտություններ, կոնկրետ ծրագրերի նկատմամբ վերահսկողություն է իրականացվելու և տրվելու են կոնկրետ գնահատականներ»:

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը կարծում է, որ Իշխան Զաքարյանը պետք է մերժեր ՎՊ նախագահի պաշտոնում 2-րդ անգամ առաջադրվելու  առաջարկը: «Մեր գործընկերները, կարծում եմ, չեն մոռացել այն օրը, երբ ներկայացվեց Վերահսկիչ պալատի բացահայտումներով լի զեկույցը: Բայց հետո զեկույցի հեղինակը կանչվում է Բաղրամյան 26, նրան քննադատում են, ապա նա ներկայացվում է  որպես թեկնածու: Շատ անդուր իրավիճակ է պարոն Զաքարյանի համար էլ, մեզ համար էլ: Ուղղակի պետք է Ձեր մեջ համարձակություն գտնեիք ու ասեիք, որ չեք ուզում առաջադրվել», -հայտարարեց Փոստանջյանը` ընդգծելով, որ իր ղեկավարած խմբակցությունը դեմ է քվեարկելու Իշխան Զաքարյանի  թեկնածությանը:

ԱԺ ՀԱԿ խմբակցությունը ևս դեմ է ՎՊ նախագահի պաշտոնում Իշխան Զաքարյանի թեկնածությանը. խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ իրենք երաշխիք չունեն, թե  ՎՊ նախագահը կգործի ազատ  և  կաշկանդված չի լինի: «Ընդ որում՝ ցանկանում եմ հենց հիմա հավաստիացնել, որ մենք որևէ նախապաշարմունք չունենք, և եթե ակնկալիքը չարդարանա, մենք առաջինը օբյեկտիվորեն կնշենք ձեր ապագա զեկույցների արդյունավետությունը: «Հայ Ազգային Կոնգրես» խմբակցությունը  դեմ է Սերժ Սարգսյանի ներկայացրած թեկնածությանը, ինչն առաջին հերթին պետք է ընկալեք որպես վերաբերմունք մեր կողմից մերժվող բուրգային կոռուպցիայի համակարգին», - խմբակցության դիրքորոշումը ձևակերպեց Զուրաբյանը: Նա նաև հայտարարեց, որ հաշվի առնելով գլխավոր դատախազի պաշտոնում  Գևորգ Կոստանյանի թեկնածության քվեարկության ժամանակ «դեմ» քվեաթերթիկների առեղծվածային չքացման փաստը՝ ՀԱԿ-ը որոշել է  քվեարկության «կեղծարարության ֆարսին» չմասնակցել, որպեսզի «ՀՀԿ-ական կեղծարարները չստանան նոր հնարավորություն՝ ընդդիմության դեմ կեղտոտ խաղ խաղալու»:

Դաշնակցությունը ևս չի մասնակցի քվեարկությանը.  ՎՊ նախագահի թեկնածուի պաշտոնում առաջադրված անձին խմբակցությունը  դեմ չէ, բայց համոզված է, որ  կառույցն անկախ գործելու հնարավորություն չունի: «Այդ անկախությունից բան չմնաց, այդ անկախության չեզոքացումը տեղի ունեցավ մեր աչքերի առաջ: Ինչ այս ընթացքում տեսանք, այն էր, որ մեղադրողը դարձավ մեղադրյալ և սկսեց պաշտպանվել, որովհետև փոխվեց իրադրությունը, ՎՊ-ն հայտնվեց լուրջ ճնշումների տակ ու չդիմացավ այդ ճնշումներին», -հայտարարեց Արմեն Ռուստամյանը: Կառույցի անկախության  միակ գրավականը, ըստ պատգամավորի, դրա ղեկավարումը օրենսդրորեն ընդդիմությանը վստահելն է:

Այլընտրանքային «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը կմասնակցի ՎՊ նախագահի քվեարկությանը և կողմ կքվեարկի Իշխան Զաքարյանի թեկնածությանը: «Չկա մեկը, որ կասկածում է Վերահսկիչ պալատի` վերջին տարիներին արած բացահայտությունների իսկությանը: Բայց բոլորս գիտենք, որ մեր երկրում չկա իրական անկախ մարմին: Այն համակարգում, որտեղ մեկ հոգի է որոշում, թե ով է մեղավոր, ով` ոչ,  ՎՊ-ից ավելին, քան այսօր է արվում, պետք չէ ակնկալել», - խորհրդարանում հայտարարեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը` ընդգծելով, որ խստապահանջ են լինելու ու համագործակցելու են «բյուջեի գանձագողներին» բացահայտելու հարցում:

Իշխան Զաքարյանի թեկնածությանը կողմ են նաև կոալիցիոն ՕԵԿ-ն ու ՀՀԿ-ն:

Վերահսկիչ պալատի նախագահի նշանակման հարցի քվեարկությունը տեղի կունենա նոյեմբերի 12-ին,  նիստի մեկնարկին: Քվեարկության տեղն ու ժամը ներկայացնելով՝  ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանը ավելորդ չհամարեց  հիշեցնել պատգամավորներին.  «Նրանք, ովքեր կողմ են թեկնածուին, ջնջում են «դեմ»-ը, իսկ ովքեր դեմ են, ջնջում են «կողմ»-ը: Խնդրում եմ ձեր գծիկներն ու ծիտիկները ճիշտ դնել, որ հետո թյուրիմացության մեջ չընկնեք»:

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները