Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

«Պոզիտիվ» բոյկոտ

«Պոզիտիվ» բոյկոտ
Կամ երբ իշխանությունը փախչում է պատասխանատվությունից

Անկանխատեսելի կայունության Հայաստանում կանխատեսելի մի բան, այնուամենայնվ, կա՝ իշխանության անպատասխանատվությունը։ ԱԺ ՀՀԿ-ՕԵԿ մեծամասնությունը հերթական անգամ որոշեց ընդդիմության հրավիրած նիստը «բոյկոտել»։ Ի տարբերություն նախորդի՝ այս անգամ Հովիկ Աբրահամյանը սկզբից կարդաց ՀՀԿ հայտարարությունը, թե խմբակցությունը նպատակահարմար չի գտնում մասնակցել նիստին։ Ամենայն հավանականությամբ՝ նման «մեծահոգության» պատճառը ՍԴ ապրիլի 16- ի որոշումն էր՝ նախորդ բոյկոտի իրավական հետեւանքների մասին։ Սակայն ըստ ՍԴ որոշման՝ «Իրավական առումով անհիմն է Ազգային ժողովի նիստերից բացակայելը որպես «քաղաքական բոյկոտ» ներկայացնելը։ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքը սահմանել է քվեարկությանը չմասնակցելու միայն երկու հնարավոր ինստիտուտ, երբ, մի դեպքում… պատգամավորը հանդես է գալիս տվյալ քվեարկությանը մասնակցելուց հրաժարվելու մասին հայտարարությամբ, մյուս դեպքում… քվեարկությունից առաջ նման հայտարարությամբ է հանդես գալիս պատգամավորական խումբը կամ խմբակցությունը»։ ՀՀԿ հայտարարությունը, ինչպես հասկացանք, չէր նախորդում քվեարկությանը։ ՀՀԿ-ն հրաժարվում էր գրանցվել։ Ընդհանուր կանխատեսելիության մթնոլորտն ապահովելու համար այժմ բացակայում է միայն ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի հայտարարությունը, թե «վստահության հանրաքվեի» նման ճիշտ չենք հասկացել նաեւ «քվեարկությունից առաջ» բառակապակցությունը։

ԱԺ նիստը, որը պետք է քննարկեր կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը մեկ տարով հետաձգելու հարցը, չկայացավ։ Չեմ փորձի խորանալ օրինագծի մանրամասների մեջ, քանի որ parliamentmonitoring- ը խնդրին անդրադարձել է եւ մասնագիտական, եւ քաղաքական, եւ լրագրողական առումով։ Ես կանդրադառնամ այլ հարցի, թե ինչու է հանրությունը դեմ բարեփոխմանը։ Առաջին ու հիմնական պատճառը անվստահությունն է։ Կապիտալին վերաբերող ցանկացած հարց, առավել եւս երկարաժամկետ կտրվածքով, պետք է վստահելի լինի։ ԱԺ չկայացած նիստը որքանո՞վ բարձրացրեց խնդրի նկատմամբ վստահության մակարդակը։

«Մենք պատրաստ ենք մասնագիտական քննարկումների, պատրաստ ենք ցանկացած հարցադրմանը տալ պատասխան, պատրաստ ենք մասնակցել լսումներին, որոնք ԱԺ-ում կկազմակերպվեն»,- նոյեմբերի 15- ի չկայացած նիստից 16 ժամ 35 րոպե առաջ հայտարարել էր վարչապետ Տիգրան Սարգսյանը։ 16 ժամ եւ 30 տարի… երբ ընդամենը ժամերի արդյունքում է բարեփոխում նախաձեռնած ուժը փոխում իր տեսակետը, ապա ինչպե՞ս մարդը կարող է վստահ լինել, որ 30 երկար ու ձիգ տարիների ընթացքում, երբ ամեն ամիս տալու է իր աշխատավարձի 5 տոկոսը, չի գա այն «16 ժամը», որն իրեն կկանգնեցնի «կոտրած տաշտակի» առաջ, ինչի առաջ այդ օրը կանգնել էին ԱԺ ճաղերի մոտ հավաքված երիտասարդները։ 16 ժամ եւ 30 տարի… ինչպե՞ս իշխանությունը, որն արգահատական վերաբերմունք ունի Սահմանադրության, օրենքների եւ հասարակության նկատմամբ, կարող է վստահելիության չափազանց մեծ տոկոս պահանջող բարեփոխում իրականացնել։ Իհարկե, կինեն տարբեր բացատրություններ, որ այդ գումարները տնօրինելու են աշխարհի ամենահեղինակավոր ընկերություններն ու ամենահանճարեղ մարդիկ, կինեն հայտարարություններ, որ այդ բարեփոխումը գրել են արտասահմանում սովորած մեր ամենատաղանդավոր պաշտոնյաներն ու արտասահմանյան ֆինանսական ամենաազդեցիկ կառույցները, կլիեն հայտարարություններ, որ կառավարությունն ամենաարդյունավետ միջոցներն է իրականացրել խնդրի ամենաարդար լուծման համար, սակայն այս խոսքերը կարո՞ղ են արդյոք մարդկանց մոտ վերակագնել վստահությունը։

«Պատրաստ ենք ձեզ (ընդդիմության, հեղ.) հետ բանավիճել, թե արդյոք այն ճանապարհները, որ դուք առաջարկում եք, ավելի արդյունավե՞տ են այդ նպատակներին հասնեու համար, թե՞ այնուամենայնիվ կառավարության կողմից առաջարկվող ճանապարհներն են ավելի արդյունավետ։ Կարծում եմ, որ այդ ձեւաչափի մեջ երկխոսությունը օգտակար կլինի ոչ միայն ընդդիմության եւ իշխանության համար, այլ նաեւ հասարակության համար, որովհետեւ հասարակությունը կներքաշվի պոզիտիվ քննարկումների դաշտ, որոնումների դաշտ, ինչն էապես կարող է փոխել մթնոլորտը Հայաստանի Հանրապետությունում»,- չկայացած նիստից 16 ժամ 35 րոպե առաջ ԱԺ ամբիոնից հայտարարում էր վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Հիմա պա՞րզ է, թե ինչու մեծամասնությունը բոյկոտեց նիստը։ Բոյկոտեց, քանի որ այդ բանավեճը կարող էր օգտակար լինել, «պոզիտիվ քննարկումների դաշտ» ներքաշել հասարակությանը և փոխել մթնոլորտը ՀՀ- ում։

Արմեն Վարդանյան
Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները