Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Բյուրեղյա երազանքներ, սպիտակ տաբատներ, մտորումներ

Բյուրեղյա երազանքներ, սպիտակ տաբատներ, մտորումներ

Պրելյուդ. ԱԺ միջանցքներում հանրապետական երկու տիկին լեզվակռիվ են տվել: Թեման այնքան նուրբ ու լուրջ է եղել, որ տիկնայք ի վիճակի չեն եղել իրենց «քաղաքական բանավեճը» կազմակերպել կողմնակի աչքից հեռու մի վայրում: Իսկ «քաղաքական բանավեճի» թեման գործուղումներն են եղել, ավելի ստույգ՝ թե ով է ավելի հաճախ խորհրդարանական պատվիրակությունների կազմում արտերկրում շրջագայելու հնարավորություն ստանում: Այս համատեքստում տիկնայք նաև մեկը մյուսի վաստակի վերաբերյալ գնահատականներ են հնչեցրել: Թե որքանով են արդարացի եղել այդ գնահատականները, չեմ կարող դատել, քանի որ երկուսին էլ չեմ ճանաչում, թեև նրանցից մեկը կարծես թե նաև նախորդ գումարման պատգամավոր է եղել, մյուսը նախկինում, ասում են, «հայտնի» լրագրող է եղել:

Էկզոտիկա. Ինքնաբուխ ու անկառավարելի սույն վեճի առիթը ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում ընդգրկվելն է եղել: Իսկ էմոցիաների այդպիսի՝ բուռն, դրսևորման հիմքերը բավականին ծանրակշիռ են եղել՝ ճամփորդության աշխարհագրություն, ճամփորդության տևողություն, պատվիրակության պատկառելի թվակազմ: ԱԺ խոսնակի գլխավորությամբ մի մեծաթիվ պատվիրակություն էր մեկնելու (արդեն մեկնել է) լատինաամերիկյան երկրներ՝ Բրազիլիա, Արգենտինա, Ուրուգվայ: Մեկշաբաթյա բարձրակարգ հանգիստ հայրենի տասը երեսփոխանների և նրանց բազմաթիվ ուղեկիցների համար՝ արև, ավազ, սպիտակ տաբատներ, կրքոտ կանայք, բազմաստղ հյուրանոցներ: Մի՞թե այդպիսի անվճար արևադարձային հեռանկարի համար չարժեր գլուխը կորցնել: Իհարկե արժեր. ո՞վ մանկուց չի երազել լինել Ռիո դե Ժանեյրոում, ընդհանրապես՝ ճամփորդել, աշխարհ տեսնել: Իսկ ընտրյալներն ունեն երազանքները կյանքի կոչելու հնարավորություն, այն էլ՝ առանց խախտելու սեփական գրպանի անձեռնմխելիությունը (պետական միջոցների հաշվին՝ մի խոսքով):
Չէկզոտիկա. ԱԺ նախագահն այցի ընթացքում հանդիպումներ է ունենալու այդ երկրների խորհրդարանների ղեկավարների հետ, իսկ տասը երեսփոխանների համար նախատեսված է հանդիպում արգենտինահայ համայնքի հետ: Հուսանք՝ նրանք շատ կարևոր խնդիրներ են լուծելու արգենտինահայ համայնքի համար:

Մտորումներ. Միջխորհրդարանական կապերը, աշխարհի հետ շփվելը, աշխարհ տեսնելը վատ բաներ չեն, ընդհակառակը՝ կարող են շատ օգտակար լինել: Հարցն այն է, թե որքանով են օգտակար իրականում կամ օգտակա՞ր են արդյոք ընդհանրապես: Ողջ տարին և տարեցտարի զանազան պատվիրակություններ (կառավարական, խորհրդարանական) ՀՀ պետական բյուջեի հաշվին շրջում են աշխարհով մեկ, վերադառնում են, նույնիսկ երբեմն ասուլիսներ հրավիրում վերադարձի առթիվ ու ինչ-որ բաներ պատմում: Ոչ ոք երբևէ հաշիվ չի տվել ՀՀ հարկատու քաղաքացուն, թե որքանով էր արդյունավետ տվյալ այցը, ինչու էր անհրաժեշտ, ինչով էր կարևոր, ինչ օգուտ տվեց կամ թեկուզ՝ ապագայում տալու: Նույնիսկ ճանաչողական բնույթի ինֆորմացիան են նրանք խնամքով թաքցնում ՀՀ քաղաքացուց և, հենց իրենց շահերի տեսանկյունից, այդպիսով վրիպում թույլ տալիս: Օրինակ, նրանք կարող են պատմել, թե իրենց այցելած երկրներից որո՞ւմ պատգամավորների և խորհրդարանի աշխատակազմի աշխատակիցների աշխատավարձերի միջև նույնպիսի ահռելի տարբերություն կա, որի՞ խորհրդարանում է առկա նույնպիսի ուռճացված ապարատ, էլ ո՞ր երկրի խորհրդարանն է 82 ծառայողական ավտոմեքենա պահելու շռայլություն թույլ տալիս իրեն ու իր երկրի բյուջեին... Մի խոսքով՝ այս կարգի ճանաչողական տեղեկատվությունը կարող է ինչ-որ չափով սփոփիչ լինել ՀՀ հարկատու քաղաքացու համար, որը ցավագին է արձագանքում իր աղքատ երկրի բյուջեի սուղ միջոցները անհասկանալի նպատակներով վատնելու փաստերին: Կարող է մխիթարական լինել, որ «ինչ-որ բան սխալ»-ը նաև այլ երկրներում է, կամ գուցե՝ ամենուր:

Աննա Տիգրանյան



Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները