Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Պառլամենտի ազգային էվոլյուցիան

Պառլամենտի ազգային էվոլյուցիան

Երբ հինգ տարի առաջ Հովիկ Աբրահամյանը ընտրվում էր Ազգային ժողովի նախագահ, հայտարարեց, որ իր նպատակը խորհրդարանի դերի բարձրացումն է լինելու: Նա չմանրամասնեց, թե հատկապես որ համատեքստում է խորհրդարանի դերակատարության խնդիր տեսնում, ուստի նաև չպարզաբանեց, թե ինչպես է պատրաստվում հասնել իր նպատակին: Եվ ահա, հինգ տարի անց (մասնավորապես՝ 2013 թվականի նոյեմբերյան չորսօրյայի ընթացքում) խոսնակի կուսակից Դավիթ Հարությունյանը ԱԺ բարձր ամբիոնից ի լուր ամենքի հայտարարեց՝ «մենք նվազեցրել ենք օրենսդիր մարմնի դերակատարությունը. դա հարիր չէ ժողովրդավարական խորհրդարաններին»: Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի այս շատ պատասխանատու հայտարարության համատեքստը միանգամայն թափանցիկ էր՝ իշխանության թևերի հավասարակշռություն, Սահմանադրությամբ սահմանված լիազորություններ. պարզ ասած՝ խոսքը վերաբերում էր Ազգային ժողով-կառավարություն հարաբերություններին:

Պետք է նկատել, որ ԱԺ-կառավարություն հարաբերությունների թեման 5-րդ գումարման Ազգային ժողովի չորրորդ նստաշրջանի համար առանցքային դառնալու միտումներ է դրսևորում: Ամեն ինչ սկսվեց պետական պաշտոն զբաղեցնող անձանց աշխատավարձերին վերաբերող չարաբաստիկ օրենքի նախագծի քննարկումների ժամանակ: Պատգամավորները (հայտնի բան է) վիրավորվել էին, որ աշխատավարձերի ձևավորման միասնական համակարգում կառավարությունն ինքն իր համար ավելի բարձր վարձատրություն էր նախատեսել, քան իրենց՝ պատգամավորների համար: «Դե յուրե» հարթության վրա նման վերաբերմունքից վիրավորվելը միանգամայն արդարացի էր, «դե ֆակտո» հարթության վրա՝ ոչ: Այս քննարկումների ընթացքում «դե ֆակտո» հարթությունը, իհարկե, նրբանկատորեն շրջանցվեց: Սակայն, ինպես առածն է ասում՝ երբ պտուղը հասունանում է, այն անպատճառ վայր է ընկնում: Կառավարության և խորհրդարանի փաստացի դերակատարության, լիազորությունների, ընդհանրապես՝ փոխհարաբերությունների թեման արդեն այլ առիթներով և մի փոքր հախուռն շրջանառվեց հենց հաջորդ (նոյեմբերյան) քառօրյայի ընթացքում, և շրջանառվեց ամենևին էլ ոչ կառավարության նախաձեռնությամբ:

Ընդդիմադիր պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը հայտարարությունների ժամին անդրադարձավ օրինաստեղծ գործունեության մեջ կառավարության և խորհրդարանի մասնակցության հարաբերակցությանը: Վկայակոչելով parliamentmonitoring կայքում հրապարակված վիճակագրությունը, նա ուշադրություն հրավիրեց այն իրողության վրա, որ ՀՀ-ում տարիներ ի վեր օրենսդրական նախաձեռնությունների առյուծի բաժինը (90 պլյուս-մինուս 2-3 տոկոսը) պատկանել է կառավարությանը: Եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, նա կարծեմ նույնիսկ հայտարարեց, թե այսպիսով կառավարությունը յուրացրել է օրինաստեղծ գործառույթը: Կառավարությունն է նախաձեռնում ու հեղինակում բոլոր օրենսգրքերը, ոլորտային ու հայեցակարգային օրենքները, ինքն էլ հիմնականում փոփոխում ու լրացնում է դրանք:

Հաջորդ օրը պատգամավորն այս դիտարկումները հարցի տեսքով ուղղեց կառավարությանը: Հարցին պատասխանեց վարչապետը: Կառավարության ղեկավարի բարեկիրթ և հնարավորինս նրբանակատ պատասխանը, սակայն, ոչ միայն չփարատեց մտահոգությունները օրինաստեղծ գործառույթում օրենսդիր մարմնի ունեցած դերակատարության վերաբերյալ, այլև լուրջ մտորումների առիթ տվեց: Խոսելով այն մասին, թե կառավարությունն ու ԱԺ մեծամասնությունը նույն քաղաքական թիմն են և ճիշտ չէ մտածել, թե օրենսդրական նախաձեռնությունների առումով կառավարությունը ճնշում է խորհրդարանին, վարչապետը հայտարարեց, որ քաղաքական թիմն իրենց է հանձնարարում հանդես գալ օրենսդրական նախաձեռնություններով, և հաճախ այդպիսի հանձնարարություններ լինում են նաև թիմակից պատգամավորների կողմից:

Այսինքն՝ no problem քաղաքական թիմի ներսում: Գուցե դա իրոք այդպես է, բայց արդյո՞ք դա նորմալ է իշխանության թևերի հավասարակշռության, Սահմանադրությամբ սահմանված լիազորությունների տեսանկյունից: Իհարկե, Սահմանադրությունը գործադիր իշխանությանն էլ է վերապահել օրենսդրական նախաձեռնություններով հանդես գալու իրավասություն. դա ընդունված է ամբողջ աշխարհում, նորմալ է և արդարացված: Կառավարությունն է գործնականում «աշխատեցնում» օրենքները, նա է գործում օրենսդրական տվյալ միջավայրում և, օբյեկտիվորեն, նա կարող է շատ ավելի արագ և ճշգրիտ զգալ փոփոխությունների, լրացումների անհարժեշտությունը: Նույնիսկ այս դեպքում կառավարության օրենսդրական առաջարկների անհրաժեշտությունը պետք է լրջորեն գնահատվի օրենսդիր մարմնի կողմից, հակառակ դեպքում օրինաստեղծ իրավասությունը սեփական հարմարավետությանը ծառայեցնելու գայթակղությունը միշտ էլ կարող է առկա լինել: Թե ինչպիսի լրջությամբ են օրենսդիրները գնահատում կառավարության նախաձեռնությունների անհրաժեշտությունը, նույնպես վկայում են փաստերը. այդ նախաձեռնությունները միշտ հաջողությամբ դառնում են օրենքներ՝ հիմնականում պահպանելով այն նույն բովանդակությունն ու տեսքը, որպիսիք ունեցել են կառավարությունում միս ու արյուն ստանալիս: Ստացվում է, որ ՀՀ-ում գործող օրենքների 90 պլյուս մինուս 2-3-ի դեպքում օրենսդիր մարմնի դերակատարությունը սահմանակփակվել է «կողմ» արձանագրող կոճակի սեղմումով:

Նկատենք, որ ՀՀ ԱԺ պատգամավորները սովորաբար սկզբունքորեն նորմալ են համարել այս իրողությունը: Ճիշտ է, նրանցից ոմանք՝ քաղաքական այլ թիմերից, ժամանակ առ ժամանակ խոսել են կոճակ սեղմելու հայկական ավանդույթի մասին, սակայն միաժամանակ նույնիսկ նրանք են նորմալ համարել ու համարում կառավարության այսօրինակ «ջանասիրությունը»: Ներեցեք, բայց ես համամիտ չեմ. իմ համեստ կարծիքով՝ երբեք չի կարող ճիշտ լինել, երբ խաղացողն ինքն է իր համար սահմանում խաղի կանոնները: Պետական կառավարման համակարգում գործադիրն ակտիվ խաղացող է, և նրան օժտել իր խաղի կանոնները գրեթե միանձնյա սահմանելու իրավասությամբ, նշանակում է՝ խախտել իշխանության թևերի հավասարակշռությունը: Իմ համեստ կարծիքով, քաղաքական թիմն այնքան էլ ճիշտ չի վարվում, որ կառավարությանն է հանձնարարում օրենքներ գրել: Կամ, եթե քաղաքական թիմը, այնուամենայնիվ, գտնում է, որ այդպես ճիշտ է, էլ ինչո՞ւ է զարմանում ու զայրանում Դավիթ Հարությունյանը, որ կառավարությունն անտեսում է ԱԺ մշտական հանձնաժողովում միաձայն ընդունված առաջարկությունները:

Կամ ինչո՞ւ են զարմանում ու զայրանում պատգամավորները, որ կառավարությունը համարում է, թե իր աշխատանքն ավելի բարձր վարձատրության է արժանի, քան պատգամավորներինը: Քաղաքական թիմն է կառավարությանն օժտել այդպես մտածելու իրավասությամբ:

Աննա Տիգրանյան

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները