Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Նախարարից քիչ, բայց՝ առանց դժգոհության

Նախարարից քիչ, բայց՝ առանց դժգոհության

«Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի նախագիծը, որի առաջին ընթերցմամբ քննարկումը Ազգային ժողովում բավական թեժ մթնոլորտ էր ստեղծել, երկրորդ ընթերցմամբ քննարկվեց հազիվ 30 րոպե. նախագծի վերաբերյալ գրավոր առաջարկություններ ներկայացրած 14 պատգամավորներից հարց տվեցին ու ելույթ ունեցան միայն երկուսը:

Արված 51 առաջարկություններից կառավարությունը 25-ը մերժել էր, 26-ն ընդունել  էր մասամբ կամ ամբողջությամբ: Ընդունվածներից և ոչ մեկը պատգամավորի աշխատավարձի գործակցի բարձրացում չէր ենթադրում: Պատգամավորների աշխատավարձի գործակիցը մնացել էր 10-ը` նախարարների 12 գործակցից 2-ով պակաս, բայց այս մասին դահլիճում ներկա սակավաթիվ պատգամավորներից և ոչ մեկը այլևս չհիշեց: Նրանք, թերևս, հաշտվել էին նախարարից պակաս վարձատրվելու հեռանկարի հետ` գոհանալով իրենց օգնականների (3.5) և խմբակցությունների փորձագետների(4) համար սահմանված գործակիցներով:

Միասնական վարձատրության համակարգը, առաջինից երկրորդ ընթերցում, ընդլայնվել էր: Դրանում ներառվել են նաև դատական, պետական պահպանության, քրեակատարողական համակարգերի, հարկադիր կատարման ծառայության ղեկավարների աշխատավարձերը: Հիմնական զեկուցող, կառավարության աշխատակազմի ղեկավար Վաչե Գաբրիելյանն ասաց, որ իրենք նպատակ ունեն ժամանակի ընթացքում միասնական վարձատրության համակարգում ներառել հանրային ծառայության այլ աստիճաններ ևս:

Դաշնակցությունը առաջին ընթերցմամբ նախագծին կողմ էր քվեարկել, երկրոդին էլ, Արծվիկ Մինասյանն ասաց, կողմ են քվեարկելու, ու նրա հորդորը` ուսուցիչներին և բժիշկներին ևս այս համակարգով վարձատրելու մասին, ինքնարդարցման նման հնչեց: Երկրորդ ընթերցման ներկայացված նախագծի վերաբերյալ նա միայն մեկ, իր խոսքով` շատ կարևոր առաջարկություն ուներ. օրենքի մեջ պատգամավորի գործուղման ծախսերի համար սահմանվող գումարը նշել ոչ թե կոնկրետ թվով` 50.000 դրամ, այլ տոկոսով, «որպեսզի հետագայում, 6-7 տարի անց, երբ պատգամավորի աշխատավարձը բարձրանա, հաշվարկը արվի տոկոսով»:

ԲՀԿ-ն դարձյալ նախագծին դեմ էր: Միքայել Մելքումյանն ասաց, որ վարձատրման միասնական համակարգն ու դրա գաղափարախոսությունը իրենց համար ընդունել են, բայց իրենք դեմ են կառավարության որդեգրած մոտեցմանը` 600 հոգու աշխատավարձ բարձրացվում է կրկնակի, մնացածինը` 10-12.000 դրամով. «բարեփոխումը անհրաժեշտ է, բայց պետք է ինքնանպատակ չլինի»: Կառավարությանը նա մի «կառուցողական» առաջարկ արեց. ներկայացնել ժամանակացույց, թե ինչպես են համակարգն ընդլայնելու ու դրանում նոր շերտեր ընդգրկելու:

Նախագիծը կքվեարկվի դեկտեմբերի 10-ին կայանալիք արտահերթ նիստում:

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները