Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Ժամկետանց հաշվետվություններ

Ժամկետանց հաշվետվություններ
Թե Կենտրոնական բանկի 2011 թ. դրամավարկային ծրագրի կատարման  հաշվետվությունը,  թե  Բյուջե 2011-ի կատարողականը և  թե Վերահսկիչ պալատի տարեկան հաշվետվությունը,  համաձայն ԱԺ կանոնակարգ օրենքի, պետք է քննարկեր նախորդ գումարման  խորհրդարանը գարնանային նստաշրջանի ընթացքում, ինչը չի արել խորհրդարանական ընտրություններով ԱԺ աշխատանքում տրված դադարի պատճառով: Եվ, փաստորեն, նախորդ խորհրդարանի հաստատած փաստաթղթերի կատարման մասին հաշվետվությունների քննարկման բեռն  ստիպված էր ստանձնել  նոր գումարման խորհրդարանը:


ՎՊ 2011 թ. տարեկան հաշվետվությունը (11.09.2012 թ.)

Սեպտեմբերի առաջին ՝ 10-ից 13-ի քառօրյայի ընթացքում  ԱԺ-ն  լսեց  Վերահսկիչ պալատի   2011 թ.  տարեկան հաշվետվությունը: Ըստ ՎՊ նախագահի՝ հաշվետվությունը  որակապես տարբերվում էր  նախորդներից, քանի որ կազմվել էր նոր ստանդարտների հիման վրա և ամփոփումն արվել էր ըստ ոլորտների: 2011-ի  հաշվետվությունը, սակայն,  նման էր  նախորդներին վերահսկողության թիրախ դարձած ոլորտներից յուրաքանչյուրում արձանագրված մասշտաբային խախտումներով: Շինարարություն, գնումների գործընթաց, առողջապահություն,  սոցիալական ոլորտ. պետական սեփականության կառավարում. սա 2011-ին Վերահսկիչ պալատի  ուշադրության կենտրոնում հայտնված ոլորտների ոչ ամբողջական ցանկն է: Անարդյունավետ ծախսեր, չարաշահումներ, հավելագրումներ բացահայտվել են ոլորտներից յուրաքանչյուրում: Արձանագրված խախտումների դրամային ընդհանուր արժեքը գերազանցում է 1,5 մլրդ դրամը:

Վերահսկիչ պալատը տարեկան ոչ պակաս, քան մեկ անգամ Ազգային ժողով է ներկայացնում վերահսկիչ պալատի վերահսկողական աշխատանքների արդյունքների հաշվետվությունը։  (ՀՀ Սահմանադրություն, հոդվ. 83.4)   Ազգային ժողովը վերահսկողություն է իրականացնում պետական բյուջեի կատարման, ինչպես նաեւ օտարերկրյա պետություններից եւ միջազգային կազմակերպություններից ստացված փոխառությունների եւ վարկերի օգտագործման նկատմամբ։ Ազգային ժողովը վերահսկիչ պալատի եզրակացության առկայությամբ քննարկում եւ հաստատում է պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը (ՀՀ Սահմանադրություն, հոդվ. 77):

Ի՞նչ է փոխվում պետական կառավարման համակարգում ՎՊ ամենամյա ստուգումներից  ու նման ծավալուն խախտումներ արձանագրող հաշվետվություններից հետո, ինչո՞ւ հաշվետվությունը չի նշում կոնկրետ մեղավորների, ինչո՞ւ է այդքան ցածր վնասների վերականգնման ու փոխհատուցման մակարդակը. խորհրդարանում քննարկումներն ընթացան  այս հարցերի շուրջ՝ չշրջանցելով  նաև հարցը, թե որն է խորհրդարանի անելիքը: ԱԺ կանոնակարգի 101-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվում է, որ Վերահսկիչ պալատի վերահսկողական աշխատանքների արդյունքների հաշվետվության քննարկումն Ազգային ժողովում ավարտվում է եզրափակիչ ելույթներով` առանց որեւէ փաստաթուղթ ընդունելու: ՀԱԿ խմբակցությունը նկատեց,  որ հաշվետվության քննարկումը որևէ իրավական հետևանք ունենալ չի կարող, քանի որ ԱԺ-ն  այն միայն քննարկում է ՝ առանց որոշում ընդունելու: ՀՅԴ-ն առաջարկեց մտածել «Վերահսկիչ պալատի մասին» օրենքի հիմնարար փոփոխության և պառլամենտի վերահսկողական գործառույթների մասին առանձին օրենք ընդունելու մասին։

ԿԲ  2011 թ. դրամավարկային ծրագրի կատարման հաշվետվությունը (02.10.2012)

ԿԲ 2011 թվականի ծրագրի կատարման ուշացած հաշվետվությունը խորհրդարանին ազդարարում էր, որ Կենտրոնական բանկի իրականացրած դրամավարկային քաղաքականությունը հաշվետու տարում հանգեցրել է գնաճի տեմպերի նվազմանը և գների կայունացմանը, ինչն ուղեկցվել է տնտեսական ակտիվությամբ, արձանագրվել է 4.7 տոկոս տնտեսական աճ: Խորհրդարանական ընդդիմությունը ոչ միայն անհաղորդ մնաց հաշվետվության լավատեսական ոգուն, այլև խիստ քննադատության ենթարկեց ԿԲ գործունեությունն ու ընդհանրապես նրա վարած քաղաքականությունը:

ՀԱԿ  խմբակցության  անդամ, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը` կասկածի տակ դնելով հրապարակված ցուցանիշների արժանահավատությունը,  անդրադարձավ թե գնաճի 12-ամսյա նպատակադրման, թե Կենտրոնական բանկի՝ միաժամանակ  կարգավորման  ու վերահսկման գործառույթներ ունենալու արդյունավետությանը: Եզրակացությունը հետևյալն էր. «ԿԲ հաշվետվության վերլուծությունը ցույց է տալիս, որ ներկայումս ՀՀ ԿԲ-ն թարախապալարի նման թույլ չի տալիս ՀՀ տնտեսության հետագա զարգացումը։ Առանց այդ համակարգի արմատական բարեփոխման հնարավոր չի լինելու ապահովելու ՀՀ տնտեսության զարգացումը։ Սա ճակատագրական հարց է»: Հարցը եթե ոչ ճակատագրական, ապա խիստ կարևոր համարեց նաև ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը, ում կարծիքով , ԿԲ-ն, թեև կարևորում է գնաճի զսպման քաղաքականությունը, բայց անարդյունավետ կարգավորում է իրականացնում. «Մեր տնտեսությունը, ցավոք, բանկային տնտեսություն է  և ծառայում է  այս հատվածի ֆինանսավորմանը:  Պատահական չէ, որ բանկային համակարգում առկա դրական ցուցանիշները իրական կյանքի հետ որևէ աղերս չունեն: Բանկերն ու բանկիրները հարստանում են, իսկ քաղաքացիներն ու տնտեսավարող սուբյեկտները՝ աղքատանում»:

Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության ծրագրի քննարկումն  ավարտվում է ֆինանuավարկային եւ բյուջետային ոլորտի մշտական հանձնաժողովի ներկայացուցչի եւ Կենտրոնական բանկի նախագահի եզրափակիչ ելույթներով` առանց որեւէ փաuտաթուղթ ընդունելու: (ԱԺ կանոնակարգ, հոդվ. 102) ՀՀ կենտրոնական բանկի 2011 թվականի դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվությունը խորհրդարանն ընդունեց ի գիտություն:

ՀՀ 2011 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը (03.10. 2012)

Նոր ձևավորված խորհրդարանին ներկայացված հաջորդ ժամկետանց հաշվետվությունը վերաբերում էր 2011թ. պետական բյուջեի կատարմանը: Ի տարբերություն վերոհիշյալ երկուսի, այս դեպքում արդեն ՀՀ օրենսդրությամբ  նախատեսված է Ազգային ժողովի կողմից համապատասխան փաստաթղթի ընդունում: Այսինքն` խորհրդարանը իրավասու է ընդունելու կամ չընդունելու բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը:

ԱԺ կանոնակարգ օրենքով սահմանված է, որ բյուջեի հաշվետվության քննարկման համար նախատեսված ընթացակարգի ավարտին վարչապետը կամ ֆինանսական բնագավառի լիազորված մարմնի ղեկավարը կարող է առաջարկել` ա) քվեարկության դնել բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը. բ) բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը հաստատելու առնչությամբ դնել Կառավարության վստահության հարցը :

Հաշվետվության լավատեսական ոգին վկայում էր, որ վերոհիշյալ  «բ» կետի ընձեռած հնարավորությունները կառավարությանը պետք չէին գալու: Նախորդ տարվա բյուջեի  կատարման ցուցանիշները  խորհրդարանում ներկայացնելով՝ կառավարության ղեկավարը 2011-ը Հայաստանի համար բեկումնային տարի որակեց,  խոսեց բացառապես դրական միտումների մասին. հաջողվել է էապես նվազեցենել գնաճի ցուցանիշը, ունեցել ենք տնտեսական աճի՝ 2010-ի ցուցանիշը 2 անգամ գերազանցող ցուցանիշ, բարելավել ենք հարկահավաքման գործընթացն ու հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը: Գլխավոր գանձապետի ներկայացրած ֆինանսական ցուցանիշները շարունակում էին լավատեսական շղթան: Բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունն Ազգային ժողովում քննարկվում և հաստատվում է Վերահսկիչ պալատի եզրակացության առկայությամբ՝ մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա հունիսի երկրորդ չորեքշաբթին: (ԱԺ կանոնակարգ, հոդվ. 87):

Այդ ամենի մեջ ընդդիմությունը փորձում էր գտնել այն ցուցանիշը, որը ցույց կտար` 2010-ի համեմատ ավելի  լա՞վ ենք ապրել, թե՞ ավելի վատ: Պարզվեց, որ այդպիսի ցուցանիշ ոչ միայն չկա, այլև չի կարող լինել այն պարզ պատճառով, որ «Բյուջեի մասին» օրենքում այդպիսի պահանջ ձևակերպված չէ: Խմբակցություններից դիրքորոշում հայտնեցին ՀԱԿ-ն ու ՀՅԴ-ն: Երկու դեպքում էլ առարկությունները վերաբերում էին ոչ միայն կատարողականի բովանդակությանը, այլ նաև չափորոշիչներին, որոնցով այն կազմվում է: ՀԱԿ-ի կարծիքով՝ «ստացել ենք այսքան, ծախսել ենք այսքան» ձևակերպումները թույլ չեն տալիս գնահատել  ծախսերի որակն ու արդյունավետությունը, հետևաբար՝ չկան մեխանիզմներ վերահսկելու բյուջեի ծախսերը: ՀՅԴ-ն առաջարկեց բյուջեի կատարման հաշվետվության քննարկման նոր մոտեցումներ որդեգրել, որպեսզի բյուջետային ցուցանիշներն առավել ընկալելի լինեն  և հասարակությունն ըստ դրանց կարողանա գնահատել կառավարության գործունեությունը:

Խորհրդարանը ձայների 70 կողմ, 6 դեմ հարաբերակցությամբ ընդունեց  2011 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը: Դեմ քվեարկեցին «Ժառանգություն» և Դաշնակցություն խմբակցությունների՝ նիստին ներկա պատգամավորները: ՀԱԿ-ը չմասնակցեց քվեարկությանը: ԲՀԿ-ն  ավելի վաղ էր հայտարարել, որ բոյկոտում է ԱԺ այդ քառօրյայի աշխատանքը: Իսկ ըստ էության, նոր ձևավորված խորհրդարանի կողմից նախորդ կառավարության հաշվետվությանը գնահատական տալը բացառապես ձևական բնույթ ուներ, որովհետև, ֆորմալ առումով, այդ ժամկետանց հաշվետվությունը ներկայացրած կառավարությունը ձևավորվել էր մայիսին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո և կարող էր, տեսականորեն, միանգամայն այլ կազմ ունենալ: Այսինքն` կարող էր ոչ մի կապ չունենալ ծրագիրը կատարած-չկատարած կառավարության հետ: Եվ այդ դեպքում ո՞ւմ վստահության հարցը կարող էր դրվել խորհրդարանում:
Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները