Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Ձայնազուրկ դիտորդի բարձր կարգավիճակով

Ձայնազուրկ դիտորդի բարձր կարգավիճակով

ՀՀ պետականության բնույթը, պետական կառավարման որակն ու ձևավորված մշակույթը ինքնաբացահայտման ու ինքնադրսևորման այսպիսի պատեհություն, թերևս, երբևէ չէին ունեցել: Այդպիսի առիթ դարձավ անկախ պետության սեփականության վերջին փշրանքներից մեկի վաճառքի պատմությունը, որը հյուսվել էր «գույք պարտքի դիմաց»-ի փիլիսոփայական համատեքստին կատարելապես համահունչ:

2013 թվականի դեկտեմբերի 20-ին՝ նախատոնական թոհուբոհի մեջ, կառավարությունը նախաձեռնել էր արտահերթ նստաշրջան ամենևին ոչ տոնական օրակարգով: Խորհրդարականների սեղաններին շուտափույթ կարգով դրվել էին «Հայռուսգազարդի» բաժնեմասի վաճառքը վավերականացնող համաձայնագրեր և այդ գործարքով պայմանավորված կամ դրանից բխող մի աննախադեպ օրենսդրական նախաձեռնություն՝ փաթեթի տեսքով: Վերջինս կոչված է ռուսական «Գազպրոմ» ընկերության համար ՀՀ իրավական տարածքում մի շարք բացառիկ արտոնություններ սահմանելուն, սակայն փաթեթի առավել ուշագրավ օրինագիծը վերաբերում է 2013 թվականի պետական բյուջեի մասին օրենքին. բառացիորեն տարեվերջին, երբ հաշված օրեր են մնացել ընդհանրապես տարին և մասնավորապես բյուջետային տարին ավարտվելուն, կառավարությունը փոփոխություն է առաջարկում վերոհիշյալ օրենքում, որով բյուջեի ծախսերն ու դեֆիցիտը միանգամից ավելացնում է ավելի քան վաթսուներեք միլիարդով:

Դժվար չէ կռահել, որ դա «Գազպրոմին» մեր պետության այդ առասպելական ու չարաբաստիկ պարտքն է, որի մասին մինչև դեկտեմբերի 2-ը (քննարկվող համաձայնագրերը ստորագրելու օրը) ոչ ոք չէր ուզում խոսել, և որը հայրենի կառավարությունը մինչև վերջին պահը մի սրտառուչ գորովանքով պահպանում էր որպես դարի գաղտնիք: Բայց թե ինչու է այդ պարտքի գումարը տարեվերջին հայտնվում բյուջեի ծախսային մասում, մի փոքր խրթին է ըմբռնել նույնիսկ օրինաստեղծ պրակտիկայում շատ բան տեսած հայաստանցիների համար:

Վերադառնանք խորհրդարանի նիստերի դահլիճ: Ի պաշտոնե կամ ճակատագրի բերումով դարի գաղտնիքի գլխավոր պահապանը դեկտեմբերի 20-ին Ազգային ժողովին էր ներկայացնում վերոհիշյալ համաձայնագրերը: Ներկայացնում էր ինչպես հարկն է՝ որպես իսկական ձեռքբերում, որով կապահովվի Հայաստանի հուսալի գազամատակարարումը, իրավահավասարության և փոխշահավետության հիման վրա երկու երկրների միջև երկարատև տնտեսական հարաբերությունների զարգացումը, և այլն, և այսպես շարունակ:

Այսուհանդերձ, օրենսդիր մարմնի ոչ իշխանական սեկտորը հակված չէր կուրորեն վստահելու էներգետիկայի նախարարի գեղեցիկ հավաստիացումներին և նման վերաբերմունքի համար ծանրակշիռ հիմքեր ուներ:

Ամենածանրակշիռը, իհարկե, պատգամավորների սեղաններին դրված համաձայնագրի տեքստն էր, որում տեղ գտած ձևակերպումներից շատերը, մեղմ ասած, անհամատեղելի են «իրավահավասարության հիման վրա երկու երկրների միջև երկարատև տնտեսական հարաբերություններ» զարգացնելու նպատակի հետ: Օրինակ, միջկառավարական սույն համաձայնագրով հայկական կողմն օժտվում է որպես դիտորդ առանց ձայնի իրավունքի «Գազպրոմի» տնօրենների խորհրդի նիստին մասնակցելու իրավասությամբ… Սա գուցե իրավական տեսանկյունից փաստաթղթի ամենավիճահարույց ձևակերպումը չէ, սակայն, ըստ իս, ոչ միայն էթիկայի ու բարոյականության տեսանկյունից ամենախոցելին է, այլև առավելագույնս դիպուկ է բնութագրում թե տևական բանակցությունների արդյունքում «հաջողված» գործարքը, թե երկու երկրների «իրավահավասար» հարաբերություններն ընդհանրապես:

Ու եթե հայրենի գաղտնապահ կառավարությունն իսկապես մտածում է, թե տևական խորհրդապահական բանակցությունների արդյունքում իր սեփականությունից մնացած վերջին փշրանքները հանձնելն ու դրա դիմաց առանց ձայնի իրավունքի դիտորդի կարգավիճակ ստանալը հաջող գործարք է ու միջպետական արժանապատիվ հարաբերությունների օրինակ, ՀՀ քաղաքացին պարտավոր է սառեցնել իր անունից բանակցություններ վարելու կառավարությանը տրված մանդատը, որպեսզի մի ուրիշ գեղեցիկ օր չկանգնի ավելի ճակատագրական «հաջող գործարքի» փաստի առջև: Սակայն հնարավոր է, որ կառավարությունն ամենևին էլ այդպես չի մտածում և ստիպված է ձևացնել, թե այդպես է մտածում: Այս դեպքում իրականությունը փոխում է երանգները, բայց ոչ գույները, և դրանից, այնուամենայնիվ, ավելի պայծառ չի դառնում:

Աննա Տիգրանյան

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները