Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Խորհրդարանական 4 ուժերը` Ազատության հրապարակում

Խորհրդարանական 4 ուժերը` Ազատության հրապարակում

Ազատության հրապարակը հունվարի 18-ին մարդաշատ էր. «Կա-սե-ցում, կա-սե-ցում» պահանջով հրապարակ էին դուրս եկել բազմահազար մարդիկ, «Դեմ! եմ» նախաձեռնության անդամներ, Ազգային ժողովի ոչ իշխանական խմբակցության պատգամավորներ ու Սահմանադրական դատարանից պահանջում էին կասեցնել վիճահարույց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքով նախատեսվող պարտադիր բաղադրիչի գործադրումը:

Մինչև հանրահավաքի մեկնարկը «Դեմ! եմ» նախաձեռնությունը կոչ արեց մասնակիցներին աչալուրջ լինել և չտրվել սադրանքների: Հանրահավաքն ու դրան հաջորդած երթն անցան առանց միջադեպերի, ոստիկանների հսկողության ներքո: Հանրահավաքին մասնակցում էին նաև որոշ արտախորհրդարանական ուժեր՝ Նախախորհրդարանը, ԱԻՄ-ը, «Քաղաքացիական պայմանագիր» նախաձեռնությունը, «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը, քաղաքական ու քաղաքացիական այլ նախաձեռնություններ։

«Մեր քաղաքական մշակույթի մեջ սա բացառիկ դեպք է.  քաղաքացին, քաղաքացիական հասարակությունը թելադրել ու ձևակերպել են օրակարգ, որին միացել են խորհրդարանական ոչ իշխանական բոլոր ուժերը»,-իր ելույթում հայտարարեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Ռուբեն Հակոբյանը: Անդրադառնալով «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի պարտադիր բաղադրիչին՝ Հակոբյանն այն հակասահմանադրական որակեց: «Վերջին ամիսների ընթացքում ԱԺ ոչ իշխանական չորս ուժերը ցույց տվեցին, որ կարող են միավորվել պետության համար վտանգ ներկայացնող օրենքների շուրջ: Մենք տրամադրված ենք միասին ձևակերպելու այն օրակարգը, որը կփոխի Հայաստանում ստեղծված իրավիճակը: Քանի դեռ իշխանությունը չի հասկացել, որ վիճակը պետք է փոխվի, այդ հարցը մեզ է մնում լուծելու»,-հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության ներկայացուցիչը:

Հանրահավաքին մասնակցում էին նաև Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի ուսանողները, որոնց պարզած պաստառի վրա գրված էր. «Ապացուցեք, որ մեզ չեք ստել դասավանդելիս»:

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի համար հստակ է`«Սա պետական ռեկետի ու պետական գրպանահատության մասին օրենք է»: Հետևաբար, ճիշտ չեն իշխանության այն հավաստիացումները, թե օրենքը բխում է ՀՀ քաղաքացու շահերից, «օրենքը բխում է իշխանության կլանային շահերից, որին պետք են լրացուցիչ գումարներ: Սա ՍԴ վերջին հնարավորությունն է ապացուցելու, որ ծառայում է ոչ թե կլանին, այլ՝ Սահմանադրությանն ու ժողովրդին», -հայտարարեց պատգամավորը:

ԱԺ Հայ Ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի կարծիքով՝ սա ոչ թե բարեփոխում է, այլ «թալան»: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ում, Եվրոպայում կան կուտակային հիմնադրամներ, կապիտալի արժեթղթերի կայացած շուկաներ, որտեղ պետությունը երաշխավորում է ներդրումները, պաշտպանում է և թույլ չի տալիս, որ մասնավոր ֆոնդերը թալանեն ժողովրդին։ « Կա՞ մի միամիտ, որը կարծում է, թե այդ մասնավոր հիմնադրամների ղեկավարները բարեխիճ մենեջերներ են, ում կարելի է վստահել գումարները։ Համաշխարհային բանկի հենց նոր հրապարակած տվյալներով Սերժ և Տիգրան Սարգսյանների կառավարման օրոք 5 մլրդ դոլար կապիտալի ապօրինի արտահոսք է տեղի ունեցել երկրից։ Հիմա ուզում են, որ մենք վստահե՞նք Կիպրոսի օֆշորներում միլիարդներ կուտակող իշխանությանը»,- հարցրեց պատգամավորը:

ԱԺ Դաշնակցություն խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը հայտարարեց. «Երբ արտագաղթի ու գործազրկության աճի ներքո պարտադրվում է այս արատավոր համակարգը, մենք ձեզ հետ միասին պետք է ասենք` ոչ»: ՍԴ ներկայացված դիմումի կարևորագույն հարցը, ըստ պատգամավորի, այն է, թե արդյոք օրենքը համապատասխանում է հայ ժողովրդի կամքին. «Մինչև հունվարի 25-ը պետք է տեղի ունենա կասեցում, ձեր ձայնը պետք է լսի Սահմանադրական դատարանը: Իսկ մեր վերջնական հաղթանակը պետք է արձանագրենք մարտի 28-ին»:

Նշենք, որ Սահմանադրական դատարանը մինչև հունվարի 25-ը քննության կառնի Ազգային ժողովի չորս ոչ իշխանական ուժերի միջնորդությունը՝ մինչև գործի դատաքննության ավարտը «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի պարտադիր կուտակային վճարներ կատարելու պարտավորությունը կասեցնելու մասին:


Հիշեցնենք՝ Ազգային ժողովի ՀՅԴ, «Ժառանգություն», ԲՀԿ և ՀԱԿ խմբակցությունները դիմել են Սահմանադրական դատարան՝ վիճարկելու «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի 8 հոդվածների սահմանդրականությունը: ԱԺ պատգամավորների դիմումի հիման վրա վարույթ ընդունված գործը  դատարանը որոշել է քննության առնել մարտի 28-ին, բանավոր ընթացակարգով:

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները