Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Լսի, էս ի՞նչ տոնով ես խոսում. հանրապետական պատգամավորը՝ փոխնախարարին

Լսի, էս ի՞նչ տոնով ես խոսում. հանրապետական պատգամավորը՝ փոխնախարարին

Մինչև Ազգային ժողովի 5-րդ գումարման 5-րդ նստաշրջանի մեկնարկը դեռ 10 օր կա: Բնականաբար, պարզ չէ, թե ինչ նախագծեր են ընդգրկվելու փետրվարի 3-ին մեկնարկող առաջին քառօրյայում, բայց արդեն հայտնի է, որ այդ քառօրյայի օրակարգում կա մեկ նախագիծ, որը բավականին բուռն քննարկումների առիթ է դառնալու նիստերի դահլիճում. թերևս այնպես, ինչպես եղավ հունվարի 22-ին, պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի 2014թ.-ի առաջին նիստում:

Լսի, էս ի՞նչ տոնով ես խոսում 

ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ճշմարիտյանը այս հարցը նետեց արդարադատության փոխնախարար Գրիգոր Մուրադյանի ուղղությամբ, երբ վերջինս պատգամավորներին խորհուրդ տվեց իրեն դասեր չտալ: «Ինքս կարող եմ շատերին Սահմանադրական իրավունքի դասեր տալ»,- ասաց փոխնախարարը: Պետաիրավականի նախագահ Դավիթ Հարությունյանը սա համարեց չափն անցնել ու նիստը վարողին հորդորեց կամ կարգի հրավիրել գործադրի ներկայացուցչին, կամ դադարեցնել նիստը: Ի վերջո հայտարարեց` կառավարության ղեկավարը պետք է անդրադարձ կատարի և որոշի, թե ում է ուղարկում Ազգային ժողով: Ակնհայտ էր, սակայն, որ Դավիթ Հարությունյանին վրդովեցրել էր ոչ այնքան խորհրդարան եկած կառավարության ներկայացուցիչը, որքան նրա բերած բացասական եզրակացությունը` իր ներկայացրած օրենսդրական փաթեթի վերաբերյալ:

Կառավարությունը դեմ, է  պետաիրավականը՝ կողմ

Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց օրենսդրական մի փաթեթի, որի տակ գրված են Ազգային ժողովի բոլոր խմբակցությունների ներկայացուցիչների և անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի անունները: Նախագիծը առաջարկում է փոփոխություններ կատարել «Ազգային ժողովի կանոնակարգ» և «Դատախազության մասին» օրենքներում, և սահմանում ժամկետ ու հստակ ընթացակարգ, համաձայն որոնց գլխավոր դատախազը պետք է հաղորդում ներկայացնի Ազգային ժողովում: Մինչև յուրաքանչյուր տարվա մարտի 1-ը դատախազը հաղորդումը պետք է ուղարկի Ազգային ժողով և հանրապետության նախագահին: Դրանից հետո երկօրյա ժամկետում ԱԺ նախագահը այն ուղարկում է պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողով և ընդգրկում առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգ: Հաղորդման քննարկման ժամանակ 1 ժամ նախատեսվում է գլխավոր դատախազի հաղորդման, 30 րոպե` պետաիրավական հանձնաժողովի ներկայացուցչի համար: Քննարկումից հետո որևէ փաստաթուղթ չի ընդունվում:

Մինչև հիմա դատախազության գործունեության հաղորդումներն Ազգային ժողովի նիստում չեն քննարկվել: Թեև «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքը նախատեսում է հաղորդումների քննարկման հատուկ ընթացակարգ, բայց  նման ընթացակարգ օրենքով կամ Ազգային ժողովի որոշմամբ սահմանված չի եղել. գլխավոր դատախազի հաղորդումները ԱԺ են ուղարկվել գրավոր: Գագիկ Ջհանգիրյանի բնորոշմամբ, սակայն, «դրանք եղել են ընդամենը մակուլատուրա` դատախազության կոլեգիայի թղթերից կազմված, որոնք նույնիսկ ուղարկելուց առաջ ալարել են խմբագրել»:

ԱՆ փոխնախարար. դատախազը ԱԺ-ին հաշվետու չէ 

Մակուլատուրայի մասին դիտարկմանը կառավարության ներկայացուցիչ, արդարադատության փոխնախարար Գրիգոր Մուրադյանը չանդրադարձավ, բայց պնդեց, որ գործող օրենքներում փոփոխություն կատարելու անհրաժեշտություն չկա: Նա ասաց, որ նախագիծը ընդամենը օդի մեջ տատանումներն ուժեղացնելու նպատակ ունի, և պետք չէ պատրանք ստեղծել, թե Ազգային ժողովին դատախազի գործունեությունը վերահսկող էֆեկտիվ մեխանիզմ է տրվում: Գրիգոր Մուրադյանը տարակուսած էր. ինչի՞ մասին պետք է գլխավոր դատախազը հաղորդի Ազգային ժողովին. այն մասին, թե ի՞նչ քննություն է իրականացրել և ինչպե՞ս: Ըստ նրա` ոչ քաղաքական մարմինը, այսինքն, դատախազությունը, քաղաքական մարմնին հաշվետվություն ներկայացնել չի կարող, առավել ևս, եթե այդ հաշվետվությունը պետք է քննարկվի և ընդունվի` առանց որևէ իրավական ակտի: Եվ չնայած պատգամավորները նիստի սկզբում հստակեցրին, որ գլխավոր դատախազը պետք է ներկայացնի հաղորդում և ոչ թե հաշվետվություն, փոխնախարարը արձագանքեց. «Ինչ անուն ուզում եք տվեք` հաղորդում, զեկույց, թե հաշվետվություն»: Նա այդպես էլ չկարողացավ պատասխանել` արդյոք քաղաքական մարմի՞ն են Կենտրոնական բանկը, Վերահսկիչ պալատը, Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը կամ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը, որոնք ամեն տարի հաշվետվություն, հաղորդում ու զեկույց են ներկայացնում Ազգային ժողովին:

Դատախազի բանավոր այո-ն և գրավոր ոչ-ը

Չնայած պատգամավորների ճնշմանը` արդարադատության փոխնախարաը մնաց անդրդվելի, դեր չխաղաց անգամ Դավիթ Հարությունյանի հիշեցումն այն մասին, որ գլխավոր դատախազ նշանակվելու ժամանակ Գևորգ Կոստանյանը Ազգային ժողովի նախագահի հարցին ի պատասխան, ասել է, որ կողջունի այն օրենսդրական փոփոխությունները, որոնցով կառաջարկվի, որ գլխավոր դատախազը ամեն տարի հստակ ընթացակարգով հաղորդում ներկայացնի Ազգային ժողովին: Փոխնախարարը նախ ասաց, որ իրեն հայտնի չէ, թե ինչ փոխհամաձայնություն է կայացվել Ազգային ժողովի և գլխավոր դատախազի միջև, իսկ հետո պարզվեց, որ իրեն դատախազությունից հայտնել են ճիշտ հակառակը` համաձայն ստացված գրավոր դիրքորոշման` դատախազությունը դեմ է պատգամավորների առաջարկած օրենսդրական փոփոխություններին:

Թե ինչու էր Գևորգ Կոստանյանը դեռևս չընտրված կողմ արտահայտվել խորհրդարանում հաղորդում ներկայացնելու ԱԺ նախագահի առաջարկին, իսկ ընտրվելուց հետո հարցի վերաբերյալ գրավոր բացասական եզրակացություն տվել, դեռ պարզ չէ. Կոստանյանը մեկնել է Ստրասբուրգ:

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները