Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Oրենսդրական նախաձեռնողականություն և քաղաքական հակասություններ

Oրենսդրական նախաձեռնողականություն և քաղաքական հակասություններ

Օրենսդրական գործառույթի իրականացման համատեքստում ԱԺ նախորդ նստաշրջանում արձանագրվել են հետաքրքրական միտումներ:


Ի տարբերություն 5-րդ գումարման ԱԺ երրորդ նստաշրջանի, չորրորդ նստաշրջանում կտրուկ փոխվել է ԱԺ-կառավարություն օրենսդրական նախաձեռնությունների հարաբերակցությունը: Եթե նախորդում կառավարություն- պատգամավորներ հարաբերակցությունը տոկոսային արտահայությամբ 84/16 էր, ապա չորրորդ նստաշրջանում այն փոխվել է 59/41-ի (ընդունված օրենքների պարագայում  ԱԺ-կառավարություն հարաբերակցությունը դարձյալ պահպանում է նախորդ նստաշրջանների տրամաբանությունը):

Այսինքն, օրինագծեր ներկայացնելու հարցում կտրուկ մեծացել է պատգամավորների նախաձեռնողականությունը: Սա նշանակում է, որ Աժ-ն վերադարձրել է կառավարությանը զիջած իր հիմնական` օրենասդրական գործառույթի իրականացման պատասխանատվությունը: Սակայն դիտարկումները ցույց են տալիս, որ այս կտրուկ փոփոխությունն առայժմ միայն ֆորմալ բնույթ ունի, և բովանդակային կամ որակական իմաստով դեռևս դժվար է էական տեղաշարժ արձանագրել: Դա պայմանավորված է երկու հիմնական պատճառով: Նախ` իրականում աճել է ոչ թե ողջ Աժ-ի, այսինքն, այնտեղ ներկայացված բոլոր քաղաքական ուժերի, այլ միայն ԱԺ քաղաքական մեծամասնությունը կազմող կոալիցիոն երկու խմբակցույթունների` ՀՀԿ-ի և ՕԵԿ-ի. իսկ ավելի կոնկրետ` ՀՀԿ-ի օրենասդրական նախաձեռնությունների տեսակարար կշիռը:

ԱԺ-ում ներկայացված, սակայն օրակարգում չընդգրկված օրինագծերի 65 տոկոսը պատկանում է Աժ պատգամավորներին: Դրանց ճնշող մեծամասնության հեղինակը ոչ իշխանական խմբակցությունների պատգամավորներն են: Սա թույլ է տալիս եզրակացնել, որ կառավարությունը ոչ թե ընդհանրապես խորհրդարանին է զիջել նախաձեռնողականությունը, այլ միայն դրա այն հատվածին, որը կազմում է իր հենարանը և բնականաբար պաշտպանում է իր քաղաքական ուղեգիծը: Այս փաստը հաստատեց նաև ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, երբ 2014թ. կառավարության առաջին նիստում, օգտագործելով ՀՀԿ պատգամավորների հեղինակած`«Գովազդի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկման առիթը, հայտարարեց, թե վատ նախադեպ է կուսակից գործընկերների ներկայացրած նախագծերի մասին բացասական կարծիք տալը: Այսինքն տեղի է ունեցել նախաձեռնողականությունը կառավարության կողմից սոսկ ԱԺ քաղաքական մեծամասնության միայն մի մասին` ՀՀԿ-ին փոխանցելու մեխանիկական գործընթաց:

Երկրորդ պատճառն այն է, որ կառավարությունը շարունակում է իրեն պահել հիմնական, մայր օրենքների, կամ օրենքներում`ոլորտային քաղաքականություն, ռազմավարություն փոխող, հասարակական հարաբերությունների վրա լրջորեն անդրադարձող օրինագծերի մշակման և ԱԺ ներկայացման ոչ ֆորմալ իրավունքը: ԱԺ պատգամավորների ներկայացրած և ընդունված նախագծերի ճնշող մեծամասնությունն առնչվում է ոչ էական կամ լոկալ բնույթ ունեցող կարգավորումներին: Պատահական չէ, որ ընդունված կամ օրակարգում ընդգրկված գրեթե բոլոր օրինագծերի կապակցությամբ գործադիր իշխանության մարմինների տված եզրակացությունները շեշտում են տվյալ ոլորտի վրա այդ օրինագծերի էական ազդեցություն չթողնելու հանգամանքը:

Չնայած այս ամենին` օրենսդիր գործունեության մեջ Աժ նախաձեռնողականության աճը, անկախ դրա ձևական բնույթ կրելու հանգամանից, լավ նախադրյալներ է ստեղծում նաև որակական փոփոխությունների անցնելու համար, և կարելի է դրա առաջին քայլը համարել:
Խորհրդարանի օրենսդրական գործունեության արդյունավեության մյուս ցուցիչը, որը նաև որոշակիորեն նկարագրում է իշխանության թևերի փոխազդեցության առկա իրավիճակը, պատգամավորների քվեարկության ընդհանուր պատկերն է, և այստեղ դրսևորվող միտումները: Այս առումով արձանագրվել է բոլոր խմբակցությունների կողմից կողմ քվեարկությունների կտրուկ աճ` ընդ որում թե նախորդ և թե 2012թ. վերջին` աշնանային նստաշրջանների համեմատությամբ: Ամենակտրուկ տարբերությունները նկատելի են ԲՀԿ-ի և ՀՅԴ-ի պարագայում:

Հակառակ միտումները, այսինքն, կողմ քվեարկությունների քանակական նվազում և «դեմ»-երի աճ նկատվել է միայն ՀՀԿ-ի և ՕԵԿ-ի պարագայում, ինչը պայմանավորված է առավելապես ոչ իշխանական խմբակցությունների նախաձեռնությունների, նրանց նկատմամբ մերժողական կեցվածքով և խորհրդարանում քաղաքական բևեռացվածության խորացմամբ: ՕԵԿ-ի պարագայում հետաքրքրականն այն է, որ խմբացկությունը կողմ քվեարկության հարցում շատ ավելի մեծ շահագրգռություն է ցուցաբերում, քան ՀՀԿ-ն այն դեպքում, երբ շարունակաբար օրակարգում չընդգրկվող օրինագծերի մի ստվար մասի հեղինակը հենց այս խմբացկությունն է:

Ինչ վերաբերում է ոչ իշխանական ուժերի քվեարկության պատկերում «կողմ»-երի աճին, ապա դրա հիմնական պատճառը, թերևս այն է, որ ի տարբերություն նախորդ նստաշրջանների, չորրրորդ նստաշրջանն աչքի չի ընկել կարևորագույն, լայն դեբատների տեղիք տվող օրինագծերի քննարկմամբ: Այս հանգամանքն ակնհայտ է դառնում, երբ դիտարկում ենք ոչ իշխանական ուժերի ներգրավվածության և մասնակցայնության աստիճանը որոշող քվեարկությունների պատկերը և վարքագիծը: Կտրուկ նվազել են ոչ իշխանական ուժերի բացակայությունները և ձեռնպահ քվեարկությունները: Սա առավելաբար նկատելի է ՀԱԿ և ՀՅԴ խմբակցությունների պարագայում` նախորդ նստաշրջանի հետ համեմատության կտրվածքով: Սա նշանակում է, որ խորհրդարանում մեծացել է քաղաքական ուժերի մասնակցայնության, շահագրգռվածության մակարդակը` պայմանավորված ոչ այնքան բուն օրենսդրական գործունեության նկատմամբ հետաքրքրվածության, որքան խորհրդարանում քաղաքական պայքարի սրման հանգամանքով:

Դրա մասին է խոսում նաև ելույթներ ունենալու և հարցադրումներով հանդես գալու պատգամավորների ակտիվության դինամիկան: ԱԺ նախորդ նստաշրջանի համեմատ, 2013թ. աշնանային նստաշրջանում ՀՀԿ-ի և ՕԵԿ-ի` հարցերով ու ելույթներով հանդես գալու միտումները չեն փոխվել, կամ ՕԵԿ-ի պարագայում շատ քիչ դրական շեղումներ են արձանագրվել: Մեծացել է ոչ իշխանական ուժերի ակտիվությունը, որն առավել ակնառու է «Ժառանգության» և ՀԱԿ-ի պարագայում: Նրանք միջին հաշվով կրկնապատկել են իրենց ջանքերն այս հարցում:

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները