Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Նոր նստաշրջանի նորությունները

Նոր նստաշրջանի նորությունները

Փետրվարի 3-ին մեկնարկող խորհրդարանական քառօրյայի ընթացքում ուշադրության կենտրոնում է լինելու 2 հոգանոց «ժառանգություն» խմբակցությունը. խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը մեկնել է ԱՄՆ` ուսանելու, իսկ Թևան Պողոսյանը տարեվերջին հայտարարեց մանդատից հրաժարվելու մասին: Եթե նա չի հրաժարվել իր այդ մտադրությունից, ուրեմն, համաձայն ԱԺ կանոնակարգի, այդ մասին պետք է գրավոր տեղեկացնի ԱԺ նախագահին, ԱԺ նախագահն էլ` պատգամավորներին, քառօրյայի առաջին օրը: Եթե դրան հաջորդող 15 օրվա ընթացքում Թևան Պողոսյանը չվերանայի մանդատից հրաժարվելու իր մտադրությունը, նրա դիմումը կհամարվի ընդունված: Այսքանով, սակայն, «Ժառանգության» ինտրիգը չի համգուցալուծվի. ո՞վ կփոխարինի նրան «Ժառանգություն« խմբակցության կազմում` պարզ չէ: Թևան Պողոսյանի մանդատը կարող է կռվախնձոր դառնալ «Ժառանգություն»-«Ազատ դեմոկրատներ» համամասնական ցուցակի անդամների միջև:

ՀՅԴ խմբակցությունում թափուր մնացած մանդատի հարցը լուծվեց հեշտ ու արագ: Վահան Հովհաննիսյանի` Գերմանիայում դեսպան նշանակվելուց հետո Դաշնակցությունը որոշեց մանդատը փոխանցել համամասնական ցուցակի 9-րդ համարին` Միքայել Մանուկյանին: Նա եղել է 4-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր, թեպետ դրա ընթացքում ոչ մի անգամ ելույթ չի ունեցել: Նորից պատգամավոր դառնալու առթիվ քառօրյայի առաջին օրը նիստը նախագահողը կշնորհավորի նրան:

Սկսելով նորից

Ոչ իշխանական 4 խմբակցությունները որոշել են Ազգային ժողովի 5-րդ՝ գարնանային նստաշրջանը սկսել այնտեղից, որտեղ ավարտվել էր ձմեռայինը: Նրանք մտադիր են արտահերթ կարգով քառօրյայի օրակարգ մտցնել գազի հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին որոշման նախագիծ: ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը» դրա համար մտադիր են նորից ստորագրություններ հավաքել. համաձայն ԱԺ կանոնակարգի` անհրաժեշտ է 44 պատգամավորի ստորագրություն:

Գազային համաձայնագրերի շուրջ ընթացող գործընթացի շրջանակում անցած տարեվերջին ոչ իշխանական խմբակցությունները որոշեցին «պաշտոնաթող անել» ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանին: Նստաշրջանի մեկնարկին ԱԺ-ում նոր հաշվիչ հանձնաժողով կձևավորվի, բայց ոչ թե ոչ իշխանականների ընդունած ոորոշման հետևանքով, այլ՝ համաձայն ԱԺ կանոնակարգի. նստաշրջանի սկզբում յուրաքանչյուր ԱԺ խմբակցություն ներկայացնում է հանձնաժողովում իր անդամին: Կարելի է ենթադրել, սակայն, որ այս փոփոխությամբ մոռացության չի տրվի այն դերակատարումը, որն ունեցավ հաշվիչ հանձնաժողովը գազային համաձայանագրերի քվեարկության ժամանակ, ինչից հետո ոչ իշխանականները հայտարարեցին հարցը ՍԴ-ի քննարկման առարկա դարձնելու իրենց մտադրության մասին:

Հաստատելով  օրինաչափությունը

5-րդ գումարման Ազգային ժողովի` փետրվարի 3-ին մեկնարկող 5-րդ նստաշրջանից առաջ խորհրդարանական 12 մշտական հանձնաժողովներից 11-ը, բացի Եվրաինտեգրման հանձնաժողովից, նիստեր հրավիրեցին: Բոլոր նիստերն ընթացան նույն սցենարով. դրական եզրակացություն տրվեց կառավարության բոլոր նախագծերին, իսկ պատգամավորների գրեթե բոլոր նախագծերի քննարկումը հետաձգվեց: Եղան նաև արդեն օրինաչափ դարձող բացառություններ. տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը, օրինակ, դրական եզրակացություն տվեց ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանի երկու նախագծերին:

Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում գրանցված բացառությունը հազիվ թե օրինաչություն դառնա: Կառավարությունը դրական եզրակացություն չի տվել ՀՀԿ-ականների նախաձեռնությամբ ու բոլոր խմբակցությունների մասնակցությամբ գրված օրինագծին, որով սահմանվում են գլխավոր դատախազի` ԱԺ-ում հաղորդում ներկայացնելու ժամկետներն ու մեխանիզմները: Գործադիրը մնաց անդրդվելի ու հանձնաժողովին որևէ փոխզիջումային տարբերակ չառաջարկեց: Օրեսնդրական փաթեթը, հանձնաժողովի դրական եզրակացությամբ ընդգրկվեց նստաշրջանի և քառօրյայի օրակարգ, և, դրա շուրջ նիստերի դահլիճում հետաքրքիր քննարկում է սպասվում:

ՀԳ. Փետրվարի 1-ին հայտնի դարձավ, որ «Ժառանգություն» խմբացության քարտուղար Թևան Պողոսյանը հրաժարվել է պատգամավորական մանդատը վայր դնելու մտադրությունից: Այդ մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում թողած  գրառումով (նույն կերպ էր փոխանցվել նաև  մանդատից հրաժարվելու մտադրությունը ): Թևան Պողոսյանը նշել է, որ ԱԺ նախագահին  հանձնած գրությամբ հետ է վերցրել պատգամավորական մանդատը վայր դնելու մասին դիմումը: Ֆեյսբուքյան գրառման մեջ պատգամավորն իր որոշումն այսպես է հիմնավորել. «Շուրջ մեկ ամիս ծանրութեթև եմ արել ու հավասարակշռության նժարին դրել ԱԺ-ից հեռանալու իմ պատճառներն ու այն հետևանքները, որ կարող է ունենալ որոշումս՝ առաջին հերթին «Ժառանգություն» խմբակցության համար: Պատասխանատվության զգացումս էապես գերակշռում է: Ես մնում եմ ու կաշխատեմ կրկնակի եռանդով, արդեն նաև նոր տրամադրվածությամբ»:

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները