Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Մեկնարկը ՝ գազի հարցով

Մեկնարկը ՝ գազի հարցով

5-րդ գումարման Ազգային ժողովի 5-րդ, գարնանային նստաշրջանի առաջին օրվա մեծ մասը խորհրդարանը քննարկեց մի հարց, որի «ակունքները» նախորդ նստաշրջանում էին. ՀՅԴ, ՀԱԿ, ԲՀԿ և «Ժառանգություն» խմբակցություններն առաջարկում են ստեղծել ժամանակավոր հանձնաժողով, որը կուսումնասիրի գազամատակարարման ոլորտում 2011 թվականից կուտակված պետական պարտքի և գազի գնի ձևավորման հարցերը: Որոշման նախագիծը ԱԺ օրակարգ մտավ պատգամավորների 1/3-ի` 49 ստորագրություններով` որպես պարտադիր և ըստ անհրաժեշտության քննարկվող հարց:

2011 թվականից սկսած Հայաստան ներկրվող գազը թանկացել է 5 անգամ` 1000 խմ-ի դիմաց 189 դոլարից հասնելով 278 դոլարի: Այս թանկացումներից միայն երկուսի մասին է բնակչությունը տեղեկացվել. առաջինի` 2011-ի առաջին եռամսյակում, և վերջինի`2013-ի մայիսին: Թանկացումների շուրջ Հայաստանի իշխանությունը բանակցել է ԳԱԶՊՐՈՄ-ի հետ, բայց առանց արդյունքները հրապարակայնացնելու: Չի լուսաբանվել նաև ՀԱՅ ՌՈՒՍԳԱԶԱՐԴԻ 20%-ի բաժնեմասի վաճառքի գնի` 63.3 մլրդ դրամի ձևավորման հարցը: ՀԱԿ անդամ և հարցի հիմնական զեկուցող Արամ Մանուկյանի կարծիքով` այս հարցերի պատասխանները կարելի է գտնել` ցրելով գազային համաձայանգրերի շուրջ ձևավորված խորհրդավոր մթնոլորտը: Դրա համար նրանք առանձնացրել են երկու հիմնական նպատակ. գտնել 300 մլն դոլար պետական պարտքի ձևավորման պատճառները և բացահայտել, թե ինչպես են ձևավորվում սահմանին ներկրվող և սպառողին տրվող գազի մեծածախ և փոքրածախ գները: Կատարված աշխատանքը եզրակացության տեսքով հանձնաժողովը 3 ամսվա ընթացքում պետք է ներկայացնի Ազգային ժողովին:

Անկե՞ղծ էր Հովիկ Աբրահամյանը

Այն, որ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցը ոչ իշխանական խմբակցությունները քառօրյայի օրակարգ ընդգրկեցին 49 պատգամավորի ստորագրություն հավաքելով, վկայում է մեկ բան. խորհրդարանական մեծամասնությանը նրանք չեն վստահում կամ վստահ են, որ եթե հարցը քննարկվեր գլխադասային հանձնաժողովում, դրական եզրակացության չէր արժանանա: Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովից հետո, դեռևս նախորդ գումարման ընթացքում, Ազգային ժողովում ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու ընդդիմության ոչ մի նախաձեռնություն դրական ավարտ չի ունեցել: Այս արձանագրումը բավական էր` հասկանալու համար` արդյոք անկե՞ղծ էր ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, երբ ոչ իշխանական ուժերին գրեթե հանդիմանում էր` հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությանը ՀՀԿ-ին և ՕԵԿ-ին մասնակից չդարձնելու համար: Նրա դիրքորոշումը ակնհայտ էր. եթե նախագծի մշակման ընթացքին մեծամասնության կարծիքն ու դիտարկումները չեք ուզել լսել, քվեարկության ժամանակ մեր աջակցությունը մի ակնկալեք: ԱԺ նախագահը խոստացավ, որ իրենք ևս անդրադառնալու են գազային համաձայանգրերին, բայց նշեց` եթե խախտումներ, սխալներ կան: Թեպետ առնվազն տարակուսանք է առաջացնում մեծամասնության նման մտադրությունը, երբ միաձայն ու ամեն գնով կողմ քվեարկեց դրանց վավերացմանը:


ՕԵԿ-ի շուրթերով

Հովիկ Աբրահամյանի ասած անդրադարձը հավանաբար կլինի այնպես, ինչի մասին խմբակցությունների ելույթների ժամանակ ակնարկեց ՕԵԿ ներկայացուցիչ Մհեր Շահգելդյանը: Նա ասաց, թե խնդրի քննարկմանը իրենք դեմ չեն, բայց դեմ են ժամանակավոր հանձնաժողով ստեղծելուն, քանի որ կան հարցի քննարկման այլ մեխանիզմներ, ինչպիսիք են հարցապնդումը, լսումները և, վերջապես, ԱԺ նախագահին կից քննարկման խմբի ստեղծումը:

ՀՀԿ-ի` նախագծի ընդունմանը դեմ լինելու մասին հայտարարեց ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը: Նա խորհուրդ տվեց հանձնաժողով ստեղծելու փոխարեն հարցերն ուղղել հանրային ծառայությունները կարգավորող հանձնժողովի նախագահին, ով հաջորդիվ ԱԺ ամբիոնից պետք է ներկայացներ հանձնաժողովի` 2014 թվականի գործունեության ծրագիրը:

ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը» սպառնում են

ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը» պատրաստ էին որոշման նախագիծը քննարկել ՀՀԿ-ի հետ, Արամ Մանուկյանը նույնիսկ առաջարկեց` ուզում եք, թող ՀՀԿ-ականների թիվը հանձաժողովում ավելացվի: Բայց նրանց խոսքում նաև սպառնալիքներ հնչեցին: Մասնավորապես. Մանուկյանը ակնարկեց. «Մեր կոնստրուկտիվիզմը կարող է այսքանով ավարտվել»: Լևոն Զուրաբյանը խոսեց կառավարությանը անվստահություն հայտնելու հնարավորության մասին: Ռուբեն Հակոբյանը չբացառեց, որ եթե իշխանությունը շարունակի չգիտակցել իրավիճակի լրջությունը, 4 խմբակցությունները կարող են իրենց վրա վերցնել պատասխանատվությունը և արտախորհրդարանական ուժերի հետ միասին քաղաքական լայն օրակարգ ձևավորել:

ՀՅԴ-ն խորհրդարանական մեծամասնությանը հիշեցրեց, որ գազի մատակարարման հանձնաժողով ստեղծելու առաջարկ իրենք դեռ 2010 թվականին են ներկայացրել, որը, սակայն չի ընդունվել. Արմեն Ռուստամյանն ասաց` ընդունվեր, այսօր իրավիճակը այլ կլիներ: ԲՀԿ խմբակցուրթյան քարտուղար Նաիրա Զոհրաբյանն էլ ՕԵԿ-ական Մհեր Շահգելդյանին խորհուրդ տվեց իրենց խորհուրդ չտալ, թե ինչպիսի գործունեություն ծավալեն. եթե ուզում են ստանալ հնչեցրած հարցերի պատասխանները, ուրեմն, մեխանիզմները էական չեն, թող կողմ քվեարկեն հանձնաժողովի ստեղծմանը:

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները