Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Պատկերացումը, թե ընդդիմության խոսքը պետք է անցնի, թյուր մոտեցում է. Դ. Հարությունյան

Պատկերացումը, թե ընդդիմության խոսքը պետք է անցնի, թյուր մոտեցում է. Դ. Հարությունյան
Հարցազրույց ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԵԽԽՎ-ում Հայաստանի ԱԺ պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանի հետ:

-4-րդ գումարման Ազգային Ժողովը փոփոխություններ կատարեց ԱԺ-ի կանոնակարգ օրենքում` ընդդիմության դերակատարումը խորհրդարանում մեծացնելու համար: 5-րդ գումարման Ազգային Ժողովը արդեն չորս քառօրյա է անցկացրել, ու դրանց ընթացքում բավական բուռն քննարկումներ են եղել. Ձեր դիտարկումներով` մեծացե՞լ է ընդդիմության դերակատարումը խորհրդարանում: 
-Նայած ով ինչ է հասկանում` ընդդիմության դերակատարման մեծացում ասելով: Շատերը կարծում են, որ եթե ասում ենք ընդդդիմության դերակատարումը խորհրդարանում մեծացել է, դա նշանակում է, թե ընդդիմության խոսքը պետք է անցնի: Սա թյուր մոտեցում է, եւ խորհրդարանները դրա համար չեն: Խորհրդարանում որոշում կայացնողը, այնուամենայնիվ, մեծամասնությունն է և ոչ թե փոքրամասնությունը:

-Այսինքն, ԱԺ կանոնակարգի փոփոխությունները ինքնանպատա՞կ էին: 
-Ամենևին: Երբ մենք ասում ենք, թե ընդդիմության դերակատարումը մեծացել է, իրականում հասկանում ենք մեկ բան. ընդդիմությունը հնարավորություն է ստացել  լայնորեն ներկայացնել իր տեսակետները, ինչը հող է ձևավորում հաջորդ ընտրություններում ավելի հաջող հանդես գալու համար:

-Ստացվում է, որ իշխանությունը ընդդիմության` հաջորդ ընտրություններին պատրաստվելու հնարավորությո՞ւնն է մեծացրել:
-Ոչ ոք չի կարող հերքել, որ խորհրդարանում հայտնված ընդդիմադիր ուժերը արտախորհրդարանական ուժերի համեմատ առավելություն ունեն, ու այդ առավելությունը մեծանում է նաև ԱԺ կանոնակարգով սահմանված այս արտոնությունները օգտագործելով: Խորհրդարանում ընդդիմությունը հնարավորություն ունի հանրությանը ներկայացելու իր դիրքորոշումը, իշխանություններին ուղղված քննադատությունը, երկիրը ավելի լավ կառավարելու իր պատկերացումները: Այսօր խորհրդարանական ընդդիմությունը իսկապես օգտվում է իր այս հնարավորությունից, ինչով էլ այս Ազգային Ժողովը տարբերվում է նախորդից:

-Բայց միևնույն է,  ընդդիմությունը խորհրդարանում որոշումների ընդունման վրա որևէ ազդեցություն չի ունենում:
-Չեմ պատկերացնում, թե ինչպես պետք է խորհրդարանական ընդդիմությունը կարողանար էական ազդեցություն ունենալ  որոշումների ընդունման վրա, եթե կա մեծամասնություն, որը ստանձնել է պատասխանատվություն: Եթե Դուք ընտանիքում ստանձնել եք պատասխանատվություն, իսկ այս դեպքում էական չէ` պատասխանատվությունը ընտանիքի թե պետության համար է, շատ դժվար է պատկերացնել, որ Դուք կզիջեք որոշումներ կայացնելու հնարավորությունը ուրիշին` պահպանելով Ձեր պատասխանատվությունը:  Բոլոր նրանք, ովքեր այսպես են մեկնաբանում ընդդիմության դերակատարման մեծացումը, նրանք դիտավորյալ կեղծում են իրականությունը` փորձելով ներկայացնել պառլմենտարիզմի անհեթեթ մոդել, որը չկա, կամ էլ նրանք իրականում բավարար կրթված չեն քաղաքագիտական առումով, որպեսզի հասկանան իրենց սխալը:

-Պարոն Հարությունյան, այս խորհրդարանի` ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության կազմում ընդդիմադիրների թիվը ավելացել է 8 հոգանոց պատվիրակությունում միայն 3-ն են իշխանությունից` ՀՀԿ-ից, կա 2 ԲՀԿ-ական, 1 ՀՅԴ, 1 ՀԱԿ, 1 «Ժառանգություն»:  Ձեր աշխատանքը, որպես պատվիրակության ղեկավար, սրանից չի՞ դժվարացել:  
-ՀՀԿ-ն, ունենալով խորհրդարանում մեծամասնություն, կարող էր միայն իր կոալիցիոն գործընկերոջ` ՕԵԿ-ի հետ միասին մեծամասնություն ունենալ ԵԽԽՎ պատվիրակության հիմնական կազմում: Բայց հարցը քննարկելուց հետո ԱԺ նախագահը որոշեց, որ պետք է պատվիրակությունում քաղաքական ուժերի ավելի մեծ ներկայացվածություն լինի: Ինչ վերաբերում է ընդդիմության այսպիսի ներկայացվածությանը, ասեմ, որ այն որոշ առումով, իհարկե, դժվարացնելու է աշխատանքը` իշխանության պաշտպանած գիծը ԵԽԽՎ-ում առաջ տանելու հարցում, բայց ես համոզված եմ, որ ընդունված որոշումը ճիշտ է:  Ուրիշ դժվարություն չկա. ես` որպես պատվիրակության ղեկավար, պատվիրակության անդամների գործունեությունը «վերահսկելու» խնդիր չունեմ: Մենք երբևէ չենք թելադրել, թե ով ինչ պիտի ասի կամ ինչի վերաբերյալ, և երբեք չենք ստացել գործադրի պատրաստի ելույթներ, որ այնտեղ ընթերցենք:

Քվեարկության պատմություն

Անուն Խմբակցություն Կողմ Դեմ Ձեռնապահ Չի քվեարկել Բացակա Հարցեր Ելույթներ
0 0
Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները