Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Ի՞նչ է թաքնված ԱԺ կանոնակարգում փոփոխություններ առաջարկող օրինագծում

Ի՞նչ է թաքնված ԱԺ կանոնակարգում փոփոխություններ առաջարկող  օրինագծում

Սպասվում էր, որ ԱԺ կանոնակարգում և «Դատախազության մասին» օրենքում փոփոխություններ առաջարկող փաթեթի քննարկումը ԱԺ լիագումար նիստում բուռն կլինի, բայց այն բավական կարճ տևեց, ընթացավ առանց բանավեճի և հատուկենտ պատգամավորների ներկայությամբ:

Մինչդեռ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի հունվարի 22-ին նիստում օրինագծի քննարկումը բավական թեժ էր. նիստի ընթացքում պատգամավորներն ու արդարադատության փոխնախարար Գրիգոր Մուրադյանը մի քանի անգամ վիրավորեցին իրար, միմյանց սահմանադրական դասեր տվեցին, փոխնախարարը պատգամավորների քննադատությունը համարեց «քամու տատանում», իսկ հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը հայտարարեց, թե «կառավարության ներկայացուցչի վերաբերմունքն ԱԺ-ի նկատմամբ արհամարհական է, ուսուցողական, ոճը՝ մեթոդական, և կառավարությունը պետք է որոշի, թե ում ուղարկում ԱԺ»:

Նիստերի դահլիճում փաթեթի քննարկումն անցավ կառավարություն-ԱԺ լիակատար փոխըմբռնման պայմաններում. անգամ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն իր տեղակալի հայտարարությունների համար խորհրդարանից երկու անգամ ներողություն խնդրեց:

Ի՞նչ է առաջարկվում 

Փոփոխություններն առաջարկում են հստակեցնել գլխավոր դատախազի՝ խորհրդարանին հաղորդում ներկայացնելու կարգը: Գործող օրենսդրությունն այդ հնարավորթւունը թեև նախատեսում է , բայց չի հստակեցնում, թե ինչպես պետք է ներկայացվի հաղորդումը: Նախագիծը հեղինակել են խորհրդարանական բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները` ՀՀԿ-ից Դավիթ Հարությունյանը և Գալուստ Սահակյանը, ԲՀԿ-ից Նաիրա Զոհրաբյանը, ՕԵԿ-ից Հովհաննես Մարգարյանը, ՀԱԿ-ից Արամ Մանուկյանը, ՀՅԴ-ից Աղվան Վարդանյանը, «Ժառանգությունից» Զարուհի Փոստանջյանը և անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Այսինքն, նախագիծն ունի խորհրդարանի բոլոր քաղաքական ուժերի համաձայնությունը, ինչը գրեթե աննախադեպ երևույթ է:

Փոխարենը նախագիծն արժանացել էր գործադիրի ոչ միանշանակ վերաբերմունքին: Հանձնաժողովի նիստում արդարադատության փոխնախարար Գրիգոր Մուրադյանը, ներկայացնելով կառավարության տեսակետը, նշում էր, որ գլխավոր դատախազությունը չի կարող այլ կառույցների նման հաղորդում ներկայացնել, քանի որ այն գործադիրի մաս, նաև քաղաքական մարմին չէ: Պատգամավորները հակադարձում էին, թե գլխավոր դատախազությունն արդարադատությանն աջակցող մարմին է, իսկ գլխավոր դատախազը նշանակվում է խորհրդարանի կողմից, և այդ պատճառով էլ ամեն տարի պետք է հաղորդում ներկայացնի ԱԺ և պատասխանի պատգամավորների հարցերին:

Ինչո՞ւ փոշմանեց Գևորգ Կոստանյանը

Աշնանը՝ գլխավոր դատախազի պաշտոնում Գևորգ Կոստանյանի թեկնածության քննարկման ժամանակ, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը բարձրացրեց հաղորդման հարցը: «Պարբերաբար մեր գործընկերները հարց են ուղղում ինձ, թե ինչու է դատախազը դա իրականացնում գրավոր: Կանոնակարգ օրենքը չի հստակեցնում, որ հաղորդումը պետք է նիստի ընթացքում ներկայացվի: Եթե ԱԺ-ն քվեարկության արդյունքում, Ձեզ նշանակի ՀՀ գլխավոր դատախազ, ձեր դիրքորոշումն ինչպիսի՞ն կլինի այդ հարցում»,- հարցրեց նա:

Գ.Կոստանյանն իր թեկնածության քննարկման ժամանակ դրական պատասխան տվեց ԱԺ նախագահին, սակայն օրինագծի վերաբերյալ արդեն բացասական եզրակացություն ներկայացրեց կառավարությանը: Իսկ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի աղմկոտ նիստից հետո հաղորդագրություն տարածվեց, որում մասնավորապես նշվում էր. «Նախագծում առկա են համակողմանի քննարկման կարիք ունեցող էական և սկզբունքային մի շարք հարցադրումներ, որոնք առնչվում են սահմադրականության համապատասխանության, նախաքննության գաղտնիքի պահպանման, կոնկրետ քրեական գործերի հրապարակային քննարկմամբ դատավարության կողմերի օրինական շահերի և իրավունքների պաշտպանության և հաշվետվության ներկայացման ժամկետների խնդիրներին»:

Գլխավոր դատախազությունը նաև նշել էր, որ «անհասկանալի է, թե պետաիրավական հանձնաժողովն ինչ նպատակով է հարակից զեկուցմամբ հանդես գալու, այդ զեկույցում ինչ հարցեր են քննարկվելու: Բանն այն է, որ ՀՀ գլխավոր դատախազի հաղորդումը ՀՀ Նախագահին և ՀՀ Ազգային ժողով ներկայացնելու պահից դառնում է վերջնական փաստաթուղթ, որի մեջ որևէ փոփոխություն չի կարող կատարվել, ուստի անհասկանալի է, թե պետաիրավական հանձնաժողովն ինչ տեսանկյունից պետք է քննարկման առարկա դարձնի ավարտուն փաստաթուղթը»: Այսինքն, Գ.Կոստանյանը կողմ է, որ հաղորդում ներկայացվի ԱԺ և ամբիոնից պատասխան տրվի պատգամավորների հարցերին, բայց դեմ է, որ որպես գլխադասային հանդես գա պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը:

Ո՞րն է ինտրիգը

Նախորդ երկու շաբաթների ընթացքում կառավարություն-գլխավոր դատախազություն-խորհրդարան բանակցությունների արդյունքում որոշվել է, որ հաղորդումը կներկայացվի ԱԺ, կքննարկվի նիստերի դահլիճում, բայց ՝ առանց գլխադասային հանձնաժողովի. այն կուղարկվի ԱԺ մշտական բոլոր հանձնաժողովներին: Հենց այս փոփոխությունն էլ կատարվել է օրինագծում: «Ես չեմ հասկանում, թե տեղական ինքնակառավարման հարցերով մշտական հանձնաժողովն ի՞նչ պետք է անի Գլխավոր դատախզության հաղորդման դեպքում»,- այսօր նախագծի քննարկման ժամանակ տարակուսեց ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը:

«Ինձ հետաքրքիր է, թե նախագծի հեղինակներն իրենք համաձա՞յն են այս տարբերակի հետ»,- իր հերթին զարմացավ ՀՀԿ խմբակցության անդամ Լևոն Մարտիրոսյանը: Փաստորեն, այսօր լիագումարին քննարկվում էր ոչ թե այն նախագիծը, որը հունվարի 22-ին դրական եզրակացություն էր ստացել պետաիրավական հանձնաժողովի կողմից, այլ՝ դրա փոփոխված տարբերակը, որը քննարկվել է ոչ թե հանձնաժողովում, այլ, ինչպես հետո պարզվեց, Հ.Աբրահամյանի աշխատասենյակում: Իսկ հանձնաժողովի նիստում Գ.Մուրադյանի ներկայացրած քաղաքական կամ սահմանադրական դիտարկումների մասին ԱԺ նիստի ժամանակ որևէ հիշատակում չարվեց: Տպավորություն էր, թե Սահմանադրության հետ խնդիր ունեցող միակ հարցը գլխադասային հանձնաժողովն է, որից էլ հրաժարվեցին:


Մյուս ինտրիգները

Օրինագծի քննարկմանը ներկա չէր առաջարկի հեղինակ Դ.Հարությունյանը, ներկա չէին նաև համահեղինակներ Գ.Սահակյանը, Ն. Զոհրաբյանը և Է.Մարուքյանը: Տպավորությունն այնպիսին էր, որ հեղինակները բոյկոտում են իրենց իսկ կողմից ներկայացված օրինագծի քննարկումը:

Օրինագծում կատարված երկրորդ փոփոխությունը վերաբերում է հաղորդումը ներկայացնելու ժամկետներին. դատախազությունն առաջարկել է փաստաթուղթի ներկայացման վերջնաժամկետ նշել յուրաքանչյուր տարվա ապրիլի 1-ը:

Ըստ նախագծի՝ գլխավոր դատախազը յուրաքանչյուր տարի հանրապետության նախագահին և Ազգային ժողով է ներկայացնելու է հաղորդում ՀՀ դատախազության նախորդ տարվա գործունեության մասին: ԱԺ նախագահը հաղորդումը ստանալուց հետո՝ երկօրյա ժամկետում, այն ուղարկելու է մշտական հանձնաժողովներ եւ մեկամսյա ժամկետում ընդգրկելու ԱԺ քառօրյա նիստերի օրակարգ:
Նիստի ժամանակ գլխավոր դատախազը հանդես է գալու մինչեւ մեկ ժամ տեւողությամբ զեկույցով, պատասխանելու է պատգամավորների հարցերին, լսելու է նրանց ելույթները: Խորհրդարանը հաղորդումն ընդունելու է ի գիտություն :

Նախագծի առաջին ընթերցմամբ քվեարկությունը տեղի կունենա հաջորդ քառօրյայի ընթացքում` փետրվարի 24-27-ը: Չի բացառվում, որ ապրիլի 1-ից հետո Գ.Կոստանյանն իր առաջին հաղորդումը ներկայացնի ԱԺ:

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները