Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Երբ ուժն է ծնում իրավունքը

Երբ ուժն է ծնում իրավունքը

Կամ ամեն ինչ չէ որոշվում քվեարկությամբ

Իշխանության եւ հասարակության միջեւ բեւեռացումն ԱԺ գարնանային նստաշրջանի մեկնարկով եւս մի քանի քայլով խորացավ։ Խորհրդարանական քննարկումները, ըստ էության, վերածվեցին ուժի ցուցադրության։ Ոչ իշխանական ուժերն իրենց ուժը ցուցադրեցին ամբիոնի մոտ, մեծամասնությունը՝ քվեարկությամբ։ Ով հաղթեց՝ հասկանալի էր, սակայն պարտվողը հասարակությունն էր, որը եւս մեկ անգամ հստակ հասկացավ՝ խորհրդարանը չի կարող հասարակակն երկխոսության հարթակ լինել:


Նստաշրջանի մեկնարկին հաշվիչ հանձնաժողովի ձեւավորումը հստակ ցույց տվեց, որ երկխոսություն Հայաստանում չի կարող լինել։ Այս հանձնաժողովը, էթիկայի հանձնաժողովի կազմավորման կարգը փոխելուց հետո խորհրդարանի թերևս միակ մարմինն էր, որտեղ իշխանությունը մեծամասնություն չուներ։ Գազային պայմանագրերի քվեարկությունից հետո, երբ միայն հաշվիչ հանձնաժողովի նախագահն էր մնացել ձեռքով քվեարկությունը արձանագրելու համար, պարզ էր, որ իշխանությունը կփոխի նաեւ այս հանձնաժողովի ձեւավորման կարգը։ Ընդ որում՝ «որտեղ խնդիր, այնտեղ ուժ» գործելաոճը իշխանության համար դարձել է այնքան կանխատեսելի վարքագիծ, որ անգամ տրամաբանական բացատրությունը, թե հաշվիչ հանձնաժողովը չի կարող քվեարկության արդյունք որոշել, արդեն դառնում է անկարեւոր։

Տրամաբանական այս բացատրությունն արդեն ամբողջովին մոռացվեց, երբ սկսվեցին «գազային» ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման շուրջ քննարկումները։ Այստեղ ընդդիմությունն ամբիոնի մոտ գրեթե անպարտելի էր։ Իշխանության հայտարարությունները, որոնք շրջանցում էին ոչ իշխանական ուժերի հստակ եւ պատասխանի կարոտ հարցերը, իշխանության՝ «դարի գործարքի» մութ կետերն ավելի մգացնելու ջանքերը պետք է քվեարկությամբ հաջողությամբ ավարտեին։ Ու ՀԱԿ- ից Արամ Մանուկյանի այն սպառնալիքը՝ եթե առաջարկը մերժվի, ապա կառուցողականությունը կավարտվի եւ հասարակությունն իրեն հետաքրքրող հարցերը կստանան հրապարակներում, լոկ խորհրդարանական հնարք է, քանի որ, եթե հրապարակներում հասարակությունը պատասխաններ փնտրի, ապա դա կանի արդեն առանց քաղաքական ներկա ուժերի։

Գուցե առաջինը նման հավանականությունը հասկացավ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, որը առաջարկը մերժելուց ընդամենը մեկ օր հետո հայտարարեց ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հնարավորության մասին, սակայն արդեն ուրբաթ օրը կոալիցիոն պատգամավորների այս հարցի շուրջ տարբեր հայտարարությունները ցույց տվեցին, որ ԱԺ նախագահը միայն սեփական կարծիքն էր հայտնում։ Կամ ավելի ճիշտ՝ հասարակական ընդվզման հավանականությունը իշխանության մեջ միայն նա է պատկերացնում։

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները