Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Խորհրդարանական դիվանագիտությունը՝ սեպտեմբերի 3-ից հետո

Խորհրդարանական դիվանագիտությունը՝ սեպտեմբերի 3-ից հետո

ԵԽԽՎ պատվիրակության նման ու տարբեր

Դեռ Ստրասբուրգից չժամանած` արդեն հայտնի էր, որ ԵՄ-Հայաստան խորհրդարանական պատվիրակության կազմում տարաձայնություններ կան: Տարաձայնությունները ՀՀԿ-ական, պատվիրակության ղեկավար Սամվել Ֆարմանյանի և պատվիրակության ոչ իշխանական ուժերի ներկայացուցիչների միջև էին: ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության կազմում էլ է հաճախ այդպես լինում, ու որպես հետևանք տարաձայնությունների, Ստրասբուրգից վերադարձած պատվիրակության միայն իշխանական անդամներն են ասուլիս հրավիրում. ոչ իշխանականները նախընտրում են լրագրողների հետ շփվել առանձին: ԵՄ-Հայաստան պատվիրակությունը սակայն ասուլիսի էր եկել գրեթե ողջ կազմով, ու ի տարբերություն ԵԽԽՎ-ականների` նրանք չուզեցին խուսափել մամուլի առջև միմյանց հակաճառելուց ու հանդիմանելուց:

Ինչո՞ւ հայտարարություն չընդունվեց

Փետրվարի 5-6-ը Ստրասբուրգում տեղի ունեցած ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նիստը 14-րդն էր: Այն, սակայն, առաջինն էր` որևէ փաստաթուղթ չընդունելու առումով: Դրա պատճառը, ըստ պատվիրակության ԲՀԿ, ՀՅԴ, ՀԱԿ անդամների բնորոշման` պատվիրակության ղեկավար Սամվել Ֆարմանյանի միանձնյա գործունեությունն էր, իսկ ըստ Ֆարմանյանի` պատճառը հայտարարության այն տեքստն էր, որն առաջարկել էր իր եվրոպացի գործընկերը:

Հայտարարության մեջ անդրադարձ է եղել ԵՄ-Հայաստան, Հայաստան-Թուրքիա հարաբերություններին և ԼՂՀ խնդրի կարգավորմանը: Առաջին երկու հարցերի շուրջ կողմերը կարողացել են համաձայնության գալ, երրորդի` ԼՂՀ կարգավորման հարցում փոխհամաձայնություն չի եղել: Ըստ Ֆարմանյանի` Ղարաբաղին վերաբերող ձևակերպումները կոշտ էին, կտրված իրականությունից, և եթե ընդունվեին, կարող էին տարընթերցումների առիթ դառնալ:

Պատվիրակության ՀՅԴ անդամ Աղվան Վարդանյանի կարծիքով` հայտարարության շուրջ պետք էր աշխատել, տարբերակներ քննարկել ու ընդհանուր եզրակացության գալ: Դա կհաստատեր, որ  Հայաստանի համար իսկապես կարևոր է համագործակցությունը Եվրամիության հետ, չնայած երկիրը հայտարարել է դեպի Մաքսային միություն գնալու մասին:

Նիկոլ Փաշինյանի դիտարկմամբ` երկու կողմերն էլ` և հայկական, և եվրոպական, շատ ջանք չեն թափել հայտարարությունն ընդունելու համար: Ըստ նրա` Հայաստանը, եթե ընդուներ, հետո պիտի բացատրություններ տար Ռուսաստանին, իսկ եվրոպական կողմը, հայտարարությունը չընդունելով, հայկական կողմին ցույց տվեց, որ մեզ էլ, ինչպես Ադրբեջանին, չի հաջողվում համատեղ հայտարարություն ընդունել ԵՄ-ի հետ:


Ո՞վ է ուղղորդում խորհրդարանական դիվանագիտությունը

Կարելի է ենթադրել, որ միջազգային խորհրդարանական կառույցներում որևէ փաստաթղթի շուրջ դիրքորոշում արտահայտելիս մեր պատվիրակությունները խորհրդակցում են մեր երկրի արտաքին գերատեսչության ղեկավարության ու երկրի նախագահի հետ: Դժվար չէ նաև կռահել, որ սեպտեմբերի 3-ից հետո, երբ հայտարարվեց Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության մասին, այդ խորհրդակցությունները շատ ավելի իմպերատիվ երանգներ պիտի պարունակեն` դրսում երկրի որդեգրած ուղուց շեղումներ թույլ չտալու համար: Իսկ ուր մնաց խորհրդարանական դիվանագիտությունը. եթե ճիշտ է Նիկոլ Փաշինյանը, ապա կարող ենք առանց ավելորդ մտահոգության արձանագրել, որ այս դիվանագիտությանը ոչինչ առայժմ չի սպառնում: Ըստ Փաշինյանի, մինչ իրենք Ստրասբուրգում էին ու կարծում էին, թե բանակցում են եվրոպացի պատվիրակների հետ, պատվիրակության ղեկավար Սամվել Ֆարմանյանը Ստրասբուրգից Երեւան բանակցում էր արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի ու ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ: Ֆարմանյանն էլ չհերքեց: Ասաց. «Այո, բանակցել եմ, ու տարօրինակ կլիներ, եթե որպես մեծամասնության ներկայացուցիչ ու պատվիրակության ղեկավար չբանակցեի իմ գործընկերների հետ»: Այն, ինչ Ֆարմանյանը համարում էր բանակցել, ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի հայաստանյան պատվիրակության ընդդիմադիր անդամները համարում են ուղղորդում:

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները